«Համաս»-ի դիմադրությունը զորացնելու է իսլամական արմատականների դիրքերը արաբական երկրներում
Վերլուծաբանները համոզված են, որ Իսրայելի պատերազմը Գազայի դեմ ավելացրել է համակրանքը «Համաս»-ի նկատմամբ, և հակառակ իր կորուստներին՝ նպաստել նրա քաղաքական դիրքերի ամրապնդմանը:
Արաբական երկրների ժողովուրդներին խիստ զայրացրել է արաբական պետությունների կրավորական և անտարբեր կեցվացքը, ինչից նրանք սկսել են առավել համակրել «Պաղեստինի իսլամական շարժման»-ը (ՀԱՄԱՍ-ին), եւ ընդհանրապես, տարածաշրջանում իսլամ արմատականների նկատմամբ, որոնց զորացումը ինքնին տկարացնելու է պանարաբական եւ ազգայնական հոսանքները:
Եգիպտացի վերլուծաբան Զիա Ռուշվանի կարծիքով «Համաս»-ի հեղինակությունն այսօր գտնվում է գագաթնակետին, իսկ Իսրայելը մինչ այժմ ոչ միայն չի հաջողել իր ռազմական և քաղաքական նպատակներում, այլեւ նույնիսկ ձախողվել է քարոզչական առումով:
Արաբ մասսաների վրա մեծ ազդեցություն է գործել Գազայից ստացվող ամենօրյա լուրերը, որ պաղեստինցի զոհերի թիվն արդեն անցել է հազարը, որոնց մեծամասնությունը խաղաղ բնակիչներ են, իսկ շուրջ մեկերրորդը մանուկներ, ինչպես նաև կան հազարավոր վիրավորներ:
Վերլուծաբան Աբդուլազիզ Ալ-Սազարը, որը Դուբայում ղեկավարում է վերլուծական մի հաստատություն, նույնպես համոզված է, որ Իսրայելի գործողությունը Գազայում նպաստելու է իսլամական կազմակերպությունների դիքերի ամրապնդմանը, որոնք արդեն իսկ նվաճել են արաբ երկրների ընդիմադիր թևերի ղեկավարությունը:
Եթե Իսրայելի նպատակն արաբական երկրների իշխանությունների դիրքերի տկարացումն ու քայքայումն էր և Մահմուդ Աբբասի կողմից գլխավորվող «Պաղեստինի Ազատագրության կազմակերպության» թուլացումը, պետք է ասել, որ հասել է իր նպատակին, սակայն վերջին կես դարվա փորձերը ապացուցել են, որ պաղեստինյան հարցը ոչ ռազմական լուծում ունի և նույնիսկ ոչ քաղաքական, եթե այդ լուծումը անտեսում է պաղեստինցի ժողովրդի ինքնիշխան ապրելու իրավունքը:
Գազայի պատերազմը և հարավային Լիբանանում միջազգային խաղաղապահ ուժերի անզորությունը նույնպես ապացուցեց, որ անվտանգության հարցերում որքանով կարելի է վստահել և ապավինել միջազգային երաշխիքներին, որը կեսական է իմանալ նաև մեզ` հայերիս:
Ա.Մ.Հովհաննիսյան
Աթենք, 15.01.2009
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել