HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Ղարաբաղում աշխատանք փնտրողների 92 տոկոսը կանայք են

«Մեր գործունեության թերացումներից կարելի է համարել զբաղվածության ոլորտում վարած պասիվ քաղաքականությունը, ինչը 2009 թվականին նախատեսում ենք շտկել»,-այս մասին երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ շեշտել է ԼՂՀ սոցիալական ապահովության նախարար Նարինե Ազատյանը, որը միաժամանակ կարեւորել է աշխատաշուկայի ուսումնասիրության անհրաժեշտությունը: Սոցապահովության նախարարության տվյալներով, աշխատանք փնտրող անձանց թվաքանակը 2008թ. հանրապետությունում կազմել է 3690 մարդ, որոնց 92 տոկոսը կանայք են: 2008-ին աշխատանքի է տեղավորվել 180 մարդ, որից 157-ը` գործազուրկ: Նախորդ տարվա համեմատ այդ ցուցանիշն աճել է 70 տոկոսով: Նախարար Նարինե Ազատյանի խոսքերով, ոլորտում իրականացվել է աշխատանքի նկատմամբ վերահսկողություն: Իրականացված ստուգումների եւ ուսումնասիրությունների ընթացքում հայտնաբերվել են մի շարք կոպիտ խախտումներ. ոչ բոլոր աշխատողների հետ են կնքվում աշխատանքային պայմանագրեր, իսկ կնքվածներն էլ հիմնականում չեն համապատասխանում աշխատանքային օրենսդրության պահաջներին: Արձանագրվել են բազմաթիվ դեպքեր, երբ գործատուի կողմից աշխատողների աշխատավարձը վճարվել է օրենքով սահմանված ժամկետից ուշ կամ գործատուների կողմից չի պահպանվել նվազագույն աշխատավարձի չափը: Եղել են նաեւ դեպքեր, երբ աշխատավարձից ազատվելիս աշխատողների վերջնահաշվարկ չի տրամադրվել, գիշերային աշխատանքի դիմաց օրենքով սահմանված հավելումը չի վճարվել: Այն հարցին, թե ինչ աշխատանքներ են իրականացվել աղքատության մակարդակի ուսումնասիրության ուղղությամբ, նախարարը նշել է, որ «ի տարբերություն ՀՀ-ի, որտեղ գործում է աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը, Ղարաբաղում այն բացակայում է»: «ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցության շրջանակներում մեզ մոտ 2009-ին նախատեսում ենք բնակչության կենսամակարդակի գնահատման մեխանիզմների մշակում եւ կիրառում»,-ասել է նախարարը: Նա միաժամանակ նկատել է, որ փորձելու են բնակչության կենսամակարդակը կապել ոչ թե ընտանիքի ունեցվածքի, այլ եկամուտների հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter