HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Անհայտ կորած փողեր

Հրանտ Տեր-Հակոբյանը, ընտանեկան խնդիրներից ելնելով, 2004 թ. դեկտեմբերին Այգեստան փողոցում գտնվող իր սեփական տունը վաճառում է 92 հազար ԱՄՆ դոլարով եւ 20 հազարը հատկացնում դուստրերին` Անահիտին եւ Անիին:

«Ասաց` դուք արդեն չափահաս եք, գնացեք տուն գնեք, ես ուզում եմ մենակ ապրել,- հիշում է Անահիտը:- Մեր վաճառված տնից 2005 թ. ապրիլին հեռացանք ու հայրիկիս հետ էլ ոչ մի կապ չունեինք: Մեկ էլ մի օր զանգեց մեր նախկին հարեւանն ու ասաց, որ հայրս հիվանդանոցում է` մենակ եւ առանց փողի»: 2005 թ. հուլիսի 21-ին Հրանտ Տեր-Հակոբյանը քաղցկեղից մահացավ: Նրա բանկային հաշվին մնացել էր 5 հազար դոլար: Անահիտը դիմումներ է գրում իրավապահներին եւ, մատնանշելով կոնկրետ անուններ, խնդրում բացահայտել նրանց կապը անհետացած գումարների հետ: «Տունը վաճառելուց հետո հայրիկիս կողքին հայտնվեց ոմն Ֆելիքս, ում ասելով` իրենք իբր թե 30 տարվա ընկերներ էին: Բայց մենք նրան մինչ այդ երբեւէ չէինք տեսել»,- ասում է Անահիտը:

«Որտե՞ղ պիտի տեսնեին, եթե ես իրենց տուն չէի գնում,- ի պատասխան նշում է Ֆելիքս Մկրտչյանը:- Հրանտը Շախմատի տանը պահակ էր աշխատում, իսկ ես, որպես շախմատասեր, հաճախակի գնում էի այնտեղ: Ինքը խեղճ մարդ էր թե՛ ֆինանսապես, թե՛ հոգեպես: Միշտ օգնում էի, գումար ու հագուստ էի տալիս: Դաժե էս վերջում, որ ինքը հարուստ էր, էլի հագուստ` գլխարկ եմ տվել: Իսկ նրա աղջիկները, որ հիմա ամեն տեղ բողոքում են, ամենամեծ մեղավորներն են: Երկուսն էլ Եհովայի վկա են եւ չկարողացան իրենց հորը պահեն, փայփայեն, որ տունը չվաճառեր, ու փողը չփչանար»: Ֆելիքսի խոսքերով` ինքը Հրանտին (տունը վաճառելուց հետո) հանդիպել է 2005 թ. մարտին, եւ այդ ժամանակ վերջինիս բանկային հաշվում եղել է ընդամենը 18-19 հազար դոլար:

«Հրանտի աղջիկները դիմել էին 6-րդ վարչությունում աշխատող իրենց հարեւանին (Վիգեն Սիմոնյան): Ինքն ինձ կանչեց, հարցաքննեց, մի քանի օր տարավ-բերեց ու վերջում ասաց` ես տեսնում եմ, որ միայն դու ես այդ քույրերի կողմից, մնացածը նրանց դեմ են աշխատել»,- պատմում է Ֆելիքսը եւ սրտնեղում, որ այդքանից հետո Անահիտը շարունակում է իրենից բողոքել: Եվ դա այն դեպքում, երբ «դիփ գործերը Հրանտի հորեղբոր տղան` Վարդանն է արել»: «Նա ժուլիկի մեկն ա: Ընենց փախավ, որ դաժե 6-ի աշխատողները չկարողացան բռնել: Դրա համար էլ քրեական գործ չի հարուցվել»,- կարծում է Ֆելիքսը:

Վարդան Տեր-Հակոբյանն ամենեւին փախուստի մեջ չէ: «Ինձ ամեն տեղ քարշ են տվել` դատախազություն, ոստիկանություն, 6-րդ վարչություն: Բայց արդարություն կա, պետություն կա, 32 հարց տվեցին ու տեսան, որ արդար եմ: Դեռ 6-րդ վարչության Վիգենն ասաց` ամոթ չի, եկել քո դեմ սուտ-մուտ բաներ են գրում»,- նշում է Վարդանը: Նրա պատմելով` տունը վաճառելուց հետո Հրանտը մեկ ամսից ավելի ապրել է իր տանը:

«Բայց էդ Ֆելիքսն ամեն օր տանում ու հարբած հետ էր բերում: Ես էլ ջղայնացա ու երկուսին էլ տնից վռնդեցի: Հենց նույն պահին Հրանտին տվեցի իր բոլոր փաստաթղթերը եւ բանկի թղթերը, որոնց վրա 72 հազար դոլար կար: Դրանից հետո թե այդ թղթերն ի՞նչ արեց, Ֆելի՞քսը ձեռքից վերցրեց, թե՞ Թելմանը, չգիտեմ»,- ասում է Վարդանը:

Լուսանցքում հայտնված քրեական պատմություն

2005 թ. մարտի 25-ին Հրանտ Տեր-Հակոբյանը 5600 ԱՄՆ դոլարով Թելման Յոլչյանից գնել է Ներքին Շանգավիթ համայնքի 3-րդ փողոցի թիվ 14 սեփական տան մի հատվածը` 22,6 քմ մակերեսով սենյակ եւ մի փոքրիկ հողակտոր: Հրանտը շինարարություն է սկսել, եւ 22,6 քմ տարածքով սենյակը նոր կառույցների հաշվին վերածվել է 52,7 քմ մակերեսով բնակարանի: Նա տանտիրոջ` Թելման Յոլչյանի հետ առքուվաճառքի պայմանագիրը կնքել է առանց նոտարական վավերացման, քանի որ ամբողջ տունը, որպես այդպիսին, ապօրինի կառույց է: Փոխարենը կնքված պայմանագիրը վավերացվել է վկաների ստորագրությամբ, որոնցից մեկի դերում հանդես է եկել Վարդան Տեր-Հակոբյանը: Իսկ օրեր անց` ապրիլի 2-ին, Թ. Յոլչյանի համաձայնագրի համաձայն` Հրանտ Տեր-Հակոբյանը հաշվառվել է Շենգավիթի 3-րդ փ. 14 տուն հասցեում: Նրա մահվանից հետո վերանորոգման աշխատանքներն ավարտել են վերջինիս դուստրերը եւ 2005 թ. սեպտեմբերից տեղափոխվել այնտեղ: Այս ամենը պատմում է Անահիտ Տեր-Հակոբյանը, ինչը Յոլչյանների ընտանիքը որակում է իբրեւ բացարձակ սուտ: «Այդ ո՞ր հիմարն իր սեփական տան մի հատվածը կվաճառեր: Հետո` այդ սենյակին նույնիսկ 5 կոպեկ չարժեր տալ, էդ ո՞նց պատահեց, որ Հրանտը, գրագետ, կիրթ մարդ լինելով, 5600 դոլար տվեց,- զարմանում է Թելման Յոլչյանի կինը` Փիրուզա Մովսիսյանը,- սուտ են ասում, մենք այդ սենյակը Հրանտին վարձով ենք տվել` ամիսը 100 դոլարով»: Ֆելիքս Մկրտչյանը պատմում է, որ ինքը Հրանտին «մի քանի հարմար տուն է ցույց տվել, բայց ամեն անգամ Վարդանը թույլ չի տվել գնել դրանք»: Ի վերջո, Վարդանը միջնորդել է, որպեսզի Հրանտը գնի իր ծանոթի` Թելմանի առաջարկած սենյակը, որից հետո «Հրանտի գրպանից գողացել է առքուվաճառքի պայմանագիրը եւ տվել Թելմանին»: «Ես Թելմանի հետ ոչ մի կապ չունեմ: Մենք Հրանտի հետ տուն փնտրելիս պատահաբար ենք հանդիպել Թելմանին: Իմ ներկայությամբ Հրանտը նրան 500 դոլար բեհ տվեց: Բայց Ֆելիքսը նրան մտափոխում է, եւ մեկ շաբաթ հետո նա այդ գումարը հետ է վերցնում: Գիտեմ, որ դրանից հետո նա նորից վերադառնում է եւ Թելմանի սենյակը գնում: Սակայն ապացույց չունեմ եւ ուրիշ մանրամասների տեղյակ չեմ»,- ասում է Վարդան Տեր-Հակոբյանը: «Այո, սկզբում Հրանտը եկել էր այդ սենյակը գնելու եւ 500 դոլար բեհ տվեց: Սակայն հետո որոշեց Նորագավիթում տուն գնել եւ բեհը հետ վերցրեց: Ավելի ուշ նորից եկավ եւ ասաց, որ իրեն տուն պետք չէ, ուզում է ուղղակի սենյակը վարձել,- պատմում է Թելման Յոլչյանը:- Ես Հրանտին եղբոր պես էի ընդունում: Խնդրեց, որ մեր տանն իրեն գրանցեմ, որպեսզի կարողանար թոշակ ստանալ եւ պոլիկլինիկայից օգտվել: Չմերժեցի ու իմ ձեռքով նրան գրանցեցի ոչ թե իր զբաղեցրած սենյակի, այլ ամբողջ տան վրա»: Թելման Յոլչյանն առնվազն անկեղծ չէ: «Հետքի» տրամադրության տակ կա վերջինիս ստորագրությամբ եւ Շենգավիթի թաղապետարանի կնիքով վավերացված այն համաձայնագիրը, որտեղ նա իր համաձայնությունն է տալիս Հրանտ Տեր-Հակոբյանին գրանցելու ոչ թե ամբողջ տան, այլ զուտ Հրանտի զբաղեցրած մակերեսի` 53 քմ-ի վրա: «Հրանտը չարքաշ, տանջված մարդ էր: Խնդրեց, որ թույլ տանք սենյակի պայմանները մի քիչ բարելավի ու կոսմետիկ վերանորոգի: Պայմանավորվեցինք, որ դրա դիմաց մեկ տարվա վարձ չենք պահանջի: Իր բերած վարպետները մի քանի օրում աշխատանքն ավարտեցին: Իսկ նրա աղջիկները ոչ մի շինարարություն էլ չեն իրականացրել: Հոր մահից հետո զոռբայությամբ պատուհանով մտան սենյակ ու սկսեցին ապրել»,- շարունակում է Թելման Յոլչյանը: Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի որոշմամբ` Տեր-Հակոբյան քույրերը վտարվում են Շենգավիթի 3-րդ փ. 14 տնից: Վերաքննիչ բողոքի հետ միաժամանակ վերջիններս հայց են ներկայացնում առաջին ատյանի դատարան` ճանաչելու տիրապետման փաստով սեփականության իրավունքը: Սակայն մինչ առաջին ատյանը գործը կքններ, Վերաքննիչը 2007 թ. նոյեմբերին անփոփոխ է թողնում վտարման որոշումը, ինչն ի կատար են ածում դատական ակտերի հարկադիր կատարողները: «Ստիպված հայցապահանջը փոխեցինք եւ պահանջեցինք հատուցել նոր ստեղծված անշարժ գույքի եւ վերանորոգման համար կատարված ծախսերը»,- նշում է Անահիտ Տեր-Հակոբյանը: 2008 թ. ապրիլի 23-ին Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանը, հաշվի առնելով նաեւ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրոյի»` տեղում կատարած ուսումնասիրությունը, ապացուցված է համարում, որ «Հրանտ Տեր-Հակոբյանի, իսկ հետագայում նրա դուստրերի կողմից իրականացված վերակառուցման եւ վերանորոգման արդյունքում վիճելի տան մակերեսը 22-ից դարձել է 52 քմ, որի արդյունքում տան շուկայական արժեքն ավելացել է շուրջ 5 մլն 835 հազար դրամով»: Ուստի, դատարանը հայցը բավարարում է եւ որոշում Թելման Յոլչյանից բռնագանձել 4 մլն 900 հազար դրամ: Յոլչյանները դիմում են Վերաքննիչ դատարան: Անահիտի պատմելով` դատավորի միջնորդությամբ կողմերը որոշում են հաշտություն կնքել:

«Մենք դատարանին համաձայնագիր ներկայացրինք, ըստ որի` նրանք մեզ փոխհատուցելու էին 10 հազար դոլար, որից 3-ը` տեղում, իսկ մնացածը` 6 ամիս հետո: Սակայն հաշտության պայմանագիրը ձեռքով էինք գրել, եւ դատարանը խնդրեց համակարգչով հավաքել ու նիստը հետաձգեց: Այդ ընթացքում Թելմանի որդին ուղղակի ասաց, որ այդ 3 հազարն էլ է շատ ու մեզ դրանից ավել ոչ մի գումար չեն տալու: Ես պնդեցի, որպեսզի համաձայնագրում նշվի, որ եթե ամբողջ գումարը չտան, պետք է ճանաչվի բնակարանի նկատմամբ մեր սեփականության իրավունքը: Իրենք մերժեցին, ես էլ հրաժարվեցի հաշտություն կնքել: Հաջորդ նիստին դատարան չգնացի»,- պատմում է Անահիտը:

«Նորից ստում է. նման համաձայնագրի մասին խոսք անգամ չի եղել: Մենք ո՞նց կհամաձայնեինք գումար տալ, երբ ինքներս հակընդդեմ հայցով նրանցից պահանջում էինք 2000 դոլար` որպես բնակարանի 2 տարվա չվճարված վարձ»,- տարակուսում է Թելման Յոլչյանը: Սակայն այս դեպքում եւս նրա ասածներն իրականությանը չեն համապատասխանում:

«Հետքն» ունի նաեւ հիշյալ ձեռագիր համաձայնագրի պատճենը` հաստատված հենց Թ. Յոլչյանի ստորագրությամբ: Շարունակելով ընդհատված դատավարությունը` Վերաքննիչ դատարանը, Տիգրան Նազարյանի նախագահությամբ, բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը եւ Տեր-Հակոբյան քույրերին 4 մլն 900 հազար դրամի հատուցման պահանջը` մերժել:

«Մենք Վերաքննիչում պահանջել էինք վերանորոգման ծախսերի մասով նոր փորձաքննություն նշանակել: Բայց մերժեցին: Հետո երեւի, առանց մեզ ասելու, իրենց մասնագետներին ուղարկել են, տեսել են, որ էդ փորձաքննության մեջ ճիշտ բան չկար գրած, ու արդար վճիռ են կայացրել»,- մեկնաբանում է Թելման Յոլչյանը: Մինչ այս դատավարությունները եւ նաեւ դրանց ընթացքում Անահիտն այս պատմության հետ կապված բազմաթիվ դիմում-բողոքներ է գրել Շենգավիթ համայնքի եւ գլխավոր դատախազություններ, նախագահի աշխատակազմի ղեկավարին եւ վերահսկողական ծառայությանը:

Բայց ամեն անգամ հնչել է նույն պատասխանը. «Հարցը կրում է քաղաքացիաիրավական բնույթ եւ ենթակա է լուծման դատական կարգով»: Վճռաբեկ դատարանը Անահիտի բողոքը վարույթ չի ընդունել, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական ուժ է ստացել հրապարակման պահից, որի համաձայն` Անահիտ եւ Անի Տեր-Հակոբյանները պետք է վճարեն նաեւ դատաքննության համար նախատեսված պետտուրքերը` ավելի քան 250 հազար դրամ:

Վերջիններս այդպիսի գումարներ չունեն, ինչի պատճառով մշուշոտ է դառնում նաեւ Եվրադատարան դիմելու հեռանկարը: «Դրանք ո՞վ են, որ մի հատ էլ Եվրադատարան դիմեն, խի Հայաստանն այդքան մեռա՞ծ է, որ նման բան թույլ տա»,- զարմանում է Թելման Յոլչյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter