HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Իշխանությունը և ընդդիմությունը պատրաստ են զրկվելու ձայնից

Այսօր Հայելի ակումբում հրավիրված մամլո ասուլիսին PR մասնագետներ Կարեն Քոչարյանը և Արման Բադալյանը միահամուռ այն կարծիքը հայտնեցին, որ իշխանությունը և ընդդիմությունն արդեն  պատրաստ են Հայաստանին  ձայնից զրկելու և չզրկելու հնարավորություններին: Կարեն Քոչարյանի համոզմամբ` 2 թևն էլ արդեն գիտի թե ինչ արդարացումներով է հանդես գալու ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանից հետո. «Իշխանության մի թևը ասում է, թող զրկեն, ոչ մի բան չի լինի, հիմա մեր վրա լծակ ունեն , հետո չեն ունենա, մենք կգնանք մուսուլմանական աշխարհ: Մի քիչ ավելի ցիվիլ հատվածն ասում, որ դա վատ է և պետք է աշխատենք, իսկ եթե չզրկեն կասեն, որ ասում էինք 90%-ով մենք բանաձևերը կատարել ենք, դրա համար էլ չզրկեցին»: Ըստ մասնագետի` Հայաստանին ձայնից զրկելու դեպքում հնարավոր է ինչ-որ կադրային  փոփոխություններ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում: Ըննդիմությունն էլ, ըստ նրա, պիտի ասի, որ  շատ վատ եղավ, որ զրկեցին, բայց մինչև այս իշխանություններին չվերացնենք, հնարավոր չի լինի մեր ձայնը վերականգնել, իսկ եթե չզրկեն, «կասեն Եվրախորհուրդի «յոնջաները», գալիս են այստեղ, մի բան են ասում , գնում են այնտեղ, ուրիշ բան են անում»: Բացի այդ Կարեն Քոչարյանը հիշեցնում է, որ ձայնից զրկելուց հետո կլինեն հատկապես տնտեսական ճնշումներ: Հենց այս համատեքստում Արման Բադալյանը առաջարկում է ավելի հեռուն նայել, քանի որ Եվրոպայի կողմից Հայաստանի վրա ճնշումը չի կարող ավարտվել զուտ ձայնից զրկելով և ըննդիմությունն իր ուժը կկարողանա ցույց տալ,եթե նրան հաջողվի հասնել նաև այլ եվրոպական կառույցների կողմից իշխանության վրա ճնշումների: Սակայն նրա համար այնքան էլ հասկանալի չէ ընդդիմության կերպարն ու ստրատեգիան: Ըստ նրա` հայերիս, հատուկ է արևելյան մենթալիտետը: Հայերը հարգում են ուժի ցուցադրումը, սակայն ընդդիությունն իր գաղափարախություն մեջ չի օգտագործում այդ ուժը. «Նրանք ԵԽ- Հայաստան խնդիրները ներկայացնում են որպես խնդիրներ իշխանության և Եվրոպայի միջև, իսկ իրենք ներկայանում են որպես դիտորդներ, բայց եթե  դու ուզում ես ունենալ կողմնակիցներ, ապա պիտի ցույց տաս, որ դու ստիպեցիր, որ Եվրոպան կիրառի սանկցիաներ, ոչ թե օգտվեցիր առիթից, որ Հայաստանում չկա ժողովրդավարություն»: Կարեն Քոչարյանը չհամաձայնեց ասվածի հետ նշելով, որ ընդդիմությունը 100 գլուխ բարձր է PR-ի օգտագործմամբ, բայց երկուսն էլ համաձայնեցին, որ այնուամենայնիվ ընդդիմությունը նախընտարական շրջանում ավելի հզոր PR էր անում, իսկ հիմա նրանք դիրքերը մի քիչ թուլացրել են: Մասնագետները դժվարացան նշել, թե արդյոք իշխանությունները օգտվում են PR տեխնոլոգների ծառայություններից, «քանի որ իշխանության ճամբարից այնպիսի գլուխգործոց հայտարարություններ են լինում, որ ուղղակի զարմանում ես»: Արման Բադալյանի խոսքերով` նրանք մոռանում են, որ իրենց լսարանում մտածող ուղեղներ կան : Ըստ նրա` արևելյան քաղաքական մշակույթին բնորոշ է, որ երբ մարդը պաշտոն է ստանում, իրեն թվում է, որ իր խելքը աթոռի ծանրության հետ ավելանում է, դիմացինն էլ, որ պաշտոն չունի ոչինչ չի հասկանում: Դրա համար էլ մասնագետը այն տպավորությունն ունի, որ եթե անգամ հրավիրում են PR տեխնոլոգներ, բայց վերջում էլի անում են այնպես, ինչպես իրնեք են ուզում, քանի որ իշխանությունների համար PR-ը մերժված գիտություն է: Դրա համար էլ, ըստ նրա, իշխանություններին անգամ չի հաջողվում գրագետ ձևով օգտագործել սոցիոլոգիական հարցումների տեխնոլոգիան: Արման Բադալյանի մտահոգություն հայտնեց, որ իշխանությունները մարտի մեկի գործերով դատական համակարգի այնպիսի սև  PR են արել, որ եթե մասնագետների մի խումբ 100 մլն դոլար ներդնեին, այսպիսի Սև PR չէին կարող անել: Դատաական համակարգի հեղինակությունը վերականգնելու համար, ըստ մասնագետի, առնվազն պետք է մի 20-30 տարի. «Եթե անգամ Լևոն Տեր- Պետրոսյանը նախագահ դառնա, հանրապետականները ըննդիումություն, մարտի մեկի հետ կապված հակառակ գործեր լինեն, մեկ է հասարակությունը չի հավատալու, քանի որ դատավորի կերպարն այսօր Ժորա Վարդանյանի հավաքական կերպարն է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter