HY RU EN

Սառա Պետրոսյան

Իրավապահները կարճեցին լրագրողների բողոքի հիման վրա հարուցված քրեական գործը

2008 թ. դեկտեմբերի 26-ին կայացրած որոշումով Գեղարքունիքի մարզի դատախազի պաշտոնակատար Ֆ. Բաղդասարյանը մերժել է մեր ներկայացրած բողոքը ՀՀ ոստիկանության Վարդենիսի քննչական բաժանմունքի քննիչի կայացրած քրեական գործը կարճելու մասին որոշման դեմ: Բողոքը ներկայացրել էինք 2008 թ. օգոստոսի 29-ին Գեղարքունիքի մարզի Գեղամաբակ գյուղում «Հետք»-ի եւ «Քյավառ» հեռուստատեսության աշխատակիցների համատեղ իրականացրած նկարահանումների ժամանակ գյուղի մի խումբ բնակիչների հարձակման միջադեպի հետ կապված, որի կապակցությամբ մարզի ոստիկանությունում քրեական գործ էր հարուցվել: Մի քանի ամիս տեւած նախաքննությունից հետո ոստիկանությունը քրեական գործը կարճելու որոշում կայացրեց` կատարվածը չհամարելով լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու հանգամանք (տես` Հարուցվել է քրեական գործ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար եւ «Գեղամաբակը համայնքապետի ագարակն է»): Մարզի դատախազին ներկայացրած բողոքում նշել էի, որ սույն քրեական գործով հարցաքննվել ենք մի կողմից մենք` լրագրողներս, միատեսակ ցուցումունքներ տալով դեպքի իրական հանգամանքների վերաբերյալ, թե ինչպես են գործով հարցաքննված անձինք խոչընդոտել մեր մասնագիտական գործունեությանը, որի արդյունքում ստիպված ենք եղել դադարեցնել նկարահանումները ու հեռանալ գյուղից: Մյուս կողմից հարցաքննվել են մեր մասնագիտական գործունեությանը խոչընդոտող անձինք` Գեղամաբակի համայնքապետի հայրը` Վիկտոր Բարսեղյանը եւ մոտ 10 կին, որոնք, բնականաբար, նպատակ ունենալով խուսափել պատասխանատվությունից` հերքել են իրենց անօրինական գործողությունները: «Սույն որոշումով օբյեկտիվ գնահատության չեն արժանացել մեր ցուցմունքները, մասնավորապես «օպերատորին բոթելը», «ձեռքիցս քաշելը եւ ընթացքի մեջ գտնվող ավտոմեքենայից դուրս հանելը» չեն դիտվել որպես բռնություն կատարելու եղանակ: Մենք նշել ենք, որ ստեղծված մթնոլորտը գնահատելով որպես ռեալ վտանգ եւ հեռանկարում լի անկանխատեսելի գործողություններով` հարկադրված ընդհատել ենք մեր աշխատանքները, որը չի գնահատվել որպես մեր լրագրողական մասնագիտական պարտականություններին խոչընդոտելու հանգամանք»,- նշել էինք մարզի դատախազին ուղղված բողոքում: Մարզի դատախազի պաշտոնակատար Ֆ. Բաղդասարյանը ոստիկանության քննիչի կայացրած որոշումը հիմնավոր է համարել` նշելով, որ լրագրողական խմբի մյուս անդամները իրենց ցուցմունքներով հերքել են այդ անձանց կողմից լրագրողական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու հանգամանքը, իսկ Վ. Բարսեղյանի գործողություններում բացակայել են որեւէ եղանակով բռնություն գործադրելու, քրեորեն պատժելի որեւէ արարքի կամ արարքների հատկանիշներ (նշենք, որ լրագրողական խմբի մյուս անդամները նախաքննության ընթացքի վերաբերյալ իրենց դժգոհություններն արտահայտել են ժամանակին): Այս որոշման տրամաբանությունից հետեւում է, որ օպերատորին բոթելը, լրագրողի ձեռքից քաշելը եւ ընթացքի մեջ գտնվող ավտոմեքենայից դուրս հանելը պետք է համարել բարի կամքի դրսեւորում, կամ ինչպես ոստիկանության քննիչն էր պնդում` լրագրողներիս հետ հաղորդակցվելու ցանկության արտահայտություն: Բողոքում նշել էինք նաեւ, որ չեն հարցաքննվել դեպքին ականատես վկաները, որոնք, ըստ մեզ, կտային արժանահավատ ցուցմունքներ, ինչի արդյունքում կբացահայտվեր հանցագործությունը: Նշված վկաները առնվազան կհաստատեին Գեղամաբակի համայնքապետ Գագիկ Բարսեղյանի հոր` Վ. Բարսեղյանի` դեպքի վայրում գտնվելը եւ բնակիչների այդ խմբին առաջնորդելը, ինչը առերեսման ժամանակ հերքեցին համայնքապետի կողմից հանդես եկող մոտ մեկ տասնյակ անձինք: Քննիչը չի հերքել այս հանգամանքը, բայցեւ անհասկանալի է, թե ինչ հիմնավորումով է հաստատում համայնքապետի հոր` դեպքի վայրում գտնվելը կամ իմ ձեռքից քաշելը, երբ իր որոշման մեջ մեր ցուցմունքներից բացի ոչ մի այլ ապացույցի հղում չի կատարել, այդ թվում` նաեւ մեր մատնանշած վկաներին: Մինչդեռ մարզի դատախազի պաշտոնակատարը գրում է, որ վկաները հարցաքննվել են: Եթե, ըստ իրավապահների, համայնքապետի հոր գլխավորած բազմությունը մեզ վնասելու միտում չուներ, ապա ինչու՞ էին փակում մեքենայի ճանապարհը եւ հարկադրում մեզ իջնել մեքենայից, սպառնալիքներ տեղում կամ քար նետում մեքենայի ետեւից: Ավելին, մեր հեռանալուց հետո ծեծկռտուք է տեղի ունեցել Գեղամաբակի համայնքապետի հոր գլխավորած եւ մեր նկարահանմանը մասնակցած գեղամաբակցիների միջեւ այն պատճառով, որ նրանք բողոքել են համայնքապետի հանցավոր գործունեությունից: Ընդ որում, վերջիններս նկարահանման ժամանակ հայտնել էին, որ հանրապետության իշխանություններին, այդ թվում նաեւ գլխավոր դատախազին գրավոր բողոքներ են ներկայացրել այն մասին, որ պարբերաբար ծեծի են ենթարկվում Գեղամաբակի համայնքապետի հոր կողմից: Ի դեպ, այս բողոքների հիման վրա հարուցված քրեական գործերը նույնպես ընթացք չեն ունեցել: Մարզի իրավապահների վերաբերմունքից մի հետեւություն կարելի է անել` Գեղամաբակի համայնքապետի հայրը, որ նաեւ գյուղի ավագանու անդամ է, ծեծել է ու պետք է ծեծի, որպեսզի, ինչպես ինքն է ասում, «իր տղան «գյուղապետ աշխատա»: