Գյումրիի ծննդատան տնօրենի պաշտոնի շուրջ կոնֆլիկտը շարունակվում է
Ինչպես Հետքը նախկինում տեղեկացրել է, մեկ ամիս է պաշտոնակռիվ է մղվում Գյումրիի ծննդատանը. նախկին տնօրեն Վարդան Սարգսյանը, հակադրվելով կոլեկտիվին, շարունակում է դատի տալ Շիրակի մարզպետ Լիդա Նանյանին` պահանջելով իրեն վերականգնել տնօրենի պաշտոնում, իսկ ներկայիս տնօրեն Արմեն Իսահակյանն էլ բողոքում է Ազգային ժողովի ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանի դեմ` նախկին տնօրենի «թիկունքին կանգնելու ու վերաքննիչ դատարանի վրա ճնշումներ գործադրելու համար»:
Հիշեցնենք, որ մարզպետ Լիդա Նանյանը Վարդան Սարգսյանին աշխատանքից ազատել էր` անօրինական ճանաչելով նրա կնքած պայմանագիրը Շիրակի նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանի հետ: Լիդա Նանյանի պարզաբանմամբ` Ռոմիկ Մանուկյանը, խախտելով կառավարության որոշումը, տնօրենի պաշտոնի համար մրցույթ չէր հայտարարել, այլ կադրերին նշանակել էր իր հայեցողությամբ: Ուստի և Լիդա Նանյանը մրցույթ հայտարարեց ծննդատան տնօրենի պաշտոնի համար, որում հաղթեց Արմեն Իսահակյանը: Նախկին տնօրեն Վարդան Սարգսյանին էլ, ով, ի դեպ, ևս մասնակցեց մրցույթին ու չկարողացավ պատասխանել հանձնաժողովի հարցերից և ոչ մեկին, առաջարկվեց փոխտնօրենի պաշտոնը:
Սակայն, այսօր հայտնի դարձավ, որ տնօրեն Արմեն Իսահակյանը աշխատանքից ազատել է Վարդան Սարգսյանին: Պրն Իսահակյանը Հետքին պարզաբանեց, որ Վարդան Սարգսյանն իր մասնագիտական հատկանիշներով չի համապատասխանում բուժական գծով տնօրենի տեղակալի պաշտոնին, նա 2001 թ.-ից չի վերապատրաստվել, ինչը օրենքի պարտադիր պահանջ է, ավելին` չգիտի վիրահատություններ անել, և որ 30 մահճակալանոց հիվանդանոցին չի հասնում այդ հաստիքը:
Տեղեկացնենք, որ Վարդան Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում թույլ տրված խախտումները, մասնավորապես Ախալքալաքից եկած ծննդկաններին որպես Հայաստանի քաղաքացի գրանցելու ու օրենքով սահմանված գումարը բյուջե չմուտքագրելու փաստերն ուսումնասիրվում են Շիրակի մարզի դատախազությունում: Իսկ Վերաքննիչ դատարանը օրերս որպես կողմ գործում ներգրավելով նաև մրցույթով անցած տնօրեն Արմեն Իսահակյանին` դարձյալ հետաձգել է վճռի հրապարակումը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել