«Օրենքով գողերի» «որսը» շարունակվում է
Երեկ` ժամը 18.00-ի սահմաններում, քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները, թմրամիջոցներ պահելու կասկածանքով, Երեւան քաղաքի Մոսկովյան անցուղու թիվ 6 շենքի մոտից բերման են ենթարկել հանցավոր աշխարհում «օրենքով գողի» համարում ունեցող 29-ամյա ՌԴ քաղաքացի Նորայր Փ.-ին` «Կոնչո» մականունով: «Նրա մոտ անձնական զննությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է մոտ 1 գ կշռով մուգ շագանակագույն զանգված: Փորձաքննության եզրակացության համաձայն` այն 1 գ կշռով ափիոն տեսակի թմրամիջոց է: Նորայր Փ.-ն ձերբակալված է»,- տեղեկացնում է ոստիկանության մամլո ծառայությունը:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հովհաննես Թամամյանը հայտարարեց, թե լուրջ պայքար է տարվելու, որպեսզի հասարակության մեջ «օրենքով գողեր» չլինեն: Վերջին 1,5 ամսվա ընթացքում ձերբակալվել են «օրենքով գողեր»` Արմեն Պ.-ն` (մականունը` «Արմենչիկ»), Ռոստոմ Խ.-ն` (մականունը` «Ռոստիկ»), Նորայր Փ.-ն` (մականունը` «Կոնչո») եւ նախկինում «օրենքով գող» Էդուարդ Ա.-ն (մականունը` «Շուրիկ»): Նրանց բոլորին էլ ոստիկանները ձերբակալել են թմրանյութ պահելու կասկածանքով, ինչը հետագայում, բնականաբար, հաստատվել է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել