HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Լ.Զուրաբյան. «Սերժ Սարգսյանը գնալու է Իլհամ Ալիևի հետ խոսելու թուլացած»

Այսօր Հայացք ակումբում ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանին լրագրողները հարցրեցին, թե  ԵԽԽՎ-ում Հայաստանին ձայնից զրկելը ինչպես կանդրադառնա Ղարաբաղի  խնդրի վրա, հատկապես, որ մինչև ԵԽԽՎ նստաշրջանը Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպելու են, արդյոք հնարավոր է որևէ փաստաթղթի ստորագրում` ձայնից չզրկվելու դիմաց: Լևոն Զուրաբյանի  համար մի բան թերեւս պարզ է. «Հայաստանի իշխանությունները նման գործարք առաջարկում են միջազգային հանրությանը և մենք ունենք արդեն դրա փաստաթղթային հաստատումը»: Լ. Զուրաբյանը ասաց, որ  ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ԵԽ անդամ երկրների խորհրդարանների ղեկավարներին ուղղված իր նամակում գրել է, թե  ԵԽԽՎ-ի կողմից սանկցիաների կիրառումը բացասաբար կազդի Հայաստանի վճռականության վրա` հաստատելու խաղաղություն և կայունություն տարածաշրջանում: Լեւոն Զուրաբյանը մեկնաբանում է գրվածը.  «Այսինքն նա ասում է, որ եթե կիրառեք սանկցիաներ, մենք էլ ԼՂ հարցը չենք լուծի: Այսինքն ռեժիմն, ըստ էության, փաստաթղթով առաջարկում է գործարք, որ մենք պատրաստ ենք ԼՂ հարցում գնալ զիջումների, եթե դուք թույլ տաք պահել քաղբանտրակյալներին և աչք փակեք նրանց բանտում լինելու վրա»: Բանախոսը գտնում է, որ քաղբանտարկյալների չլուծված հարցը թուլացնում է Հայաստանի դիրքերը Ղարաբաղյան հարցում: «Սերժ Սարգսյանը գնալու է Իլհամ Ալիևի հետ խոսելու թուլացած, այնինչ եթե նա քաղբանտարկյալներին ազատ արձակեր, ինքը նման խնդիր չէր ունենա և ոչ ոք նրա վրա ազդելու լծակ չէր ունենա: Սա ևս մեկ գին է, որն իշխանությունները պատրաստ են վճարել, քաղբանտարկյալներին պահելու համար»: Ընդդիմությունն էլ համաձայն է, որ իշխանությունները ձերբակալվածներին ազատ արձակեն՝ թեկուզ նրանց առաջադրված մեղադրանքը փոխելով. «Մեր նպատակն է և Հայաստանի առաջնային նպատակն է, որ Հայաստանում չլինեն քաղաքական բանտարկյալներ, վերականգնվի ժողովրդավարությունը։ Այս կամ այն միջոցով մենք դրան հասնելու ենք, մեր շարժումն այդ հռչակած նպատակն իրակագործելու է, իսկ կոնկրետ իրավիճակի համար առաջնային պատասխանատվությունը կրում են իշխանությունները, բայց նաև Եվրոպայի խորհուրդը, և դա իշխանությունների և ԵԽԽՎ գործն է՝ գտնել լուծում և ազատել բոլոր քաղբանտարկյալներին»։ Իսկ մինչ այդ Հայաստանում քաղբանտարկյալների թիվը կարող է ավելանալ` հասնելով 60-ի: Լ. Զուրաբյանը ասաց, որ հունվարի 20-ին ձերբակալվել է Կարեն Հայրապետյանը, ով այն զինվորականն է, որը ցուցմունք է տվել Մյասնիկ Մալխասյանի վարորդի դեմ: Ըստ Լ. Զուրաբյանի` Կարեն Հայրապետյանին ձերբակալել են, որովհետեւ  նա հետագայում հետ է վերցրել իր ցուցմունքը: ՀԱԿ-ը, ինչպես տեղեկացրեց բանախոսը, այժմ ուսումնասիրում է, թե արդյոք Հայաստանում  ի դեմս Կարեն Հայրապետյանի հերթական քաղբանտարկյալն է ավելանում: Իսկ դատավոր Ռուբեն Ափինյանի դեմ սկսված վարույթն էլ, ըստ Զուրաբյանի, մարտի 1-ին  ձերբակալվածների գործով կայացրած արդարացման երկու դատավճռի հետեւանքն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter