HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Իրավական համակարգը պետականությունը տանում է ինքնաոչնչացման

«Ներքին քաղաքական իրավիճակի մեջ մեզ խիստ մտահոգում է այն հանգամանքը, որ իրավական համակարգը` որպես իշխանության ճյուղ, ըստ էության չի գործում, դիմադրողունակ չէ»,- նման եզրակացության է եկել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանը մարտի մեկի գործերին հետևելու և վերջերս իր կուսակցական գործընկերների հետ կալանավայրեր այցելելու արդյունքում: Ըստ նրա` այցելած 2 կալանավայրերում էլ իրենց հայտնել են, որ «կրիմինալիտետի» ներկայացուցիչներ համարյա չեն բերվում կալանավայրեր, և խիստ մեծ է այն մարդկանց թիվը, ովքեր քաղաքացիական գործերով են այժմ մուտք գործում կալանավայրեր: Վարդան Խաչատրյանը մտահոգիչ է համարում, որ նույնիսկ այդ շարքային անձինք, որոնք որևէ «քաղաքական ելևէջի» հետ կապ չունեն, դատարաններում հայտնվում են նույն կամայականությունների շրջանակում և նրանց հետ վարվում են այնպես, ինչպես ցանկանում են: Վարդան Խաչատրյանն ասում է, որ ԶԼՄ-ները և հ/կ-ները հասարակության ուշադրությունը պետք է սևեռեն դատական համակարգում տիրող այս իրավիճակի վրա, որ հասարակության ներսում այն տեղաշարժը, որ հիմա առկա է, չվերածվի իրավական համակարգի ընդհանուր դեֆոլտի: Առանց այն էլ, պատգամավորի խոսքերով, որևէ մեկը չի կարող պնդել, որ այն իշխանության անկախ թև է. «Մենք կարող ենք իջնել ավելի ցածր մակարդակի, ինչը մենք ուղղակի բնորոշում ենք որպես հանրապետության ներսում ինքնաոչնչացման մեխանիզմի կիրառում, քանի որ եթե իրավական համակարգը գործում է այս տարբերակով, պետականությունը գնում է դեպի ինքնաոչնչացում»: Ինչ վերաբերում է կոնկրետ «Յոթի գործին», որը, ըստ էության, հայտնվել է փակուղային վիճակում, քանի որ դատավորը մեղադրյալների ոտքի չկանգնելու պատճառով անընդհատ հետաձգում է նիստը, «Ժառանգություն» պատգամավորն ասաց. «Դատարանի հանդեպ հարգանքը ամբաստանյալների մոտ պայմանավորված է նաև դատարանի` նախորդ փուլերում տեղի ունեցած գործողություններով, ինչպես իրենց դատավարության սկզբնական հատվածի, երբ իրենք ոտքի էին կանգնում, այնպես էլ զանգվածային լրատվամիջոցներով իրենց ստացած տեղեկություններով, թե մարտի 1-ի հետ կապված ինչպիսի դատավարություններ են ընթանում»: Բացի այդ, Վարդան Խաչատրյանի խոսքերով` կազուսային իրավիճակից դուրս գալու համար պետք է ուսումնասիրել, թե նման դեպքերն ինչ հանգուցալուծում են ունեցել, քանի որ սա միակ դեպքը չէ. «Ամերիկայում կա նման նախադեպ, երբ ամբաստանյալը ոտքի չէր կանգնում, և հայտարարությունը շարադրվեց «դատարանը գալիս է, խնդրում ենք ոտքի կանգնեք», և այդ կերպ իրավիճակը հաղթահարվեց»: Ի դեպ, իրենք այս կոմպրոմիսային տարբերակը հնչեցրել են մամուլով, բայց այն մնացել է առկախված: Վարդան Խաչատրյանը հիշեցնում է, որ հարգանքը անկախության ճանապարհով է ձեռք բերվում. «Դատարանները պետք է գործեն անկախության և թափանցիկության այն աստիճանի վրա, որ համահասարակական վերաբերմունքը, հարգանքը համանման վարվեցողություն ունեցող մարդկանց նկատմամբ դրսևորվի համապատասխան ձևով»: Պատգամավորը կարծում է, որ այս փակուղային վիճակի հաղթահարման վրա մեծ ազդեցություն կունենա նաև միջազգային արձագանքը: «Մարտի 1-ի հետ կապված իրական բացահայտումներ կլինեն ավելի ուշ: Բայց ինչպիսի բացահայտումներ կլինեն` ժողովրդական ալիքի բարձրացմամբ և արմատական փոփոխություններով, թե կընթանան համեմատաբար ավելի մեղմ զարգացումներ, բավականին դժվար է հիմա կանխատեսել»,-եզրափակեց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter