Կառավարությունը ներկայացրել է ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի ընթացքը
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Եվրոպական Միության հետ ՀՀ համագործակցության ազգային խորհրդի նիստ:
Կառավարության կայքէջը տեղեկացնում է, որ խորհրդին ներկայացվել է Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը, որն արժանացել է հավանության։Վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջարկել է խորհրդում քննարկել ընդհանրական համագործակցության գաղափարախոսությունը եւ համագործակցության ծրագրի ներքո իրականացվելիք գործողությունները։ Նա ընդգծել է, որ հանձնարարված է բոլոր գերատեսչություններին` իրենց ոլորտների գծով ներկայացնել համագործակցության գործողությունների ծրագրեր, որոնք ամփոփվելուց եւ ազգային խորհրդի հավանությանն արժանանալուց հետո, կներկայացվեն ՀՀ կառավարության քննարկմանը։
Խորհուրդը հավանություն է տվել նաեւ Եվրոպական հարեւանության եւ գործընկերության գործիքի (ԵՀԳԳ) ներքո իրականացվող` Թվինինգ, Թայեքս, Սիգմա եւ Անդրսահմանային համագործակցության ծրագրերի ընթացքին եւ Բյուջետային աջակցության ծրագրին։
Նիստում խորհուրդը փոփոխություններ եւ լրացումներ է կատարել ՀՀ կառավարության թիվ 1282-Ն որոշման մեջ, ըստ որի, վերնագիրը շարադրվել է նոր խմբագրմամբ` «ԵՀՔ շրջանակներում ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրով նախատեսված 2009-2011թթ. իրականացվելիք գերակա խնդիրների եւ առաջնահերթ միջոցառումների իրականացման նպատակով ԵՄ-ի հետ ՀՀ համագործակցության ազգային խորհուրդ եւ ԵՄ-ի հետ ՀՀ համագործակցությունը համակարգող հանձնաժողով ստեղծելու, դրանց կանոնադրություններն ու կազմերը հաստատելու մասին» ։
Համապատասխան փոփոխություններ են կատարվել ազգային խորհրդի կանոնադրության մեջ։
Նիստում առաջարկվել է ազգային խորհրդի կազմում եւս փոփոխություն կատարել` ընդգրկելով մի շարք հասարակական կազմակերպությունների, որոնք հրավիրված էին նիստին։ Վերջիններս, առաջարկը քննարկելուց եւ իրենց համաձայնությունը գրավոր ներկայացնելուց հետո, կընդգրկվեն խորհրդի կազմում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել