HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երրորդ տարբերակ, կամ եվրոպական մանդատ

19_01-zar

Բուքմեյքերական գրասենյակներն այս օրերին հավանաբար խաղադրույքներ են ընդունում ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում Հայաստանի պատվիրակությանը ձայնից զրկել-չզրկելու հարցով։ Դեկտեմբերի տասնյոթից հետո, թվում է, արդեն երկմտելու կարիք չկա, սակայն ԵԽԽՎ-ի որոշումները կախված են ոչ միայն եւ ոչ այնքան իրերի դրության ակնհայտությունից, որքան քաղաքական ռիսկերից։

Բաստուրմա-լավաշով, Շուստովի տակառի կոնյակով կամ նույնիսկ կանխիկ փողով եվրոպացիներին կաշառելու վարկածն ինձ միշտ անհավանական է թվացել։ Պոլիտբյուրոյի օրոք արմատացած այս պրակտիկան հիմա ակտուալ չէ, որովհետեւ նոր «պոլիտբյուրոն»՝ ի տարբերություն նախկինի, չի զբաղվում բաշխմամբ։ Բաշխիչ մարմնին կաշառելն այնքան էր տրամաբանական, որ դրա առօրեական դառնալը չէր էլ նկատվել։ Հիմա խոսքը վերացական շահերի մասին է։ Լինելով որոշակի արժեքների դոնոր՝ Եվրոպան նաեւ աքցեպտոր է, որովհետեւ արտահանված արժեքների փոշիացումն ինքնին սպառնալի է եվրոպական հանրության համար։ Եվ այսուհանդերձ, ի՞նչ է սպասվում Հայաստանին՝ սեւ կամ սպիտակ լուծու՞մ, թե՞ ակնկալելի են այլ մոտեցումներ։ Ամենից շատ այսօր խոսվում է պատժամիջոցների մասին, ինչն, ըստ իս, ձեռնտու չպետք է լինի ընդդիմությանը։ Պատժել` կնշանակի Հայաստանը գցել բռնապետական քաոսի մեջ, զրկել պատասխանատվությունից ու պարտավորություններից։ Դրանից հետո քաղբանտարկյալները ոչ միայն չեն ազատվի, այլեւ նրանց շարքը կհամալրվի նոր մարդկանցով։ Մարտի 1-ի գործը ոչ միայն չի բացահայտվի, այլեւ կլինեն նոր «մարտիմեկեր»։ Դատարանները ոչ միայն արդարադատություն չեն իրականացնի, այլեւ կդադարեն պահպանել ձեւական կողմերն անգամ։ Սա գուցե շատ երկար չտեւի, բայց այդ կարճ ընթացքում իշխանությունը կամրապնդի իր դիրքերն ու պտուտակները, դանդաղ, հատ-հատ թուլացնելու միջոցով կսկսի նոր երկխոսություն նույն Եվրոպայի հետ։ Երկխոսություն, որը կարող է տեւել ճիշտ այնքան, որքան նպատակ ունի պաշտոնավարել Սերժ Սարգսյանը։ Ի՞նչ կլինի երկրի հետ՝ հերն անիծած, ո՞վ է մտածում երկրի մասին։ Հայաստանի ընդդիմությանն, ըստ իս, այս պահին ավելի ձեռնտու է եւս մեկ անգամ (ասենք, մինչեւ գարնանային նստաշրջան) հարցի քննարկումը հետաձգելն ու իշխանություններին ժամանակ տալը։ Այս դեպքում եւս քաղաբանտարկյալները չեն ազատվի, բայց նրանց շարքը չի համալրվի նորերով։ Այս դեպքում պատասխանատվությունը եւ պարտավորությունների զգացումը կմնա՝ թեկուզ փոքր ծավալով։ Այս դեպքում ժամանակը կաշխատի ընդդիմության օգտին, ու պահանջատերը կլինի ժողովուրդը։ Կա մի երրորդ տարբերակ, որը չի կիրառվի, որովհետեւ ստանդարտներից դուրս է։ Այս տարբերակը գուցե թույլ է, միջազգային քաղաքականության եւ իրավունքի տեսանկյունից` թերի, բայց պետք է նկատի ունենալ, որ բոլոր ստանդարտներն էլ ինչ-որ ժամանակ եղել են ոչ ստանդարտ եւ դարձել են այդպիսին փորձվելուց ու փորձով հաստատվելուց հետո։ Երրորդ տարբերակը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի կարգավորման եվրոպական մանդատն է։ Հայաստանին պատժելու, ստեղծված իրավիճակի դեմ աչք փակելու կամ հարցն անվերջ ձգձգելու փոխարեն Եվրոպան պետք է հաշտարար-միջնորդի դեր ստանձնի Հայաստանի իշխանության եւ ընդդիմության միջեւ, քանի որ ժամանակը ցույց տվեց, որ, չնայած համաժողովրդական շարժման տված բոլոր շանսերին, իշխանությունն ի վիճակի չէ ինքնուրույն իրականացնել առարկայական (ոչ իմիտացիոն) բարեփոխումներ։ «Ո՞վ դեմ կլինի, եթե Սերժ Սարգսյանը թեկուզ չընտրված, թեկուզ ոչ լեգիտիմ, բայց այսօր այդ պաշտոնը զբաղեցնող մարդ այս ժողովրդի համար որեւէ մի լավ բան կատարի»,- ասում էր Լեւոն Տեր-Պետրոսյանը դեռ անցած տարվա հունիսին։ Իշխանությունն անտեսեց այս կոչը կամ առաջարկը։ Իշխանությունը չկարողացավ օրակարգ կազմել՝ նկատի ունենալով քաղաքական երկու հզոր բեւեռների առկայությունը, որովհետեւ ամեն ինչ գնահատում է «հաղթող-պարտվող» պարզունակ հակադրությամբ։ Իշխանությունը չգնահատեց նաեւ այն իրողությունը, որ Տեր-Պետրոսյանն անպայման եւ ամեն գնով չի ձգտում իշխանության։ Ընդդիմության առաջնորդն իր առջեւ խնդիր է դրել անպայման եւ ամեն գնով մաքրել Ավգյան ախոռները, եւ եթե դրանք մաքրվեն ներսից, իշխանության նախեձեռնությամբ, Տեր-Պետրոսյանն ու նրա գլխավորած շարժումն անգործ կմնան։ Այս պայմաններում «եվրոպական մանդատը» կարող էր ունենալ մեկնարկի բավական լուրջ հնարավորություն։ Եթե կողմերից մեկը չի ձգտում անպայման ու ամեն գնով հաղթանակի, ապա մյուս կողմը կարող է ազատվել պարտության տագնապից։ «Եվրոպական մանդատի» առաքելությունը պետք է լինի իշխանությանն ու ընդդիմությանը նույն սեղանի շուրջ բերելն ու օրակարգի ձեւավորման գործընթաց նախաձեռնելը։ Օրակարգ, որի տողատակերում պետք է երեւան Եվրոպայի առջեւ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները եւ առաջին հերթին հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ։ Սա քաղբանտարկյալներին անհապաղ ազատ արձակելու միակ տարբերակն է, ցավոք` չափազանց տեսական։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter