HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկուշ Ասլանյան

Առանձնատան առեղծվածը

19_01-tunԷջմիածնի Շողակաթ եկեղեցու հարեւանությամբ գտնվող առանձնատներից մեկը բավականին աչքի ընկնող է: Երկհարկանի տունը Ադամ անունով մեկը կառուցել է 1950-ականներին: Տան ներկայիս տարեց հարեւանները հիշում են, որ Ադամը տան հիմքը կառուցել է իրենց տան հարեւանությամբ գտնվող մեկ այլ եկեղեցու` խոնարհված Սբ. Մարիաննայի քարերով:

82-ամյա Արմիկ Ասատրյանը պատմում է, որ երբ 50-ականների վերջին իրենք տեղափոխվել են այդ թաղամաս, Ադամի ընտանիքն արդեն բնակվում էր նորակառույցում: Տարեց կինը հիշում է իր հարեւանների պատմածներն այն մասին, թե ինչպես են Ադամին խնդրել, որ եկեղեցու քարերը տան շինարարության մեջ չօգտագործի: Ըստ տատիկի պատմածի` Ադամն այդ տունը չվայելեց. նրա տղան մահացավ երիտասարդ հասակում, իսկ ինքը տղայի մահից հետո` տանջվելով մահացավ: Մյուս հարեւանը` Վազրիկ անունով, շարունակում է. «Ադամը կով էր պահում: Կենդանին հարվածել էր նրան ու կոտրել ոտքը: Ոչ մի վիրահատություն չօգնեց: Անդամահատեցին: Կտրած ոտքը թաղեցին իր տան բակում: Դրանից հետո վիճակն ավելի վատացավ, երկար տանջվելուց հետո մահացավ: Որքան հիշում եմ` թաղած ոտքը հանեցին ու դրին հետը»: Դեպքից հետո Ադամի ընտանիքի մյուս անդամները, որ սկսել էին հավատալ իրենց պատերի ներսում անբացատրելի ուժի գոյությանը, տունը վաճառում են հայրենադարձ մի ընտանիքի: Տան նոր տերը` պարոն Սուլթանը, աստվածապաշտ ու աստվածավախ մի մարդ, բնակություն հաստատելու օրվանից տարօրինակ երազներ է տեսնում: Արմիկ Ասատրյանը պատմում է, որ Սուլթանը հաճախ էր այցելում իրենց եւ ասում, որ իզուր է այդ տունը գնել: Ասել է, թե` այդ տան հետ կապված ինչ-որ գաղտնիք կա, որ հայտնի չէ իրեն: «Անընդհատ նույն երազն է տեսել. իբրեւ սեւ հրեշտակը` ոտքերը ջրի մեջ, պահանջել է ազատել իրեն այդ տանջանքից»,- Սուլթանի պատմածը մեզ է փոխանցում Արմիկ տատը: 19_01-tun-1 Երազների ազդեցությունն այնքան մեծ է եղել, որ Սուլթանը տունը ներսից ու դրսից, անգամ նկուղը, որի հիմքում հենց գողացած քարերն են, ծածկել է սրբապատկերներով. ինքն անձամբ է դրանք նկարել: Իսկ երբ այդքանից հետո երազները նորից այցելել են նրան, տան բակում սրբատեղի է կառուցել: Սակայն դա էլ չի փրկել ընտանիքին: Ըստ հարեւանուհու. «Երբ լոգարանում Սուլթանը հանկարծամահ եղավ, նորից հիշեցինք առեղծվածը, բայց դրան մեծ նշանակություն տալ չցանկացանք» : Մինչդեռ, չարաբաստիկ դեպքերն իրենք էին դրության տեր դարձել. թույլ չէին տալիս տան հիմքում թաղած քարերի հետ թաղել նաեւ դաժան հիշողությունը: Սուլթանի մահվան 40-րդ օրը նրա տանը հերթական կորուստն է գրանցվում. հանկարծամահ են լինում միանգամից երկուսը` տղան` լոգարանում, ինչպես հայրը, իսկ մայրը` ննջարանում: Գեւորգյան հոգեւոր ճեմարանի կրոնների պատմության դասախոս Տեր Ղեւոնդ քահանա Մայիլյանը հանգուցյալի արարքը` ամենուրեք սրբապատկերներ նկարելը, համարեց ինքնագործունեություն. «Ուղղակի կարելի էր նկուղում գտնել այդ քարը կամ քարերը եւ վերադարձնել եկեղեցի»: Դեպքից հետո տունը հերթական անգամ հանվում է վաճառքի:

Հերթական գնորդին` հոգեւորական Հարություն քահանային հրապուրում է հատկապես տան` եկեղեցու հարեւանությամբ լինելու փաստը: Սակայն, դեռ չտեղափոխված, որդին` Հակոբը, խնդրում է ծնողներին հրաժարվել այդ տնից: Երեխան պատմում է, որ երեք օր անընդմեջ երազում այդ տան նկուղից իրեն է հայտնվում սեւ ոգի եւ սպառնում ոչնչացնել, եթե բնակվեն այդտեղ: «Մինչեւ տունը գնելը, ինձ շատերն էին զգուշացնում դրա առեղծվածի մասին եւ խորհուրդ տալիս հեռու մնալ: Մտածեցի` կգնեմ, տնօրհնեք կանեմ, կմաքրեմ տան աուրան: Բայց երեխայի պատմածից զգուշացա, մանավանդ, որ իմացա` նման երազներ նաեւ նախկին տերերն են տեսել, ու հրաժարվեցի տնից»,- պատմում է հոգեւորականը: «Անիծված տան» մասին լուրից կտրուկ իջավ տան գինը: 2000 թ. սկզբներին, երբ անշարժ գույքի շուկայում առանձնատները բավական թանկ էին վաճառվում, Էջմիածնի Պետրոզավոդսկի (այն ժամանակ` Դիմիտրով) 1 հասցեի երկհարկանի առանձնատան համար 5000 դոլար էլ չէին տալիս: Սակայն, գտնվեց երեւանցի մի երիտասարդ, ով գնեց տունն ու մեկ տարի անց նույն ջրի գնով էլ վաճառեց:

«Չդիմացավ»,- ասացին հարեւանները, որոնց կարծիքով` անբացատրելի ուժը երիտասարդին էլ է հետապնդել: Տան ներկայիս տերը` Ժորա Բաղդասարյանը, 2004-ին այն գնելուց հետո մեկ-երկու տարի թողել է անբնակ: Հետո քանդել-հավասարեցրել է սրբավայրից գողացված քարերի վրա կառուցված լոգարանն ու զուգարանը, ինչից հետո միայն սիրտ արել շունչ տալ տանը. այն մասամբ վերածել է խորտկարանի: Ժ. Բաղդասարյանն աստվածամերժ է: Հումորով է վերաբերվում իր տան շուրջը պտտվող խոսակցություններին:

Նրա կարծիքով` նման պատմությունները հորինում են մարդկանց հնազանդեցնելու համար: Բայց եւ այնպես, նա էլ դեռ չի շտապում տան մշտական բնակիչը դառնալ. ընտանիքով շարունակում են ապրել բազմաբնակարան իրենց հին տանը: Առեղծվածը չզարմացրեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանին: Նմանատիպ պատմություններ նա շատ էր լսել: Ասաց, որ հնարավոր է` դա կապված լինի տան էներգետիկ դաշտի հետ: Չբացառեց նաեւ շղթայական չարաբաստիկ դեպքերի հետեւանքով առաջացած հոգեբանական ներգործությունը: Շողակաթ եկեղեցու քահանա Տեր Մովսես Տերտերյանի մեկնաբանմամբ էլ` այդ տարածքը, որտեղ հիմա առանձնատներ են, վանքապատկան են:

Նախկինում այդտեղ խցերի մեջ վանականներն են բնակվել. հնարավոր է, որ տունը կառուցել են ազդեցիկ սրբերից մեկի խցի տեղումգ Իսկ առեղծվածի պատճառների, մասնավորապես սեւ մոգության, թուղթ ու գիր կոչվածի մեջ չխորանալով` ստեղծված վիճակից դուրս գալու տարբերակ առաջարկեց Տեր Ղեւոնդ քահանա Մայիլյանը. «Եկեղեցական կանոնների համաձայն` սբ. Ծննդից մինչեւ սբ.Հարության տոն տնօրհնեքի կարգ է կատարվում: Երբ օրհնված ջրով ողողվեն տան պատերն ու անկյունները, չկասկածեք, որ չար ուժը կվերանա: Ի վերջո, մեր միջի բնակվողը` Քրիստոսը, ավելի զորեղ է, քան չարը, որ բնակվում է աշխարհում»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter