HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Կ. Մանոյան. «Թուրքիայի փոփոխության չափանիշը Հայոց ցեղասպանության ճանաչումն է»

Այսօր Ուրբաթ ակումբում ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը անդրադարձավ հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումներին: Նա գտնում է, որ Հայաստանի հետ հարաբերություններն այսօր Թուրքիայի օրակարգում չեն, քանի որ վերջիններս ներքին լուրջ խնդիրները ունեն. «Այսօր Թուրքիայում տեղի են ունենում ձերբակալություններ եւ Էրգենիկոնը մեղադրվում է հեղափոխություն կատարելու փորձի մեջ, ինչը ճնշումի լծակ է գործող իշխանությունների վրա, քանի որ այդ կառույցը համաձայն չէր Հայաստանի հետ հարաբերություններին»: Ներողության աղերսագիրն էլ, ըստ Կ. Մանոյանի,  որոշ թուրք մտավորականների համար ճիգ է, որպեսզի խուսափեն ցեղասպանության միջազգային ճանաչումից. «Այս փաստը ընդունել է նախաձեռնողներից Բասքին Օրանը»: Կ. Մանոյանը չի բացառում, որ նման նախաձեռնությունն արժանացել է պետական որոշ շրջանակների համաձայնությանը. «Հատկապես, եթե նկատի ունենանք, որ նախաձեռնողներից ոմանք մոտ են նախագահ Գյուլին, սկզբնական օրերին նախագահն էլ դեմ չարտահայտվեց այս նախաձեռնությանը»: Իսկ այն, որ տեքստում օգտագործված չէ ցեղասպանություն բառը, ըստ բանախոսի, փաստում է պետական շրջանակների հովանավորությունը: Կիրո Մանոյանը անդրադարձավ  ԱՄՆ նորընտիր նախագահ Բարաք Օբամային ամերիկահայ համայնքի կողմից ուղղված նամակներին, որտեղ շեշտվել է Ցեղասպանության ճանաչման պահանջը եւ Արցախի խնդրի լուծումը, որը հիմնված պետք է լինի ինքնորոշման սկզբունքի վրա. «Այս նամակը հավելյալ ճնշում են Թուրքիայի վրա Հայաստանի հետ հարաբերությունները բնականոնացնելու համար, բայց իրենց ներքին խնդիրները պատճառ են, որ Թուրքիան արագ չշարժվի, բանակցություններն էլ այն մակարդակին են, որ Թուրքիան պետք է որոշի` ձեռնտու են իրեն Հայաստաի հետ հարաբերությունները, թե ոչ»: Իսկ Թուրքիայում տեղի ունեցող փոփոխությունների չափանիշը, ըստ ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի, պետք է պայմանավորված լինեն Հայոց ցեղասպանության ճանաչմամբ. «Այն օրը, երբ Թուրքիան ամբողջությամբ ճանաչի Հայոց ցեղասպանությունը, կարող ենք հույս ունենալ, որ Թուրքիան իսկապես փոխվել է»: Հետքի խնդրանքով Կիրո Մանոյանը պարզաբանեց, թե ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ ցեղասպանության խնդրի վրա թուրք-իսրայելական հարաբերությունները, որոնք լարվել են Գազայում տեղի ունեցած պատերազմի պատճառով. «Թուրքիա-Իսրայել հարաբերություններն ամրագրված են համապատասխան փաստաթղթերով, լարվածություններ մերթընդմերթ լինում են, բայց չեմ կարծում, որ վերջին լարվածություններն այն մակարդակի են, որ իրենց համագործակցությունը հիմնական փոփոխությունների ենթարկվի»: Բանախոսը, սակայն, փաստում է, որ հրեական շրջանակներում կան դժգոհություններ Թուրքիայի բնորոշումների շուրջ, բայց ԱՄՆ-ում գործող  հրեական մի շարք կառույցներ, որոնք աշխատել են ընդդեմ ցեղասպանության ընդունմանը ԱՄՆ-ում, ըստ նրա, չեն փոխի իրենց քաղաքականությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter