HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Միջգերատեսչական տարաձայնություններ, կամ պարտականությունների ամրագրումը հետաձգվում է

Աշխատավորների և գործատուների հարաբերությունների կարգավորումը ավելի դյուրին դարձնելու նպատակով վաղուց ԱՊՀ բոլոր երկրներում կնքված են Արhմիությունների կոնֆեդերացիա-կառավարություն- Գործատուների միություն եռակողմ պայմանագրեր: Հայաստանում ևս նախատեսված է նման պայմանագրի ստորագրում 3 կողմերի միջև, որը "Կոլեկտիվ հանրապետական պայմանագիր" անունն է կրում: Պայմանագրի նախագծի մշակման աշխատանքային խմբում կառավարությունը ներկայացնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանի խոսքերով`չնայած Զբաղվածության կարգավորման պետական ծրագիրը, Աշխատանքային օրենսգիրքը բավականին արդյունավետորեն կարգավորում են սոցիալ-աշխատանքային հարաբերությունները, բայց Կոլեկտիվ հանրապետական պայմանագիրը տալիս է "սոցիալ-աշխատանքային հարաբերությունների կարգավորման լրացուցիչ երաշխիքներ և կողմերի համատեղ գործողություններով դրանց իրականացում, կողմերը սոցիալական գործընկերության շրջանակներում ապահովում են սոցիալ-աշխատանքային հարաբերությոնների զարգացում, որը կուղեկցվի զբաղվածության մակարդակի բարձրացմամբ և սոցիալական համերաշխության ապահովմամբ": Ըստ Թ. Ավետիսյանի` պայմանագրում ներառված է համագործակցության ապահովումը մի քանի ոլորտներում` աշխատաշուկա, զբաղվածություն, աշխատավարձի, բնակչության կենսամակարդակ, սոցիալական պաշտպանություն: Թադևոս Ավետիսյանի խոսքերով` պայմանագրով ոլորտներից յուրաքանչյուրի համար առանձնացված են կոնկրետ գործողություններ, ինչպես նաև նախանշված են հստակ պարտականություններ կողմերից յուրաքանչյուրի համար, և կողմերը պետք է փոխադարձ բանակցությունների և համատեղ ջանքերի միջոցով փորձեն բարելավել իրավիճակը: Թադևոս Ավետիսյանն ասում է, որ պայմանագրի նախագիծն արդեն ուղարկվել է կառավարություն, բայց մինչ այն ստորագրելը պետք է առկա տարաձայնությունները հարթել: Վարչության պետի խոսքերով` Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան (ՀԱՄԿ) և Գործատուների հանրապետական միությունը գտնում են, որ "ոլորտը պայմանագրում պետք է ավելի ընդարձակ սահմանվի, պայմանագրի շրջանակները ոչ միայն պետք է ընդգրկեն սոցիալ-աշխատանքային հարաբերությունների կարգավորման դաշտը, այլ աշխատանքային հարաբերությունների հետ կապված սոցիալ-տնտեսական հարաբերությունները: Սակայն, պարոն Ավետիսյանի մեկնաբանմամբ, Աշխատանքային օրենսգիրքը հստակ սահմանում է, որ եթե Հանրապետական կոլեկտիվ պայմանագիրը կնքվի, այն պետք է կարգավորի սոցիալ-աշխատանքային հարաբերությունները միայն: Թե ինչ լուծում կստանա խնդիրը, և երբ կստորագրվի պայմանագիրը, պարոն Ավետիսյանը դժվարացավ կոնկրետ պատասխան տալ, միայն ասաց, որ տարաձայնությունը կունենա դրական լուծում, որի համար արդեն առաջարկվել է, որ կառավարությունում հրավիրվի համատեղ քննարկում. "Եթե տարաձայնություններ չլինեին, պայմանագիրը արդեն կնքված կլիներ, որպես և' քաղաքացի, և' պաշտոնյա,ես իրենցից քիչ չեմ շահագրգռված, որ այն շուտ ստորագրվի, բայց ընտրելով սոցիալական գործընկերության զարգացման այս ճանապարհը` մենք համատեղ համակարծիքության վրա պետք է որոշումներ ընդունենք, որը արտահայտի բոլոր կողմերի ցանկություններն ու տեսակետները": socap1Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը իրենց կառույցի համար պայմանագրի ստորագրումը կարևորում է նրանով, որ այն էապես կընդլայնի իրենց լծակները աշխատավորների շահերը պաշտպանելու առումով: Էդուարդ Թումասյանն իր ասածն ավելի առարկայական դարձնելու համար օրինակ բերեց. "Եթե լինի այնպիսի իրավիճակ, ինչպես Կապանում և Ալավերդիում ստեղծվեց, մենք չենք ընկնի այսկողմ, այնկողմ, չենք գնա բանակցելու գործարանի սեփականատիրոջ հետ, այլ խնդիրը միանգամից կդնենք գործատուների հանրապետական միության առաջ և կպահանջենք, որ չկատարեն զանգվածային կրճատումներ": ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Բորիս Խարատյանը, ով անմիջական մասնակցություն է ունեցել բանակցություններին, ասում է, որ առկա են երկու տարաձայնություններ, սակայն դրանք իրականում ավելի շատ վերաբերում են կառավարության և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հարաբերություններին: Ըստ նրա` առաջին տարաձայնությունն այն է, թե ով պետք է ստորագրի պայմանագիրը` կառավարությու՞նը, թե՞ նախարարությունը: Բ. Խառատյանի մեկնաբանությամբ` Աշխատանքային օրենսգիրքը նախատեսում է, որ կառավարությունը լինի ստորագրող կողմ, եթե, իհարկե, նախարարություններից որևէ մեկը լիազորված չէ իրավական ակտով կամ վարչապետի հրամանով ներկայացնելու կառավարությունը: Սակայն Բ. Խարատյանը կարծում է, որ ավելի ճիշտ կլինի, եթե որպես ստորագրող կողմ հանդես գա կառավարությունը, քանի որ աշխատանքային հարաբերություններն առնչվում են նաև աշխատավորի առողջության, վերապատրաստման, անվտանգության և շատ այլ հարցերի հետ, որոնք դուրս են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործառույթների շրջանակներից: Եվ նախարարության կողմից պայմանագրի ստորագրումը նեղացնում է ընդգրկվող հարցերի շրջանակը: Իսկ ինչ վերաբերում է այդ տնտեսական ոլորտի ավելացմանը, Բ. Խարատյանի մեկնաբանմամբ` դա ունի ոչ թե բովանդակային, այլ զուտ տեխնիկական բնույթ, քանի որ իրենք առաջարկում են տնտեսական բառը ներառել նախաբանում, որից, ըստ էության, չի փոխվում պայմանագրի բովանդակությունը: Բ. Խարատյանի խոսքերով`իրենց համար այդ բառի ավելացումը կարևոր է այնքանով, որ, օրինակ, նվազագույն աշխատավարձի սահմանումն ունի ինչպես սոցիալական, այնպես էլ տնտեսական բաղադրամաս: "Միգուցե նրանք վախենում են, որ տնտեսական բառի ավելացումը կնշանակի նաև հարկային և մաքսային մարմինների հետ հարաբերությունների որոշակի կարգավորում, չնայած մենք նման մտադրություն չունենք",- պարզաբանում է պրն Խարատյանը: Նրա տեղեկություններով` վերջին քննարկման ժամանակ տնտեսական բառն ավելացվել է, բայց իրենք տեղյակ չեն, թե հետո է ինչ է եղել: Էդուարդ Թումասյանի խոսքերով` տնտեսական բառի ավելացումը իրենց համար այնքան էլ սկզբունքային չէ, և եթե Գործատուների միությունը համաձայնի, իրենք էլ կհամաձայնեն, քանի որ դա ավելի շատ կառավարության և Գործատուների միության հարաբերություններում է դեր խաղում: Ըստ էդուարդ Թումասյանի` աշխատանքային խումբը դեռ ամառվանից է սկսել աշխատել պայմանագրի մշակման վրա և դեկտեմբերի սկզբին ավարտել է աշխատանքները, պայմանագրի նախագիծը պատրաստ է, և կառավարության 2008թ. միջոցառումների ծրագիրը նախատեսում էր պայմանագրի կնքում մինչև 2008թ. վերջ: "Պայմանագրի ժամկետը նախատեսված է 2009թ.-ից 3 տարով, և ենթադրվում էր, որ մինչ այդ պետք է ստորագրվեր`մինչև 2008թ. ավարտը, և մտներ ուժի մեջ",- ավելացնում է Բ. Խարատյանը: Նա եզրակացնում է, որ կառավարության կողմից զգուշավորություն է ցուցաբերվում, քանի որ "հավասար հարաբերություների վրա հիմնված նման պայմանագիր առաջին ագամ է ստորագրվում, և կառավարությունը չգիտի, թե ինչպիսին կլինեն արդյունքներն ու հետևանքները, քանի այս հարաբերությունները օրենքի ուժ են ստանում": arhmiutԳործատուների հանրապետական միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը պայմանագրի դերը կարևորում է այնքանով, որ սա "ազգային մակարդակով Հայաստանում առաջին պայմանագիրն է, որտեղ բոլոր կողմերը ստանձնում են հավասար պարտավորություններ, այսինքն` կայանում է սոցիալական գործընկերության ինստիտուտ, որտեղ կան հավասար կողմեր, չկա գերիշխող և թելադրող": Գագիկ Մակարյանը տարաձայնությունների առկայությունը բացատրեց նրանով, որ կոնկրետ տնտեսական ոլորտի ավելացման դեպքում պայմանագրի շրջանակները արդեն դուրս են գալիս աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մանդատի սահմաններից, իսկ նախարարությունն ուզում է, որ պայմանագիրը ներառի իր մանդատին վերաբերող հարցեր: Ի դեպ, Գործատուների հանրապետական միությունում ևս դեռ անցյալ տարի էին սպասում, որ պայմանագիրը կստորագրվի: Գ. Մակարյանի խոսքերով` ուշացման պատճառը "երևի զբաղվածությունն է, քանի որ վարչապետն ուզում է, որ բոլորս հավաքվենք ու նորից քննարկենք պայմանագիրը: Մենք հավանել ենք պայմանագիրը, և տարաձայնությունը, ըստ էության, լուծված է, իսկ մնացածը թող որոշի կառավարությւոնը, դա մեր մանդատի մեջ չի մտնում": Հետաքրքիրն այն է, որ կառավարության 2008-2012թթ. միջոցառումների ծրագրում որպես միջոցառում նշված է Կոլեկտիվ հանրապետական պայմանագրի կնքման նպատակով եռակողմ բանակցությունների վարումը, 2008 թ.-ի համար նախանշված է պայմանագրի կնքումը, իսկ մինչև 2012թ.-ը` սոցիալական գործընկերների համագործակցություն` ըստ կնքված պայմանագրի, իսկ կոնկրետ 2008թ. կառավարության միջոցառումների ծրագրում պայմանագրի կնքումը նշված չէ որպես առանձին միջոցառում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter