HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ «Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանին

Արդեն ավելի քան երկու ամիս է, ինչ Նարեկ Հարթունյանը Ձեր միջոցով փորձում է ինձ ներքաշել հրապարակային վեճի մեջ:

Ինչպես Ձեզ հաղորդեցի մեր առաջին և միակ հեռախոսազրույցի ժամանակ, մենք՝ Ն. Հարթունյանը և ես, հանրային գործիչներ ենք, իսկ մեր վեճը մասնավոր բնույթ է կրում: Այդ վեճն այժմ դատարանի քննությանն է հանձնված, ընդ որում դատարան առաջինը դիմել են Հարթունյանները: Արդ, թող բարի լինեն սպասել այդ մարմինների որոշումներին և կայացրած վճիռներին:

Այստեղ ցանկանում եմ տեղյակ պահել Ձեզ, որ Հարթունյանների կողմից նշանակված առաջին փաստաբանը, ով Հանրապետության ամենաազդեցիկ իրավաբաններից է, համարյա հաջողել էր բանակցությունների միջոցով Հարթունյանների և իմ միջև ձեռք բերել ընդհանուր համաձայնություն, սակայն անհասկանալի պատճառներով 2010 թվականի դեկտեմբերին նրանք խզեցին այդ իրավաբանի հետ իրենց համաձայնագիրը և նախընտրեցին առաջնորդվել դատարաններին, իրավապահ մարմիններին և հանրությանը ապակողմնորոշելու ճանապարհով:

Դատական վերջին նիստում Ն. Հարթունյանի ներկայությամբ իր փաստաբանը միջնորդեց գործի քննությունը հետաձգել` հաշտության համաձայնության նպատակով բանակցություններ վարելու պատճառաբանությամբ, ինչին իմ փաստաբանը չի առարկել: Նիստը հետաձգվելուց հետո հաշտության բանակցություններ վարելու փոխարեն Նարեկը դրսևորեց տրամագծորեն հակառակ վարքագիծ`թերթում իր հրապարակումներով վեճը տեղափոխեց նոր հարթություն: Ինչպես սա կարելի է որակել, դատեք ինքներդ:

Փաստաբան Ն. Հակոբյանի «պատասխան»-ով մեր կողմը ընդամենը փորձում էր բացատրել Ձեր խմբագրությանը և Ձեր ընթերցողներին, որ հարկավոր է զոհ չգնալ ապատեղեկատվությանը և սպասել, որ յուրաքանչյուր կողմի ներկայացրած փաստերն ու փաստաթղթերը քննվեն համապատասխան մարմինների կողմից և դրանից հետո միայն հանրության համար պարզ կլինի, թե ով է ճիշտ, ով սխալ:

Բնականաբար մեղավոր և անմեղ բառերն այստեղ չեմ օգտագործում, քանի որ սխալից և մեղքից զերծ կողմ չի լինում: Լինում են օրենք և իրավունք խախտող կամ չխախտող կողմեր:

Պարոն Բաղդասարյան, մեր հեռախոսազրույցի ժամանակ մեր միջև տեղի ունեցավ մոտավորապես հետևյալ երկխոսությունը: Ես ասացի. «Մենք հանրային գործիչներ ենք, և հանրությանը այսպիսի տհաճ վեճի մասնակից դարձնելով, Դուք ընդամենը հիասթափություն եք առաջացնելու հայ հասարակության մեջ»: Դուք պատասխանեցիք. «Բայց  Նարեկն ինձ թղթեր է ցույց տվել, ես փաստեր ունեմ»: Ես պատասխանեցի. «Եթե ես բերեմ բոլոր փաստերը, Ձեզ ապացուցող իմ անմեղ և Հարթունյանների հանցավոր լինելը, Դուք խոստանո՞ւմ եք, որ զերծ կմնաք այդ նյութը հրապարակելուց»: Դուք պարկեշտորեն պատասխանեցիք. «Ո՛չ, ես անպայման հրապարակելու եմ Նարեկի ասածներն ու ներկայացրած նյութերը...»:

Արդ, ես Ձեզ նորից կոչ եմ ուղղում, այս անգամ արդեն հրապարակավ, մի՛ ապակողմնորոշվեք և մի՛ փորձեք ապակողմնորոշել հայ հանրությանը: Կոչ եմ անում նաև Նարեկացի Արվեստի Միության հետ համագործակցող արվեստի գործիչներին և մտավորականներին, սպասեցե՛ք իրավապահ մարմինների եզրակացություններին, թերևս համոզվեք, որ ամեն ինչ այնպես չէ, ինչպես Ձեզ է մատուցվում:

Պարո՛ն Բաղդասարյան, այսքանից հետո, եթե Հարթունյանները շարունակեն Ձեր միջոցով կանոնավոր և կազմակերպված ձևով արատավորել իմ անունը, ընդ որում` առանց խնայելու իմ ընտանիքի և հասարակական գործչի վարկը, և այդ բոլորը ամենաանմակարդակ բամբասանքի վրա հիմնված անստուգելի և անհիմն ասեկոսներով, ապա ես համոզվելու եմ, որ Դուք ընդամենը հետապնդում եք ինձ վարկաբեկելու նպատակ: Իսկ դա շատ զարմանալի կլինի, քանի որ մեր Միության տարած ամենաթեժ պայքարներում Ձեր լրատվամիջոցը եղել է մեր ամենահետևողական աջակիցներից մեկը:

Եվ վերջում մի փոքր ակնարկ Հարթունյաններին. Ձեր մեծահարուստի սովորության համաձայն վարժ եք Ձեր դիմաց տեսնել Ձեր «մեծահոգի ողորմության» առջև խոնարհված և հաճոյացող մարդկանց: Ժամանակն է, որ հասկանաք` սա այդ դեպքը չէ, բազմաթիվ պատվավոր անհատներ, տարիներ շարունակ ամենամեծ զոհողություններով Ձեր համար Հայաստանում, և ոչ միայն Հայաստանում, ստեղծել են մեծամասշտաբ շահեր և ունեցվածք, զերծ են պահել Ձեզ շատ վնասներից, ստեղծել` Ձեր «բարեգործ»-ի անունը հայրենիքում, խնամել և հոգ են տարել  Ձեր ծեր և հիվանդ հորը...: Նրանց պետք է զատորոշել Ձեզ շրջապատող որոշ ձրիակեր հաճոյամոլներից և հասկանալ, որ մարդն իր արդար իրավունքը և ձեռք բերած ինքնասիրությունն երբեք չի զիջի շահագործողին:

Հարգանքներով՝

Սևակ Արծրունի

Հ.Գ.

Պարոն Արծրունի, եթե մեջբերում եք մեր հեռախոսային խոսակցությունը, լավ կլինի ամբողջությամբ դա անեք: Եթե Դուք կարծում եք, որ ես միայն Նարեկ Հարթունյանի հետ հանդիպելով եմ հոդված գրել, չարաչար սխալվում եք: Ես հանդիպումներ եւ զրույցներ եմ ունեցել այս գործին առնչվող տասնյակ մարդկանց հետ: Ձեր ստորագրություններով բազմաթիվ փաստաթղթեր կան իմ տրամադրության տակ, եւ դրանք ոչ մի կապ չունեն Ձեր հասարակական գործունեության հետ, դրանք կապ ունեն զանազան բիզնեսների հետ: Հասարակական գործունեությամբ զբաղվելու մասին Ձեր պնդումը բացարձակ անհիմն է, Դուք ավելի շատ գործարար եք, քան հասարակական գործիչ: Իսկ ի՞նչ է, եթե մարդը հասարակական գործունեությամբ է զբաղվում, նրան ամեն ինչ թույլատրելի՞ է: Եվ Հարթունյանները, եւ Դուք դիմել եք դատական մարմիններին, եւ այդ պահից սկսած` գործը հանրայնացվել է: Վաղը եթե այլ լրատվամիջոցներ էլ սկսեն լուսաբանել դատական այս գործընթացը, պիտի արգելվի՞: Ձեր եւ Հարթունյան ընտանիքի վեճը բավականին խճճված մի պատմություն է, որտեղ բազմաթիվ կապեր կան զանազան պաշտոնյաների եւ պետական կառույցների հետ: Չգիտեմ` դատարաններն ինչ որոշումներ կկայացնեն, բայց նույնիսկ հիմա ես, ինչպես մեր զրույցի ժամանակ ասացի, կրկնում եմ` գնացեք եւ հաշտվեք, եթե, իհարկե, անհանգստացած եք հասարակական կարծիքով եւ Ձեր հեղինակություններով: Այդ առումով այս պատմությունից Ձեզանից որեւէ մեկը չի կարող շահել:

Էդիկ Բաղդասարյան

Մեկնաբանություններ (13)

Շահան Գ.
Անդրանիկ, ուրախացիր կարդալով Երկիր միութեան նորագոյն իրագործումներուն մասին - Հետքի վրայ http://hetq.am/arm/news/3642/#.TkuS0SdBrrA.facebook կամ Փանորամա http://www.panorama.am/am/culture/2011/08/17/expedition/#.TkuRC8e5t2g.facebook
ընթերցող
պ.Շահան Գանդահարեան ճիշտ արեցիք, որ գրեցիք, ես կասկածում էի, որ դուք եք:) Ինձ պես երեւի շատերն էին կասկածում:
Շահան Գանտահարեան
Թիւրիմացութիւններ կանխելու համար յայտնեմ, որ քննարկումին մասնակցող «Շահան Գ»ը Ես («Ազդակի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեան) չեմ։
Նոտար Վատիկանից
«Շահան Գ.», «Երկիր միութիւնը, ղեկավարութեամբ Սեւակ Արծրունիին, հայրենադարձութեան օրէնքի մշակման առաջին նախաձեռնողն է», այսպիսի ծիծաղելի հաստատումներու միակ ու միակ աղբիւրը ինքը, Սեւակ Արծրունին է... անոնցմէ միայն քո նման մնայուն երեխաներ կը խաբուին... ջանա աչուկներդ մի քիչ բանալ, քո օգուտին համար... Նարեկն ալ ճիշտ քո նման ինքզինք կոյր պահեց երկար ժամանակ... այո, Սեւակ Արծրունին ունի որոշ չափով հայրենիքին ծարայող գործունէութիւն... սակայն, ոչ թէ այդ գործունէութեան կողքին, այլ յաճախ այդ գործունէութեան միջոցաւ իսկ, ան ունի իր առեւտրական մղումները, գործերը, լայն ախորժակով շահագրգռութիւնը... ինչպէս նաեւ, վերջին տարիներուն, քաղաքական փառասիրութիւններ... իսկ հաւանաբար ինք ալ կը կարծէ թէ, ինքզինք համոզած է թէ, իր ոչ-շահաբեր գործունէութիւնը ֆինանսաւորելու համար, իրեն թոյլատրուած են շա՜տ բաներ... ներառեալ հարուստներու փողը գրպանելու Րոպին-Հուտական մտայնութիւնը... Յարթունյան ընտանիքը զոհը գնաց այս ամէնուն... կը մնայ այժմ ստուգել թէ, այս խնդիրէն անկախ, ճիշտ ի՞նչ վիճակի մէջ են Երկիր կարծեցեալ «միութեան» ծրագիրները (իր թիկնապահներէն զատ, վերջին 5-10 տարիներին, ճիշտ քանի՞ հատ լուրջ անձեր տեսած ես իր շուրջ, իր հետ աշխատող ... ի դէպ, ոեւէ մէկը այս նիւթերու մասին վերջերս խօսա՞ծ է Վիգէն Ա.-ի հետ... ի՞նչ պատահեցաւ Երկիր-ԱՄՆ -ին)...
Շահան Գ.
Կարօ, այն պարզ փաստը, որ Երկիր միութիւնը, ղեկավարութեամբ Սեւակ Արծրունիին, հայրենադարձութեան օրէնքի մշակման առաջին նախաձեռնողն է եղած հայ իրականութեան մէջ եւ բուն գործընթացին մէջ կատարած է գործնական աշխատանքներ` թէկուզ համեստ չափերով, եւ առաւել այն, որ միայն քանի մը վիրաւոր հոգի է միայն որ կը խօսին Սեւակի arav-pakhavutyun-ին մասին, քու կարծիքդ է որ կը դարձնեն յանձնապաստան:
Շահան Գ.
կ'ուզեմ անդրադառնալ Ավո հայրենադարձի գրածին.- Սեւակը հիմնադիր վարիչն է Երկիր միութեան. այս միութիւնը հայրենադարձութեան գաղափարի առաջին ջատագովներէն է Հայաստանի եւ Սփիւռքի մէջ. նոյնիսկ տարիներ առաջ օրէնք մշակեց հայրենադարձութեան մասին. կառավարութիւնը ատիկա ըրաւ միայն քանի մը ամիս առաջ. այս միութիւնը բնակավայր ստեղծած է Քարվաճառի մէջ, պայքարած է ու կը շարունակէ պայքարիլ Ջաւախքի հայութեան իրաւունքներուն համար / ատոր ալ վաստակը այն է, որ Սեւակին արգիլուած է մուտք գործել Վրաստան/, Ջաւախքի հարցը Եւրոպական Խորհրդարան մուտք գործեց Երկիր միութեան եւրոպական կառոյցին շնորհիւ. միութիւնը հրատարակած է արժէքաւոր գիրքեր, Եզերք հանդէսը, ստեղծած է երաժշտական խումբ, միայն քանի մը օրեր առաջ էր, որ խումբը վերադարձաւ Տերսիմի մէջ կայացած փառատօնէն, ասկէ առաջ ելոյթներ տուաւ Եւրոպայի մէջ, այցելեցէք միութեան կայքէջը եւ եթէ անաչառօրէն պիտի արտայատուիէ, պիտի նկատէք որ նման միութիւններ մեր ժողովուրդը այնքան ալ չունի. եւ այս միութեան ղեկավարը Սեւակն է. ուրիշ ինչ ձեւի կ'ըլլայ հասարակական գործիչը, հաճեցէք ըսել.
ԱՎՈ Հայրենադարձ
Կեցցես Էդիկ Սա միայն Սևակին տրված մի պատասխանի համար /Դուք ավելի շատ գործարար եք, քան հասարակական գործիչ/: Մեզ բոլորիս համար ամօթ է որ այս մարդը դեռ կարողանում է որոշների մոտ իրեն ներկայացնել որպես հասարակական գործիչ:
W. Wallace
Հետաքրքիր նամակ էր: Ըստ իս, Հետքը մեզ պետք է ուղղակի տրամադրի ամբողջական տեղեկատվություն, իրենց բոլոր ունեցած փաստերի ընդհանրացումը, որպեսզի կարողանանք ամբողջական պատկերացում կազմել իրավիճակի վերաբերյալ:
Anhayt
Esqanic heto Sevakn petqa mi qich txamardkutyun unena u ir votqov mexxayakanov ga Harutyunnyannei mot , @nduni ir sxal@,vorpiszi ays amenic heto karoxana hangist aprel, te che vonc esem tesnum ete senc sharunakvi inq@ hastat el aveli mec problemnera unenalu ira kyanqum,u ira kyanq@ veracvelu e tarapanqi, nenc vor hargeli Sevak @nduneq im khorurd@ ev areq aynpes inchpes esem asum hastat ayd paragayum el aveli qich ktujeq qan hima
ընթերցող
պ.Բաղդասարյան իսկ ես շնորհակալ եմ ձեզնից այս հոդվածների շարքի համար: Սեւակի նամակը կարդալուց հետո , ես այսօր երջանիկ պիտի պառկեմ ու փառք տամ Աստծուն, որ հանապազօրյա հացով եմ ապրում, որ հինգ տարի հայրենիք չեմ կարողանում գալ, որ երեխայիս միայն կիրակի օրերն եմ կարողանում պտույտի տանել եւայլն: Բայց ամենակարեւորը իմ աշխատած փողերը հալալ են, ես հանգիստ խղճով գլուխս դնում եմ բարձին ու քնում: Լաւ Սեւակ Արծրունի ախր ինչո՞ւ չեք կշտանում, լավ Նարեկ Հարթունյան ինչո՞ւ չեք կշտանում: այ մարդ ձեր ստամոքսներն էդ ինչքա՞ն մեծ են: Հիմա ձեր երեխաներն ինչ տեսնեն այն էլ պիտի սովորեն չէ՞: Ձեր հոր գրքերը կարդո՞ւմ եք գոնե, էնքան լավ է գրում, իմ սիրած ժամանակակից գրողն է, ես իրեն գրել էլ եմ այդ մասին, բայց շատ հիասթափվեցի, որ տղան ոչ թե մտավորական է դարձել, այլ`գործարար:
Իրավաբան Էջմիածնից
Սևակ Արծրունուն ես խորհուրդ կտամ Նարեկի դեմ զրպարտության մասին հայց ներկայացնել դատարան Նարեկ Հարությունյանի կողմից որպես երրորդ անձ ներգրավված լրագրող Էդիկ Բաղդասարյանի և նրա՝ Նարեկ Հարությունյանի համատեղ զրպարտիչ գործունեության արդյունքում իր՝ Սևակ Արծրունու պատվին , արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասների հատուցման պահանջով :
Danton
Հայաստանի ներկայ վիճակին մէջ, հենիլ «իրավապահ մարմինների» վրա՞յ, վստահիլ «դատարաններո՞ւն»... Այս մօտեցումը իրօք կատակի համազօր է: Սեւ կատակի... Եւ արդէն ոչ ոք սիրտ չունի խնդալու այս կացութեան մէջ: Այս կեղծօրէն միամիտ հաստատումը ա՛լ աւելի անհեթեթ է այս պարագային, երբ – ինչպէս Էդիկ Բաղդասարյան քաղաքավարօրէն կ'ակնարկէ… - խնդրին խորքը թաքնուած են շահագրգռուած բարձրաստիճան պետական անցնաւորութիւններ, որոնք որոշած են խորտակել Յարթունյան ընտանիքի տնտեսական նուազագոյն գոյութիւնը Հայաստանի մէջ: Այդպիտի անձերու ձեռքն են այսօր Հայաստանի դատարանները, ոստիկանութիւնը եւ այլազան այլ գործակալութիւններ բռնագրաւած խամաճիկներու բոլոր թելերը: Երբ որ իշխանութիւններու մակարդակի վրայ, ցուցադրական մակերեսային երեւոյթներէ, ձախող թատրոնէ եւ խեղկատակութենէ անդին, չկայ իսկական կարգ ու կանոն, չկայ Օրէնքի Գերակայութիւն, չկան՝ գործադիր ու օրէնսդիր մարմիններէ - եւ աւազակ տարրերէ - անկախ դատարաններ, վերջապէս չկայ լիակազմ, հաստատուն, արդիական եւ էապէս ժողովրդավար Պետութիւն, ափսոս, անհրաժեշտ է դիմել այսպիսի լրատուական միջոցներու, եւ խնդիրը ներկայացնել հանրային կարծիքի դատարանին: Ասի ըսած, դեռ նշոյլ մը յոյս կրնայ մնալ որ այս խնդիրը քիչ թէ շատ արդարօրէն լուծուի դատարանի մէջ, եւ այդ՝ միայն եթէ վերոյիշեալ պետական անձնաւորութիւնները բարեհաճին հասնիլ այն եզրակացութեան թէ իրենց շահերին համար նախընտրելի է որ այդպէս լինի: Լաւագոյն պարագային եւ ամենալաւատես յանգումով, Յարթունյան ընտանիքը այս կացութենէն դուրս պիտի չգայ որեւէ շահով կամ «շահոյթով», այլ պիտի յաջողի միայն մի քիչ նուազեցնել իր տարածուն վնասները, փրկել իր հսկայական կորուստէն մի փոքր մասնիկ գոնէ: Եւ այդքանը իսկ չեն ուզում շնորհել իրենց... Իսկ այս խնդիրը, ինչպէս նոյնանման շատ խնդիրներ, իր հիմնական կարեւորութեան մէջ չի վերաբերիր անհատներու, ոչ ալ միայն դրամական նկատողութիւններու: Հայրենիքի ապագան է խնդրոյ առարկան: Թէ՛ Հայրենիք-Սփիւռք հիմնախնդրի կապակցութեամբ, եւ թէ, անկախաբար նրանից, Հայաստանի վերակերտումի եւ վերականգնումի առումով: Ա՛յս է որ հիմնականօրէն կը հետաքրքրէ մեզմէ շատեր... Danton
Garo
Shad houzich er Paron Arzarounou baroyakhosutyun@...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
31
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
1
2
3
4
Այսօր