Բաց նամակ Գեղամ Մանուկյանին
Բաց նամակ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական եւ քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանին
Հարգելի Պարոն Մանուկյան,
Անակնկալ հանդիպեցի «Երկիր Մեդիայի» կայքում ձեր լրագրողների կողմից պատրաստված «Ուտելիքը ծամած-պատրաստ է, մնում է կուլ տալ…» սյուժեին և դրան կից «Երկիրն Այսօր»-ի տեսահոլովակին (18.12.08), որոնցում անդրադարձ էր կատարվել իմ մասնակցությամբ մամլո-ասուլիսին: Դիցուք` «..Ստամբուլի` Բիլգի համալսարանի դոցենտ Թուրգաթ Քերեմ Թունջալի հետ բանավեճից հետո օրինակ, երիտասարդ քաղաքագետ Վահան Դիլանյանը այսպիսի կարծիք հայտնեց.. «Պատմական հանձնախումբ ստեղծելը, նշեց (ուղղում. թուրք քաղաքագե’տը նշեց - ), որ դա օգտակար է հենց թուրքերին, այդ դիրքորոշումը ես ողջունում եմ: Նաեւ նրա պատրաստակամությունը, որ իմ հետ մամուլի ասուլիս տա, դա ողջունելի է, որ կողմերը գնում են երկխոսության.. »:
Արձագանքելով տեղակայված նյութին, տեքստի և տեսահոլովակի որոշ անհամապատասխանություններին և տեղ գտած այլ դիտարկումներին` հայտնում եմ իմ հիասթափությունն ու վրդովմունքը` հաշվի առնելով մասնավորապես այն, որ այդ հայտարարությունը տեղ է գտել «թշնամական քարոզչությունն ընդունելու» մասին պատմվող մի սյուժեում և խեղաթյուրված կերպով մեկնաբանվել:
Հաճախ անպատասխան թողնված այսօրինակ հայտարարությունները շուտ կորցնում են իրենց ուժը, իսկ ոչ ադեկվատ ներկայացված ձևակերպումները բումերանգի էֆեկտ ունենում: Այնուամենայնիվ, ձեր շահերից ելնելով, կշարադրեմ որոշ նկատառումներ:
Չարհամարհելով ձեր լրատվամիջոցի ձեռքբերած հայանպաստ իմիջը և չմերժելով նրա գործունեության առաքելությունը, կխնդրեի ձեզ այսուհետև նմանօրինակ հայտարարություններ անելու հետ մեկտեղ նաև համապատասխան ու ճշմարտացի պարզաբանումներ տալ դրանց: Այլապես, ձեր կողմից նշած «թշնամական քարոզչությունն» այս անգամ ներհասարակական դրսևորում կարող է ունենալ:
Մասնագիտական պարզաբանումներ.
Ա) Թուրքական հասարակական կամ քաղաքական ներկայացուցչի հետ հանրային տեսակի ցանկացած հանդիպում օգտակար է: Այն հնարավորություն է տալիս հակառակորդի մասին օբյեկտիվ պատկերացում կազմելու, նրա մտորումներն ընկալելու և հնարավոր զարգացումները կանխատեսելու: Իմ կողմից թուրք գործընկերոջս նախաձեռնությունը ողջունելը նաև կոչված էր` թուրքական կողմի ակտիվ շահագրգռությունը և հայկական կողմի նախաձեռնություն ընդունողի գերակա կարգավիճակը ցուցադրելուն:
Բ) Տվյալ մամլո-ասուլիսում թուրք գործընկերոջս` պատմական հանձնախումբ ստեղծելու օգտակարության մասին մտքի իմ կողմից հղումը նշանակում է հետևյալը. կրկին նշում էի թուրքական կողմի` Հայոց Ցեղասպանության մասին տեղեկատվություն ստանալու ցանկությունն ու պատրաստակամությունը և անուղղակիորեն ակտիվացնում թուրքական շրջանների կողմից Հայոց Ցեղասպանության փաստի ընդունման պահանջն ու անխուսափելիությունը (վերջինիս մասին արված հայտարարություններս կարող եք կարդալ այդ մամլո-ասուլիսը լուսաբանած բազմաթիվ աղբյուրներում):
Տեխնիակական նկատառումներ.
Ա) Ներկայումս հայաստանյան շատ ինտերնետային կայքեր ու այլ լրատվամիջոցներ
լսարան ապահովելու խնդիր ունեն, որի համար հաճախ կիրառում են «սև» Փի ԱՐ-ի տեխնոլոգիաներ (շատ հաճախ անձնական վիրավորանքներ հասցնելով հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին):
Ձեր սյուժեի հրապարակումով ի ցույց եք դնում ներազգային-ներհասարակական շահերի բախումները. արդյունքում սեփական իմիջի զարգացման համար տեղի են տալիս ազգային անվտանգության շահերը:
Բ) Որոշակի հայտարարություն հղելու դեպքում լրագրողը պետք է այն անպայման ներկայացնի առանց տեքստային վրիպակների (տե’ս վերոհիշյալ ուղղումս) և ամբողջական տեսակետի համատեքստում: Այս առումով կարող էիք ավելացնել այդ մամլո-ասուլիսում արված նաև այն հայտարարությունս, որ «…Հայկական կողմը պատմական հանձնախմբին մասնակցելու կարիք չունի. մենք կարող ենք հանդես գալ` որպես օգնող, աջակցող կողմ թուրք գործնկերներին` ճշմարտությունը գտնելու հարցում..»:
Գ) Սյուժեին կից տեսանյութում բացասական շեշտը դրված է հասարակական
կազմակերպությունների վրա:
Հարգելի պարոն Մանուկյան, դրանք քաղաքացիական հասարակության ու ժողովրդավարական համակարգի կարևորագույն տարրերն են: Իսկ ԵԽ-ից Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին քննարկումների ժամանակաշրջանում, քաղաքացիական հասարակության անդամների վրա «ցեխ շպրտելը» միանգամայն բացասական է անդրադառնում տվյալ գործընթացների վրա, մասնավորապես ներկայիս ինֆորմացիոն անվտանգության նուրբ համակարգի պայմաններում:
Դրա փոխարեն կարելի էր նշել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի քննարկման նպատակով ՀՀ նախագահի հետ հանդիպելու մեր կազմակերպության նախաձեռնությունը, որին միացել են տասնյակ հասարակական կազմակերպություններ: Ի դեպ, նախաձեռնության մասին մամլո հաղորդագրությունն ուղարկված էր նաև ձեզ 05.12.2008-ին` ձեր սյուժեի հրապարակումից շատ օրեր առաջ: Վերջինիս ներկայացումը, թերևս, ավելի օգտակար կլիներ նշյալ իրավիճակի պայմաններում:
Փաստորեն, հաշվի չէր առնված ժամանակի գործոնը նույնպես:
Այնուամենայնիվ, հարգելով Ձեզ և ձեր լրատվամիջոցը, կրկին կխնդրեի` նմանատիպ հայտարարություններով հանդես գալուց առաջ հաշվի առնել իմ կողմից վերոնշյալ նկատառումները, այլապես` «ինչպես ասում են, նստվածքը մնում է»:
Հարգանքներով`
Վահան Դիլանյան
Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի նախագահ 20.01.2009
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել