HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գազպրոմ»-ը վերսկսել է Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա գազի առաքումը

Այդ մասին այսօր առավոտյան հայտնել է «Գազպրոմ» ընկերության խոսնակ Բորիս Սապոժնիկովը` նշելով, որ Եվրամիության գլխավորած դիտորդական խումբը կարող է դիտարկել գազի հոսքը դեպի Ուկրաինա: Ժամեր անց «Ուկրտրանսգազ» ընկերությունը հաստատել է, որ գազը հասնում է Ուկրաինա: Նախատեսվում է, որ վառելիքը Եվրոպա կհասնի երեք օրվա ընթացքում: Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» ռուսական գործակալությունը: Հիշեցնենք, որ Ռուսաստանը դադարեցրել էր գազի առաքումը Ուկրաինա այս տարվա հունվարի 1-ից` ուկրաինական կողմի ավելի քան 2 միլիարդ ԱՄՆ դոլար պարտքի եւ գազի նոր գնի շուրջ վեճի պատճառով: Մեկ շաբաթ անց Ռուսաստանը ամբողջովին դադարեցրել էր գազի մատակարարումը Եվրոպա` Ուկրաինային մեղադրելով Եվրոպայի համար նախատեսված գազը գողանալու մեջ, ինչը ուկրաինական կողմը հերքում էր: Երեկ Ռուսաստանը եւ Ուկրաինան գազի մատակարարման եւ տարանցման վերաբերյալ 10 տարվա պայմանագիր են կնքել: Ուկրաինայի վարչապետ Յուլիա Տիմոշենկոն հայտարարել էր, թե ակնկալում է, որ այս տարի Ուկրաինան հազար խորանարդ մետր գազի դիմաց Ռուսաստանին կվճարի 230 դոլար: Մինչդեռ, ըստ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի, «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերն այսօր Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Ուկրաինան հազար խորանարդ մետր գազի դիմաց վճարելու է 360 դոլար, եւ այդ գինը կարող է փոխվել` կախված համաշխարհային շուկայում նավթի գնի փոփոխություններից: Անցյալ տարի Ուկրաինան հազար խորանարդ մետր գազը Ռուսաստանից գնում էր 189,5 դոլարով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter