HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահը Արցախի պետական համալսարանում

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի  ելույթը Արցախի պետական համալսարանի  Խորհրդի ընդլայնված նիստում Ուրախ եմ, որ առիթ ունեմ հանդիպել ձեզ հետ եւ միասին քննարկել մեր հանրապետության կրթության ու գիտության ոլորտում առկա հիմնախնդիրներն ու դրանց լուծման ուղիները: Տարիներ շարունակ կրթությունն ու գիտությունը հանդիսացել են մեր հիմնական հարստության` հասարակության մտավոր ներուժի բացահայտման, զարգացման եւ կիրառման ապահովման հիմնական միջոցները: Կրթության, հատկապես բարձրագույն կրթության մակարդակից են մեծապես կախված ազգի եւ պետության ապագան, տնտեսության տարբեր ոլորտների զարգացման տեմպերն ու հեռանկարները: Առանձնակի կարեւորություն ունի կրթության եւ գիտության ոլորտը հատկապես Արցախի նման երկրի համար, որի հետեւողական զարգացման հուսալի հիմք են ծառայում արտադրության ինտենսիվ եղանակներն ու գիտատար տեխնոլոգիաները: Անգնահատելի է կրթության դերը մատաղ սերնդի դաստիարակության բարդ ու դժվարին գործում: Այնպիսի կարեւորագույն որակներ, ինչպիսիք են  հայրենասիրությունը, արդարությունը, ազնվությունը, օրինապաշտությունը, որոնք հանդիսանում են քաղաքակիրթ, ժողովրդավարական, հզոր ու զարգացած պետության հիմքը, ձեւավորվում են հենց կրթական պրոցեսում: Հետեւաբար, կրթության բնագավառում յուրաքանչյուր, անգամ ամենափոքր իսկ բացթողումը կարող է հետագայում բավականին ծանր հետեւանքներ ունենալ ամբողջ պետության զարգացման վրա: Կրթության եւ գիտության դերը էլ ավելի է կարեւորվում հատկապես այսօր, երբ օրակարգում է քաղաքակիրթ աշխարհից հետ չմնալու, միջազգային հանրությանը լիարժեք ինտեգրվելու խնդիրը, միաժամանակ պահպանելով մեր ինքնությունն ու դարավոր արժեքները: Իսկ դա կարելի է ապահովել միայն զարգացած, ժամանակակից եւ ազգային գիտակրթական համակարգ ունենալու միջոցով: Այդ իսկ պատճառով կրթության եւ գիտության զարգացումը համարվում է մեր պետության առաջնահերթություններից մեկը եւ մշտապես գտնվում է իշխանությունների ուշադրության կենտրոնում: Համակարգում իրականացվում  են մի շարք բարեփոխումներ, որոնց նպատակն է նոր թափ հաղորդել կրթության եւ գիտության բնագավառին, բարձրացնել ուսման որակը եւ այն համապատասխանեցնել այսօրվա պահանջներին: Անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվում հանրապետությունում կրթական օջախների կառուցման, վերանորոգման ու վերազինման, դասախոսական կազմի սոցիալական վիճակի եւ աշխատանքային պայմանների բարելավման համար: Այս ուղղությամբ տարվում է հետեւողական պետական քաղաքականություն: 2009 թվականի պետական բյուջեում կրթության եւ գիտության բնագավառին հատկացված գումարները 24,7 տոկոսով կամ 1,8 միլիարդ դրամով գերազանցում են 2008 թվականին հատկացված գումարները: Ոլորտին հատկացված միջոցների ընդհանուր ծավալը կազմում է 9,3 միլիարդ դրամ: Ընդ որում, բուհական համակարգին հատկացվող միջոցների ծավալները 2009 թվականին անցյալ տարվա համեմատ աճել են 68,8 տոկոսով կամ 183,4 մլն դրամով եւ կազմում են 450 միլիոն դրամ: Շոշափելիորեն բարձրացել են նաեւ աշխատավարձերն ու թոշակները: Ուզում եմ նշել, որ այս գործընթացները կկրեն շարունակական բնույթ: Արցախի պետական համալսարանը հանրապետության գիտակրթական համակարգի հանգուցային օղակներից է: Մեծ է այս հաստատության դերը երկրում գիտության եւ կրթության զարգացման, արհեստավարժ կադրերի պատրաստման եւ պետականաշինության գործում: Այս ամենը արդյունք է 40-ամյա ավանդույթների, որոնք էլ ավելի են ամրապնդվել ազգային-ազատագրական պայքարի տարիներին: Համալսարանի 400 ուսանողներ ակտիվորեն մասնակցել են Արցախյան պատերազմին, 75-ը իրենց կյանքն են զոհաբերել հանուն հայրենիքի պաշտպանության: Հավե~րժ փառք ու պատիվ նրանց: Ներկա փուլում Արցախի պետական համալսարանի առջեւ ծառացած են բազմազան ու բազմաբնույթ խնդիրներ, որոնց արդյունավետ լուծման համար անհրաժեշտ է ճիշտ հասկանալ եւ օբյեկտիվ գնահատել իրավիճակը: Անթույլատրելի եմ համարում ցանկալին ներկայացնել որպես իրականություն: Նման մոտեցումը միայն խոչընդոտում է իրավիճակի բարելավմանը` էլ ավելի բարդացնելով այն: Որպես անկախ երկրի մայր բուհ, համալսարանը պետք է լինի հանրապետության ոչ միայն կրթական, այլ նաեւ հիմնական գիտական կենտրոններից մեկը: Ուզում եմ նշել, որ այստեղ մենք լուրջ հիմնախնդիրների առջեւ ենք կանգնած: Դրանցից ամենակարեւորներից մեկն այն է, որ ակնհայտորեն երեւում է կրթական եւ գիտական բաղադրիչների անհամաչափությունը: Հիմնական գիտական կենտրոն լինելու իր առաքելության մեջ Արցախի պետական համալսարանը բավականին հետ է մնում: Դա է վկայում այն փաստը, որ 2007-2008 ուսումնական տարում համալսարանի ֆակուլտետներից միայն բանասիրական եւ հումանիտար ֆակուլտետներում են հրատարակվել մենագրություններ: Այս երկու ֆակուլտետներին բաժին է ընկնում նաեւ հրատարակված գիտական հոդվածների մոտ 55 տոկոսը: Իսկ, օրինակ, ագրարային ֆակուլտետին բաժին է ընկնում միայն 4 հոդված, եւ այդ ցուցանիշով նա զբաղեցնում է վերջին տեղը: Եվ դա այն դեպքում, երբ գյուղատնտեսությունը ավանդապես եղել եւ մնում է մեր հանրապետության տնտեսության ողնաշարը: Հուսով եմ, որ Արցախում Հայաստանի պետական ագրարային համալսարանի մասնաճյուղի բացումը մեծապես կնպաստի նաեւ գյուղատնտեսության ոլորտում գիտության զարգացմանը: Նշված ցուցանիշները լուրջ հետեւությունների տեղիք են տալիս: Ակնհայտ է, որ համալսարանի գիտական ոլորտում գերակշռում են հումանիտար ուղղությունները: Այս ուղղություններն, անկասկած, չափազանց կարեւոր են, եւ անհրաժեշտ է էլ ավելի զարգացնել գիտական միտքը այս բնագավառներում: Միեւնույն ժամանակ, հանրապետության բազմակողմանի զարգացման համար անհրաժեշտ է լուրջ ուշադրություն դարձնել նաեւ գիտության այլ ուղղությունների զարգացմանը: Ողջունելի է, որ տեխնիկական գիտությունների բնագավառում Արցախի պետական համալսարանի դասախոսները գիտական հոդվածներ են հրատարակել արտերկրում, մասնավորապես, Ռուսաստանում: Սակայն մտահոգիչ է, որ վերջին երկու տարում տեխնիկական գիտությունների գծով որեւէ ատենախոսություն չի պաշտպանվել: Պետք է անհրաժեշտ աշխատանք տանել տեխնիկական գիտությունների եւ մի շարք այլ ոլորտների զարգացման ուղղությամբ: Մենք քաջ գիտակցում ենք, որ վերոնշյալ հիմնախնդիրը չի կարող լուծվել միայն Արցախի պետական համալսարանի ուժերով: Այստեղ անհրաժեշտ է համակարգված մոտեցում, կառավարության, պետական տարբեր մարմինների ու գերատեսչությունների, ինչպես նաեւ տնտեսվարող սուբյեկտների համատեղ աշխատանք եւ սերտ համագործակցություն: Նման գործելաոճը հնարավորություն կտա գիտականորեն եւ ճշգիրտ կերպով որոշել հանրապետությունում տարբեր մասնագիտությունների իրական պահանջարկը եւ նախանշել տարբեր ճյուղերի համար որակյալ մասնագետների պատրաստումը: Ժամանակակից պահանջներին համապատասխանող մասնագետների պատրաստումը ենթադրում է ուսման որակի հետեւողական բարձրացում: Այստեղ լուրջ անելիքներ ունեն եւ պրոֆեսորադասախոսական կազմը, եւ ուսանողությունը: Դասախոսների առջեւ դրված խնդիրները պահանջում են համապատասխան մասնագիտական կարողություններ եւ բարոյահոգեբանական հատկանիշներ: Համալսարանի ղեկավարությունը լուրջ ուշադրություն պետք է դարձնի գիտական մակարդակի բարձրացմանը: Այդ համատեքստում կարեւոր եմ համարում դասախոսական կազմի պարբերական վերապատրաստումները, միջազգային կապերի հաստատումը, գիտական ընկերությունների կայացումը, ակտիվ մասնակցությունը արտերկրում կազմակերպվող գիտաժողովներին, Հայաստանի, Սփյուռքի եւ արտասահմանյան բուհերի ու տարբեր գիտակրթական կառույցների հետ կապերի հաստատումն ու ընդլայնումը: Կրթության որակի բարձրացման համար անհրաժեշտ է իրականացնել նաեւ նյութատեխնիկական բազայի, ժամանակակից լաբորատորիաների, կաբինետ-լսարանների արդիականացում: Կարեւոր եմ համարում էլեկտրոնային գրադարանի ստեղծումը, ինչը նոր որակ կհաղորդի համալսարանի գիտակրթական ներուժի զարգացմանը: Կրթության գործընթացի բարելավման համար անհրաժեշտ է նաեւ որոշ կառուցվածքային փոփոխությունների իրականացումը: Մի շարք ամբիոններ պետք է վերակազմավորվեն եւ համալրվեն նոր որակյալ կադրերով: Դրական եմ գնահատում ռազմագիտության գծով մասնագետների պատրաստումը ավելի բարձր մակարդակի հասցնելու նպատակով Արցախի պետական համալսարանում ընթացիկ ուսումնական տարում նախազորակոչային պատրաստության ամբիոնի կազմավորումը, ինչը, անշուշտ, կնպաստի մեր երկրի պաշտպանունակության ամրապնդման գործին: Կրթության զարգացմանն ուղղված միջոցառումների շարքում կարեւոր է Բոլոնիայի գործընթացին միանալու` Արցախի պետական համալսարանի պատրաստակամությունը, ինչի շնորհիվ հնարավոր կլինի դառնալ Եվրոպական բարձրագույն կրթական տարածության մաս, հաշվի առնելով, իհարկե, մեր երկրի առանձնահատկությունները: Նոր ուսումնական տարում ներդրված կրեդիտային համակարգը, հուսով եմ, շոշափելի ազդեցություն կունենա ուսումնադաստիարակչական աշխատանքի որակի, ինչպես նաեւ պրոֆեսորադասախոսական կազմի կատարելագործման վրա: Արցախի պետական համալսարանի արդյունավետ գործունեության համար խիստ կարեւոր է շենքային համապատասխան պայմանների առկայությունը: Վերջերս շահագործման հանձնված համալսարանի վարչական մասնաշենքը կնպաստի, որպեսզի պարապմունքներն անցկացվեն մեկ հերթով, իսկ նոր մարզադահլիճը լուրջ խթան կհանդիսանա մարզական կյանքի ակտիվացման համար: Կրթության որակի բարձրացման գործում չափազանց մեծ է համալսարանում առողջ բարոյահոգեբանական մթնոլորտի ապահովման դերը: Դասախոսի բարձր կոչմանը չհամապատասխանող ցանկացած արատավոր երեւույթի դեմ պետք է հետեւողական եւ համառ պայքար ծավալել: Ես իրազեկված եմ համալսարանի ղեկավարության կողմից այս ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկված համապատասխան քայլերի մասին: Կարեւոր եմ համարում նաեւ այն հանգամանքը, որ այդ պայքարում առաջին անգամ փորձ է արվել համատեղել պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների եւ նրանց ծնողների ջանքերը: Հարգելի ներկաներ, մեր պետության համար կենսական նշանակություն ունեցող կրթության եւ գիտության ոլորտի զարգացումը, այստեղ առկա հիմնախնդիրները այսուհետ էլ կլինեն իշխանությունների ուշադրության կենտրոնում: Ես անձամբ հետեւելու եմ այս ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքին: Համոզված եմ, որ մեզ կհաջողվի ունենալ ժամանակակից ու մրցունակ գիտակրթական համակարգ եւ մեծ համբավ ունեցող մայր բուհ: Շնորհակալություն: (16 հունվարի 2009թ., Ստեփանակերտ)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter