Լեւոն Զուրաբյանը մինչեւ ասուլիսը հայտարարություն է անում
Այսօր Հայացք ակումբում ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը նախքան լրագրողների հարցերին պատասխանելը հանդես եկավ հայտարարությամբ, որը մեջբերում ենք առանց կրճատումների.
«2008թ մարտի 1-ի սպանդից հետո, որը իշխանությունները իրականացրեցին համաժողովրդական բողոքի խաղաղ ակցիաները բռնությամբ դադարեցնելու նպատակով, Հայաստանում առ այսօր շարունակվում է քաղաքական խորը ճգնաժամը, որի չլուծման հիմնական պատճառը իշխանությունների կողմից քաղաքական լուծումներ փնտրելուց հրաժարվելն է եւ 6 տասնյակ քաղբանտարկյալների պահելը բանտերում` հակառակ հասարակության, իրավապաշտպան կազմակերպությունների, միջազգային հանրության պահանջների:
Ռեժիմը, ըստ էության, որդեգրել է քաղաքական պատանդներ պահելու միջոցով համաժողովրդական շարժումը մաշեցնելու եւ բարոյազրկելու անհեռանկար եւ բթամիտ ռազմավարությունը: Այս ծրագիրը իրականացնելու համար վարչախումբը որեւէ գնի առջեւ կանգ չի առել, իսկ կորուստներն իսկապես մեծ են` հեղինակազրկվում է Հայաստանը, ընկնում` նրա միջազգային վարկը, թուլանում են Հայաստանի դիրքերը Ղարաբաղյան բանակցություններում, սառեցվել են միլիոնավոր ներդրումներ Հազարամյակի մարտահրավերներ ծրագրի շրջանակներում, վտանգի տակ է համագործակցությունը Եվրամիության հետ եւ դրա հետ կապված լայնածավալ հնարավորություններ՝ բիզնեսի զարգացման համար:
Զրոյացվել են համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարման նպատակով միջազգային ֆինանասական օգնություն ստանալու Հայաստանի հնարավորությունները, վատթարացել է ներդրումային կլիման: Երկրում շարունակում է տիրել անառողջ հասարակակն մթնոլորտ, աճել են միգրացիայի տեմպերը: Այս ամենի համար պատասխանատու են գործող իշխանությունները, որոնց վարած անխոհեմ եւ ռեպրեսիվ քաղաքականությունն առաջին հերթին հենց իրենց է տանում ինքնաքայքայման ճանապարհով, մինչդեռ շարժման մաշեցման նրանց ռազմավարությունը կատարելապես ձախողվել է` հանգեցնելով նրանց ցանկացածի հակառակին:
Այսօր Համաժողովրդական շարժումը, ի դեմս ՀԱԿ-ի եւ նրան համախոհ ուժերի, ավելի հզոր է, քան երբեւէ. մենք պահպանել ենք մեր համախմբումը եւ շարունակում ենք ամրապնդել շարժման կառույցները եւ կարողությունները: Մենք Հայաստանի գործող իշխանություններից պահանջում ենք դադարեցնել անհեռանկար, ռեպրեսիվ քաղաքականությունը, ազատել բոլոր քաղբանտարկյալներին, որից հետո, ընդդիմության հետ երկխոսության մեջ մտնելով, միասնաբար գտնել Հայաստանի քաղաքական համակարգի առողջացման եւ ժողովրդավարության վերականգնման ուղիները»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել