HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Լրագրող Արթուր Սահակյանի մասով քրեական գործի վարույթը կարճվել է

«Ադնակլասնիկ» սրճարանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործից անցյալ տարվա դեկտեմբերի 26-ին անջատվել է «խուլիգանությանը մասնակցած եւ դեռեւս ինքնությունը չպարզված անձանց մասը, եւ նախաքննությունը շարունակվում է: Իսկ Արմեն Սարգսյանի, Սամվել Ալիխանյանի եւ Սահակ Ազիզբեկյանի մասով նախաքննությունն ավարտվել է եւ 2009 թ. հունվարի 8-ին գործն ուղարկվել է Երեւանի քրեական դատարան` ըստ էության քննելու»: Այս մասին «Հետքին» հաղորդեցին ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին հիշյալ սրճարանում դաժանաբար ծեծի ենթարկված Անդրանիկ Բաբայանը, հիվանդանոցում 8 օր ուշքի չգալով, մահացել էր: Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» ծրագրի ղեկավար Արթուր Սահակյանը հայտարարել էր, որ սպանության հեղինակը ԱԺ պատգամավոր «Լեւոն Սարգսյանն է իր բանդայի հետ» (Տես` հոդվածները՝  «Եթե չձերբակալվեն «Մսաղացի Լյովիկը» եւ նրա խումբը, կլինեն նոր հանցագործություններ», «Միակ իրականությունը»): Միեւնույն ժամանակ նույն գործի շրջանակներում սեպտեմբերի 23-ին Երեւանի բնակչուհի, 1983 թ. ծնված Մարինե Մադատյանը (ըստ լրատվամիջոցների` վերջինս Լեւոն Սարգսյանի ընկերուհին է եւ հայտնի է որպես «ՀՀԿ-ի Մարիշ» - «Հետք») ոստիկանության կենտրոնականի բաժնում հաղորդում էր տվել, որ սեպտեմբերի 20-ին իր ծանոթ Արթուր Սահակյանը, ոգելից խմիչքներ օգտագործած վիճակում, իրեն ծեծի էր ենթարկել եւ փորձել բռնաբարել: «Նախաքննության ընթացքում ձեռք չեն բերվել բավարար ապացույցներ Սահակյանի կողմից Մադատյանին ծեծի ենթարկելը կամ նրա նկատմամբ բռնաբարության փորձ կատարելը հաստատելու կամ հերքելու ուղղությամբ,- հայտնում են ոստիկանությունից: - Նույն պատճառաբանությամբ հնարավոր չի եղել հերքել կամ հիմնավորել Մադատյանի կողմից սուտ մատնություն կատարելու հանգամանքը»: Ուստի, նախորդ տարվա դեկտեմբերի 24-ին որոշում է կայացվել լրագրող Արթուր Սահակյանի մասով քրեական գործի վարույթը կարճել` ապացույցների անբավարարության հիմքով: «Ադնակլասնիկ»-ի գործով ոստիկանությունը հարցաքննել է նաեւ ԱԺ պատգամավորներ Լեւոն Խաչատրյանին եւ Լեւոն Սարգսյանին (մականունը` «Ալրաղացի Լյով»): Սակայն այդ հարցաքնությունները որեւէ բան, ըստ էության, չփոխեցին, եւ մեղադրյալների շրջանակն այդպես էլ չընդլայնվեց: Գործի շրջանակներում կալանավորված երեք անձանցից Արմեն Սարգսյանը մեղադրվում է խուլիգանություն կատարելու (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից), իսկ Սամվել Ալիխանյանը եւ Սահակ Ազիզբեկյանը` խուլիգանությամբ եւ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ) համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter