HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկումներ սննդի վերամշակումը զարգացնելու ուղղությամբ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված սննդի արդյունաբերության վերամշակման ոլորտի խնդիրներին եւ զարգացման հնարավորություններին։ Քննարկմանը մասնակցել են ագրովերամշակման ոլորտի մի շարք ընկերությունների ղեկավարներ եւ շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում է կառավարության մամլո ծառայությունը: Վարչապետը նշել է, թե ուսումնասիրությունների համաձայն` քննարկվող ոլորտում կա բավականին լուրջ ներուժ, որը մասնավոր հատվածի հետ պետության համատեղ ջանքերով լիարժեք օգտագործելու դեպքում, 2009թ. եւ հետագա տարիներին հնարավոր կլինի ապահովել ոլորտի բնականոն զարգացումը. «Առաջին հերթին եթե մենք նայենք, թե ինչ ապրանքներ ենք ներմուծում Հայաստան, նաեւ` այդ ապրանքների ե՛ւ քանակը, ե՛ւ որակական հատկանիշները, կտեսնենք, որ մեր սննդի վերամշակման ոլորտում կան բավականին լուրջ անելիքներ։ Մենք կարող ենք բազմաթիվ ապրանքների ներմուծման փոխարեն կազմակերպել մեր սեփական արտադրությունը կամ ընդլայնել գոյություն ունեցող ձեռնարկությունների հզորությունները։ Հասկանալի է, որ այստեղ անհրաժեշտ են համատեղ ջանքեր, եւ անհրաժեշտ է առաջին հերթին պետության աջակցությունը», - ասել է Տիգրան Սարգսյանը։ Գյուղատնտեսության նախարար Արամայիս Գրիգորյանը ներկայացրել է ոլորտում տիրող իրավիճակը եւ զարգացման հնարավորությունները։ Քննարկման մասնակիցները համակարծիք են եղել ներկայացված տեսակետին, ըստ որի, այսօր սննդի արդյունաբերության ոլորտում ներկրողների հնարավորությունները, պայմանավորված բազմաթիվ գործոններով, ավելին են, քան տեղական արտադրողներինը, ինչը չի խթանում արտադրության ընդլայնումը։ Բոլոր խնդիրները եւ գյուղատնտեսության նախարարության ու մասնավոր հատվածի ներկայացուցիչների առաջարկությունները քննարկելուց հետո, վարչապետը երկօրյա ժամկետ է տվել էկոնոմիկայի, գյուղատնտեսության նախարարություններին եւ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին` դրանք ամփոփելու եւ միջոցառումների ծրագիր ներկայացնելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter