HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԳԱԼԱ-ի օմբուդսմենը կենցաղային առաջարկներ է ստանում

Ացած շաբաթվանից Գյումրիի ԳԱԼԱ հեռուստաընկերությունում գործում է Ներքին օմբուդսմենի ինստիտուտը, որի նպատակը հեռուստատեսությունը հանրայնացնելը, հաղորդումներ պատրաստելիս հեռուստադիտողի կարծիքը, առաջարկները, դիտողությունները լսելն ու նրա ճաշակով շարժվելն է: Այսօր Հետքը ԳԱԼԱ-ի օմբուդսմեն Վահան Թումասյանից հետաքրքրվեց, թե ինչ առաջարկներով են հանդես գալիս հեռուստադիտողները: "Հնչող հեռախոսազանգերով նրանք առաջարկում են իրենց կյանքին վերաբերող հաղորդումներ պատրաստել` կապված ամենատարրական իրավունքների` կենսաթոշակների, Գյումրիի փողոցների վիճակի հետ, կան նաև քննադատություններ, որոնց մի մասը գուցե տեղին է, մի մասն էլ պարզապես չարակամության արդյունք է: Օրինակ` հեռուստաընկերությանը քննադատում են, թե ինչու ՏԻՄ ընտրությունների ժամանակ հեռուստաընկերությունը օբյեկտիվ չգտնվեց ու չլուսաբանեց Վարդան Ղուկասյանի քարոզարշավը: Ընդհանուր առմամբ ասեմ, որ մի քիչ սխալ է հասկացվում օբուդսմենի գաղափարը: Մարդիկ կարծում են, որ ԳԱԼԱ-ի օմբուդսմենը իրենց պաշտպանն է, օրինակ` նախորդ օրը փողոցով անցնում էի, տաքսու վարորդներից մեկը կանգնեցրեց` հարցնելով. "Ինչ պիտի լինի մեր վիճակը` ժողովրդին ոտքի հանեք": Կարծում են, թե սա հեղափոխական մի կառույց է: Կան նաև առաջարկներ` կապված հաղորդումների լեզվի ու ոճի հետ, մասնագետներն ուզում են, որ լեզուն լինի անաղարտ հայերենով": ԳԱԼԱ-ի սեփականատեր Վահան Խաչատրյանը Հետքին տված հարցազրույցում փոխանցեց, որ թեև իր նպատակը հեռուստադիտողների պահանջը բավարարելն է, սակայն երբեմն այնպիսի առաջարկներ են հնչում, որոնք անգամ քննարկման ենթակա չեն, օրինակ` ինքը չի պատրաստվում նրանց թելադրանքով բրազիլական հեռուստասերիալներ ցուցադրել: "Ես կուզենայի, որ գյումրեցի հեռուստադիտողը խստապահանջ լիներ, իմ նպատակը նրանց ճաշակը հղկելն է, ընդհանրապես հեռուստատեսությունը թեև կոմերցիոն է, բայց միշտ չէ, որ այս սկզբունքով պետք է առաջնորդվել, եթե կա ցածրաճաշակ ինչ-որ բանի պահանջ, պետք Է ցուցադրումը բացառել: Ես կուզենայի, որ լիներ կարծիքների բախում, մի թևը զանգահարի մի բան ասի, մյուսը` հակառակը: Օրինակ` մարդիկ կամ զանգում, ասում են` ինչու Ղուկասյան Վարդանը չկա Ձեր եթերում, մյուս մասն էլ զանգում, ասում է` հանկարծ քաղաքապետին եթեր չտրամադրեք, մենք կհիասթափվենք ձեզանից: Բախումները կբացահայտեն ճշմարտությունը: Այս մեխանիզի ներդրմամբ ես ուզում եմ, որ տեմպի տակ չընկնեն իմ լրագրողները, ավելորդ բաներ չանեն, հեռուստադիտողի խոսքը դառնա զսպաշապիկ: Իշխանությունը միշտ պետք է հաշվետու լինի ժողովրդին, քանի որ ԶԼՄ-ները 4-րդ իշխանություն են, նրանք ևս պետք է հաշվետու լինեն ժողովրդին: Ես պրագմատիկ նկատառումներ ունեմ, եթե ես փող պիտի ծախսեի ու սոցհարցումներ պատվիրեի, մի բան էլ կհավատայի սոցհարցումների ադյունքներին, ապա սա անվճար ծառայություն է իմ համար, ես կոնկրետ պատկեր կունենամ, թե ժողովուրդը որքանով է գոհ կամ դժգոհ հեռուստաընկերությունից",- ասաց ԳԱԼԱ-ի սեփականատերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter