HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Արա Հարությունյան. «Հայաստանը մեր զարգացումն ապահովող հիմնական շուկան է»

ԼՂՀ կառավարության այսօրվա նիստի ավարտից հետո վարչապետ Արա Հարությունյանը, գյուղնախարար Արմո Ծատուրյանի մասնակցությամբ, խորհրդակցություն է անցկացրել հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների հետ:  Ինչպես հայտնում են կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը ներկաներին հրահանգեց ուշադրությամբ ուսումնասիրել կառավարության կողմից այսօր ընդունված գյուղատնտեսական ծրագրերը եւ լայն աշխատանք ծավալել գյուղի մարդկանց շրջանում՝ ուժեղացնելով օպերատիվ կառավարումը համայնքներում: «Քննադատելով շրջվարչակազմերի աշխատանքը, Ա.Հարությունյանը պահանջեց ակտիվացնել գործունեությունը հողօգտագործողների հետ. հարկ է մշակել շատ ավելի վարելահողեր եւ ստանալ ավելի շատ բերք»,-նշվում է տեղեկատվության մեջ: Խորհրդակցությունում գյուղնախարար Արմո Ծատուրյանը տվյալներ  հաղորդեց առաջիկա գարնանացանի նախապատրաստության մասին, նշելով, որ պետական լուրջ օժանդակություն կլինի նրանց, ովքեր կմշակեն գարնանացան մշակաբույսեր, հատկապես` եգիպտացորեն: Տեղեկացնենք, որ կառավարության այսօր կայացած նիստում վարչապետ Արա Հարությունյանը նշել է, որ մոտակա տարիներին լուրջ ուշադրություն է դարձվելու ինչպես հացահատիկային մշակաբույսերի, այդ թվում` եգիպտացորենի արտադրությանը, այնպես էլ` տավարաբուծությանն ու  թռչնաբուծությանը: Ըստ վարչապետի, նշված առաջնահերթություններն ընտրվել են հաշվի առնելով դրանց իրացման հարցը: Իրացման առումով ոչ մի խնդիր չունենք, քանի որ այդ ապրանքները բավականին մեծ չափով Հայաստանը ներկրում է այլ երկրներից: «Հայաստանը մեր զարգացումն ապահովող հիմնական շուկան է հանդիսանում»,-այս միտքն է արտահայտել վարչապետը նիստի ընթացքում: Խորհրդակցության ժամանակ խոսվեց ցրտահարված եւ կարկտահարված խաղողայգիների հարցի մասին. որոշվեց դրանց սեփականատերերին 1 տարով ազատել վարձավճարից եւ 2 տարով տրամադրել անտոկոս վարկ: Անդրադարձ եղավ նաեւ Բանաձորի(Հադրութի շրջան)  եւ Կովսականի (Քաշաթաղի շրջան) ենթաշրջանների կառավարման խնդրին, հստակեցվեցին այդ տարածքների պատասխանատուների աշխատանքի կազմակերպման ձեւն ու կարգը: 2009թ. ենթաշրջանային ծրագրերի համար նախատեսված է 300 մլն դրամ: Գյուղական համայնքները գյուղատնտես կադրերով համալրելու ուղղությամբ այս տարի պետությունը նախատեսում է գործի մեջ ներգրավել այդ կարգի շուրջ 80 մասնագետ, որոնք կանցնեն ատեստավորում եւ վերապատրաստում: Վարչապետը խորհրդակցության մասնակիցներին հայտնեց, որ տարեվերջին կառավարությունը կսկսի նաեւ անասնապահության վարկավորումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter