Գյումրիի քաղաքապետը վրե՞ժ է լուծում
Այսօր Հետքի Գյումրիի թղթակցին է դիմել Գյումրիի ավագանու նախկին անդամ, թիվ 17 դպրոցի տնօրեն Կարապետ Ներսիսյանը` դժգոհելով, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն առանց հիմնավոր պատճառաբանության Նորավան թաղամասի մանկապարտեզի տնօրենի պաշտոնից հունվարի 8-ին ազատել է իր կնոջը`Ռուզաննա Ներսիսյանին: Ըստ Կարապետ Ներսիսյանի` պատճառն այն է, որ ՏԻՄ ընտրությունների ժամանակ ինքը սատարել է ոչ թե գործող քաղաքապետին, այլ նրա հակառակորդ, Ազգային ժողովի երիտասարդ պատգամավոր Մարտուն Գրիգորյանին: Ըստ ավագանու անդամի` քաղաքապետը փորձել է վրեժ լուծել իր կնոջից:
Տեղեկացնենք, որ Կարապետ Ներսիսյանը ՏԻՄ ընտրությունների ժամանակ ևս առաջադրել էր իր թեկնածությունը քաղաքապետի պաշտոնի համար, սակայն քարոզարշավից մեկ շաբաթ անց ինքնաբացարկ հայտնեց` միանալով Մարտուն Գրիգորյանին: Գյումրիում տարածված խոսակցությունների համաձայն` Կարապետ Ներսիսյանն առաջադրել էր իր թեկնածությունը` Վարդան Ղուկասյանի համար "ձայն փախցնելու նպատակով": Վերջինս էլ ճիշտ հակառակն ապացուցեց` իրականացնելով Մարտուն Գիրգորյանի քարոզարշավը:
Հիշեցնենք, որ քաղաքապետի պաշտոնում վերընտրվելուց հետո Վարդան Ղուկասյանն իր առաջին մամուլի ասուլիսում ծաղրեց ավագանու նախկին անդամ Կարապետ Ներսիսյանին` ասելով. "Նա իսկը ստալինյան ինծիլիգենծիկ լինի, Ստալինի ժամանակ այսպիսիններից զզվում էին":
Մեր զրուցակիցը այսօր նաև պարզաբանեց, որ քաղաքապետն իր կնոջը աշխատանքից ազատելով` նպատակ ունի փակել մանկապարտեզը` երկրաշարժից հետո կառուցված գեղեցիկ շենքը քաղաքի մի քանի մեծահարուստների վաճառելու նպատակով: Ըստ Կարապետ Ներսիսյանի` Վարդան Ղուկասյանը բազմիցս փորձել է իրականացնել այս նպատակը, սակայն իր տիտանական ջանքերի շնորհիվ կանխվել է: Կարապետ Ներսիսյանը պատրաստվում է դատի տալ քաղաքապետին, քանի որ, ըստ նրա, իր կինը քաղաքապետարանի հետ կնքած որևէ պայմանագիր չունի, մինչդեռ աշխատանքից ազատելիս պատճառաբանել են, թե "քո պայմանագրի ժամկետը լրացել է":
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել