HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Մաթևոսյան

Խաղացվող դրամայի կիզակետում, որի հեղինակն ու ռեժիսորը դանդաղ բացահայտվող ժամանակն է

Մեկ տարուց ավելի է, ինչ փորձում եմ պարզաբանել ինքս ինձ համար իմ քաղաքական ակտիվությունը: Կարծես թե այս ֆորումին մասնակցության միջոցով ես փնտրում եմ կենսական կարևոր մի բան, որն իր հետ կրում է այնպիսի սահմանափակումներ, որոնք բացառում են դա հայտնաբերելու հնարավորությունը:

Բայց մյուս կողմից էլ, երբ իմ որոնումներն ընդհատվում են, տպավորություն է ստեղծվում, թե ես դադարում եմ գոյություն ունենալուց: Հետևաբար, ստացվում է այնպես, որ այն, ինչին ես ձգտում եմ հասնել, դա ներկա պահի ու իմ որոնման ամբողջականությունն է: Եվ այն նախահիացումը, որ ես ապրեցի` մի քանի կադր դիտելով Գագիկ Ջանգիրյանի դատավարությունից, կարծես թե շատ ավելի ինձ մոտեցրեց արդեն տարուց ավելի ընթացող իմ որոնելիին:

Պարզվում է` նախահիացումն է այն կերպը, որով վերականգնվում է պահի ու որոնման ամբողջականությունը: Հատկապես երիտասարդ իմ հայրենակցի հետ եմ ուզում կիսվել դատավարության այդ կարճ կտորի դիտարկումից ստացած իմ տպավորություններով: Առաջին հերթին ինձ հիացրեց տեսածիս դրամատուրգիան:

Պարզվում է` կյանքը շատ ավելի ուսուցանող սյուժեներ է պարունակում իր մեջ, քան բեմերը հեղեղած նորօրյա թատերգությունը: Իմ տեսած միզանսցենում կար գլխավոր հերոս` «դատվողը», ու կային գործող անձինք` դատողներ, վկա, ժուռնալիստներ և պետության ուժը մարմնավորող` անտուրաժի դեր տանող համազգեստավորներ. և էլի բաներ, որ թատերգական միտքը կարող է ավելի գիտակ ու բանիմաց վերծանել, ինչն իմ ասելիքի հետ առնչվում է մոտավորապես: Ես այս կարճ հոդվածի սահմանում մտադիր եմ կիսվել իմ տպավորություններով ընդամենը, ուստի և առանձնակի ջանք չեմ էլ ուզում գործադրել թատերագետ երևալու:

Աշակերտ-ուսուցիչ տաք-տաք երկխոսության չըմբռնված հերթական դասի մոտիվն է ինձ պատճառել որոնելիին մոտ լինելու նախահիացումը: Աշակերտը հետևել է ուսուցչի գործողություններին և ամենահարմար պահին կալանավորել է նրան: Կալանավորել, կալանավորել տալ, դա այդքան էլ էական չէ, դրանք ժամանակի մեջ տարրալուծվում ու որակվում են դավաճանություն բառով, ըստ իս: Ինչն էլ տևականությա մեջ հաստատվում ու աներկբայորեն դառնում է  ընդունելի բոլորիս համար:

Գագիկ Ջհանգիրյան ուսուցչի  հետ կատարվածը շատ հեռու չէ բիբլիական հայտնի խաղացված դրամայից: Եվ իմ կողմից գուցե անհաջող տարվող այդ երկու զուգահեռների մեջ գործող անձանց կենսագրականը չի տեղավորվում դասական կերպարայնության մեջ: Կարծես թե դատախազական ու ոստիկանական կերպարների հիշատակումը հարկի չէ կատեխիզիսային օրինակելի պատման համեմատականում: Եվ իմ փորձն էլ ձախողված է ի սկզբանե, երբ ուզում եմ իմ  հայրենակցին ներկայացնել խաչյալահեն դատախազի կերպարը:

Չգիտեմ, իմ բացահայտած ճշմարտությունները զարմանալիորեն հայտնվում են ամենաանսպասելի տեղերում երբեմն: Ինձ համար էլ անսպասելի էր իմ մեջ ծնված այն համակրանքը, որն առաջացավ դատվողի կերպարի հանդեպ: Ահավասիկ, ես արձանագրում եմ փաստը` պատրաստ  հավասարապես կիսելու ցանկացած մեղքաբաժին: Դրամատուրգիայի օրենքներին հարիր շոշափվեց նաև զենքի թեմատիկան:

Դատվողը ասաց, որ ունի զենք, և ունի զենքեր` վաստակված Հայրենիքին մատուցած ծառայությունների համար: Եթե չլինի իրոք ծանր հոգեբանական վիճակների տանող այդ բռնադատման երևույթը, ապա կարելի է զավեշտորեն խոսել դատավարություն կոչվող այդ ֆարսի մասին: Որքա՞ն կդիմանան մարդու նյարդերը, որքա՞ն կդիմանա մարդու առողջությունը: Հեշտ է դատողի գործը, կկարդա, կլսի ու կգնա իր տաք ապուրն ուտելու կամ էլ կհետաձգի դատը` ինչպես «Յոթի գործ»-ում:

Մեր օրերում խաղացվող դատական ներկայացումների համայնապատկերի վրա ապրում է նաև հանդիսատեսը` չկալանավորված դեռևս ու չբռնադատվող առայժմ: Պահի, այսինքն` պահ-ժամանակի ամբողջականությունը վերականգնող կարճ մի քանի կադրի իմ ներըմբռնումները ներկայացնելով, ես իմ կասկածները հայտնեցի իրավիճակի նկատմամբ վերոնշյալ կարգավիճակում գտնվող հանդիսատեսի տեսանկյունից: Դատարանի դահլիճի լարվածությունը պիտի որ անտարբեր չթողնի մյուս հանդիսատեսներին նաև:

Լինել վկան` նշանակում է լինել կատարվածի մասնակիցը: Ո՞վ էր իրացնում արդարադատությունը, ինձ համար մնաց անպարզ: Այդ դատական միզանսցենում ես տեսա շուռ տված իրականությունը` աստառի կողմից: Դատողը դատվողն էր: Դա երևում էր նրա ձայնի տեմբրից, ինտոնացիայից ու նաև ասելիքի համոզչականությունից: «Ես ունեմ զենքեր, ընծա ստացած զենքեր` Հայրենիքին մատուցած ծառայություններիս համար»: Սրանք դատվողի խոսքերն են: Հայրենիքը մի դեպքում զենք է ընծայում իր հերոսին, մյուս անգամ դատում է նրան այդ զենքը կրելու համար: Ա~յ քեզ Հայրենիք:

Պարադոքսների մասին ես գրում եմ իմ համարյա բոլոր հոդվածներում: Պարադոքսն է ճշմարտությունը հայտնաբերելու միակ ճանապարհը, թերևս: Եվ անցած տարվա փետրվարին սկիզբ առած պարադոքսալ այդ ուղին հայ հանրությանն, ամենայն հավանականությամբ, կհասցնի յուրաքանչյուրին հասկանալի մի վիճակի: Այդ նոր վիճակի պարզաբանումը կատարվում է այս պահին, դատարանի դահլիճում, ուր դատում են հանրապետության դատախազի նախկին տեղակալին:

Այդ ուղին իր տրամաբանական հանգրվանին կհասնի այն պարզաբանումներից հետո, որոնք կկատարվեն «Յոթի դատը» վարող դատարանում: Դատողը, դատվողը, մենք` վկաներս, այս կամ այն կերպ շատ մոտ ժամանակներս կհայտնվենք խաղացվող այն դրամայի կիզակետում, որի հեղինակն ու ռեժիսորը դանդաղ բացահայտվող ժամանակն է: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter