HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

10 միլիոն դոլար՝ «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ին

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի(ՎԶԵԲ) երեւանյան գրասենյակի տնօրեն Մայքլ Վայնսթին եւ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը  այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում համաձայնագիր ստորագրեցին: Ըստ այդ համաձայնագրի` Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը  տրամադրում է 10 միլիոն ԱՄՆ դոլար վարկ երեք տրանշներով, որպեսզի «ՎՏԲ-Հայաստան բանկը»  վարկեր առաջարկի միկրո և փոքր ձեռնարկություններին (ՄՓՁ-եր) ամբողջ Հայաստանում: Արարողությանը մասնակցում էր նաեւ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ով գործարքը ֆինանսական համակարգում համարեց խոշոր իրադարձություն: Նա նշեց, որ վարկը կարեւոր է նաեւ այն առումով, որ ՎԶԵԲ-ը վարկեր է տրամադրում միայն այն համակարգերին, որտեղ իրավիճակը բարվոք է եւ չկան ֆինանսական խնդիրներ. «Մեր ֆինանսական համակարգն այսօր կայուն վիճակում է, քանի որ տարին ավարտել ենք բարենպաստ պայմաններով, բանկային համակարգում ունենք լավ ցուցանիշներ` մեր բանկային համակարգի ակտիվները աճել են 30 %-ով, բանկային համակարգի կապիտալիզացիան աճել է 40 %-ով»: Ա. Ջավադյանը շեշտեց, որ արդեն տրամադրվել է 150 000 վարկ ֆիզիկական անձանց, 2000-ից ավելի վարկ էլ` իրավաբանական անձանց: ՎԶԵԲ-ի երեւանյան գրասենյակի տնօրեն Մայքլ Վայնսթին էլ կարեւորեց ծրագիրը, քանի որ, ըստ նրա, միկրո եւ փոքր  ձեռնարկությունները զարգացող տնտեսության կմախքն են: Նա, անդրադառնալով Ա. Ջավադյանի ասածներին, ավելացրեց, որ եթե Հայաստանում նույնիսկ ճգնաժամ լիներ, իրենք կշարունակեին օգնություն տրամադրել: ՎԶԵԲ-ն, ինչպես տեղեկացրեց Մայքլ Վայնսթին, այս տարի պատրաստվում է 7 միլիարդ եվրո գումար տրամադրել նախկին ԽՍՀՄ պետություններին, սակայն թե այդ գումարի որ տոկոսն է ուղղորդվելու Հայաստան, տնօրենը չգիտի. «Բայց ես հուսով եմ, որ այս համաձայնագիրը վերջինը չէ այս տարվա ընթացքում»: Հետքի հարցին, թե ինչ պայմաններով է «ՎՏԲ-Հայաստան բանկը» վարկ տրամադրելու միկրո և փոքր ձեռնարկություններին,  Վալերի Օվսյաննիկովը  պատասխանեց, որ կոնկրետ չափանիշներ են լինելու, որոնց կարելի կլինի ծանոթանալ միայն հաջորդ շաբաթվանից. «Միայն կարող եմ ասել, որ այս ֆինանսավորումը շարունակությունն է մեր որդեգրած ծրագրի, քանի որ անցած տարի 10 մլն ԱՄՆ դոլարի վարկ ենք տրամադրել»: Վարկավորման պահանջարկն էլ, ըստ Ա. Ջավադյանի, բարձր է` 250 մլն ԱՄՆ դոլար միայն միկրո և փոքր ձեռնարկությունների առումով: Վալերի Օվսյաննիկովն էլ ուզում է, որպեսզի «ՎՏԲ-Հայաստան բանկը» իր կայուն տեղն ունենա Հայաստանի ֆինանսական  համակարգում վարկերի տեսանկյունից եւ կարողանա 50 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ տրամադրել այս տարվա ընթացքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter