HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը սկսում է քննարկումների փուլ

Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված թեթեւ արդյունաբերության խնդիրներին։ Քննարկմանը մասնակցել են արդյունաբերության վերոնշյալ ճյուղի ձեռնարկությունների եւ շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում է կառավարության մամլո ծառայությունը: Վարչապետը նշել է, որ կառավարությունը արդյունաբերական քաղաքականությունը հստակեցնելու նպատակով սկսում է քննարկումների փուլ։ Նա ընդգծել է, որ այդ քաղաքականությունը չի կարելի մշակել եւ իրականացնել առանց տնտեսության համապատասխան ճյուղերի մասնագետների, ձեռնարկատերերի, որոնց գնահատականները, մոտեցումները կառավարության համար շատ կարեւոր են։ Խորհրդակցությունը, ըստ կառավարության ղեկավարի, նպատակ ունի նաեւ համագործակցության եզրեր նախանշելու, հստակեցնելու պետության աջակցության հնարավորությունները եւ այն համատեղ ջանքերը, որոնք թույլ կտան հաղթահարել համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի պայմաններում առաջացող դժվարությունները։ Խորհրդակցության սկզբում Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը ներկայացրել է միջազգային շուկայում եւ Հայաստանում թեթեւ արդյունաբերության զարգացման միտումները։ Վերլուծությունը ներառել է ինչպես թեթեւ արդյունաբերության ճյուղում աշխարհում տեղի ունեցող զարգացումները, կանխատեսումները, Հայաստանում այդ ճյուղի ներկայիս վիճակը, այնպես էլ ստեղծված վիճակից դուրս գալու կարճաժամկետ եւ երկարաժամկետ առաջարկություններ։ Ձեռնարկությունների ներկայացուցիչները եւս հնարավորություն են ունեցել ներկայացնելու իրենց խնդիրները եւ դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները։ Ամփոփելով խորհրդակցության արդյունքները, վարչապետ Սարգսյանն այն բաժանել է երկու մասի. հանդիպմանը ներկա գործարարներին նա հիշեցրել է մասնավոր հատվածի օժանդակության ծրագրերի քննարկման նպատակով կառավարությունում ստեղծված օպերատիվ շտաբի մասին, որտեղ համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի հետեւանքով ստեղծված ժամանակավոր դժվարությունների հաղթահարման նպատակով, պետությունը գործարարներից ստացված բիզնես նախագծերի հայտերը քննարկում եւ պետական աջակցություն է ցուցաբերում։ Վարչապետը վերահաստատել է կառավարության պատրաստակամությունն այդպիսի ժամանակավոր դժվարություններ ունեցող գործարարներին, այդ թվում` խորհրդակցությանը ներկա մասնավոր հատվածի ներկայացուցիչներին օժանդակելու գործում, ընդգծելով, որ ներկայացվող հայտերում ակնկալվում են ինչպես առկա դժվարությունների հստակ նկարագրությունը, այնպես էլ դրանց հաղթահարման հարցում գործարարի պատկերացումներն ու պետությունից ակնկալիքը։ Երկրորդը, որ ընդգծել է կառավարության ղեկավարը, թեթեւ արդյունաբերության ճյուղում պետական իրատեսական ծրագրի մշակման անհրաժեշտությունն է, որի շնորհիվ կհստակեցվի Հայաստանի տնտեսության մեջ ու նաեւ համաշխարհային շուկայում հիշյալ ճյուղի հեռանկարը. «Հայաստանը ժամանակին ունեցել է հզոր թեթեւ արդյունաբերություն, ավանդույթներ, ձեւավորված շուկաներ։ Այժմ այն ծանր վիճակում է, եւ մենք ցանկանում ենք հասկանալ, թե ի՞նչ ներուժ է մնացել այդ ճյուղում եւ այդ ներուժի վրա որքանո՞վ է հնարավոր զարգացում ապահովել», - ասել է վարչապետը, միաժամանակ ընդգծելով, որ պետությունը պարտավոր է հստակ պատկերացնել ներկայումս թեթեւ արդյունաբերության ճյուղում գործող 151 ձեռնարկությունների եւ շուրջ երեքուկես հազար աշխատողների ապագան` խորհրդակցելով ճյուղի ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ։ Քննարկման ընթացքում գործարարների կողմից բարձրացված խնդիրների հետ կապված հանձնարարականներ կտրվեն համապատասխան նախարարություններին, գերատեսչություններին, որպեսզի վերջիններս ներկայացնեն պարզաբանումներ։ Վարչապետը երկշաբաթյա ժամկետ է տվել ՀՀ էկոնոմիկայի նախարարին` փաստաթղթում նշված, ինչպես նաեւ քննարկման ժամանակ գործարարների հնչեցրած առաջարկությունները համատեղ ամփոփելու եւ միջոցառումների ծրագիր ներկայացնելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter