Ա. Մազմանյանը. «Եվրախորհրդում լինելը իմիջի խնդիր է»
Այսօր մտավորականներ Աշոտ Բլեյանը եւ Արմեն Մազմանյանը փորձեցին խոսել ԵԽԽՎ կայանալիք ձմեռային նստաշրջանից, սակայն հնչեցին փոխադարձ մեղադրանքներ: Բլեյանի համար Եվրոպան Հայաստանի քաղաքացու պաշտպանն է. «Մենք մի փուլում ենք, որ հայաստանցին ունի իրավունքների պաշտպանության խնդիր, եթե մենք մեր Սահմանադրությամբ այնքան պաշտպանված լինեինք, որ դրա կարիքը չունենայինք, թող զրկվենք ձայնից, վտանգ չկա»:
Ա. Մազմանյանը այն համոզմանն է, որ հազարամյակներ անկախություն չունեցող ազգը պետք է 17 տարում հայտնվեր այնտեղ, որտեղ է: Նա ցավ ունի, որ քաղբանտարկյալ փաստը Հայաստանում կա, սակայն ասում է, որ 1991-1997թ էլ քաղբանտարկյալներ կային. «Քանակով փոքրացել են, էվոլուցիա կա համեմատության մեջ»: Բլեյանն էլ խորհուրդ է տալիս Մազմանյանին փոխել ակնոցները` իրավիճակը ավելի լավ տեսնելու համար: Մազմանյանի ուզածը մեկն է` լինել օբյեկտիվ. «Ես չեմ կարող ինձ կույր համարել, բայց օբյեկտիվը մեր կյանքում ավելացել է»: Ա. Բլեյանը հարցնում է. «Դու օր ու ցերեկով 10 գնդակահարված մարդ ես տեսել», ինչին Մազմանյանը պատասխանեց. «1991-1997թ ամիսը մեկ ինքնասպան եղող գեներալներ չունենք, կախվող դատախազներ չունենք»: Ա. Բլեյանը հուսահատվեց, որ ազգի մտավորականը կարող է այդպես ներկայացնել մարտի 1-ը եւ հաշտ ապրել, քանի որ իր նյարդային համակարգը խախտվել է. «Ինձ համար անիմաստ է դառնում իմ գործը, կրթության, կյանքի գործը ընդհանրապես»: Սակայն Մազմանյանը հիշեցնում է, որ ի սկզբանե նա ասել էր, որ եղածը իր համար համազգային ողբերգություն է, քանի որ տոտալ նեվրոզ է տիրում. «Ուժ ունենանք հրաժարվել փանջունիզմից, ընդդիմադիրի կեցվածքից: Այսօր ընդդիմադիրը ուրախանում է, որ մեզ Եվրոպայում պատժում են, ընդդիմադիրը կուրախանա, որ Ղարաբաղը մեր ձեռից առնեն»: Բլեյանն էլ հոգոց է հանում. «Վայ, մամա ջան»:
Նա արհեստական է համարում առաջացած իրարանցումը. «Որովհետեւ մենք խնդիրներ ունենք ներսում, քանի որ մենք ներսից ենք փչացած»: Ա. Բլեյանն ասում է, որ եվրոպացիները թող բարով գան, բայց դա իր խնդիրը չէ, քանի որ իր համար առաջնայինը Ալիկ Արզումանյանն է, Գրիգոր Ոսկերչյանը. «Հետո էլ Հայաստանի պատվիրակությունը պետք է հայաստանցիների ձայնը հնչեցնի, դե որ հայաստանցին էլ ձայնազուրկ է, թող պատվիրակությունն էլ ձայնի իրավունք չունենա»: Արմեն Մազմանյանի համար էլ կեցվածքն է կարեւոր, քանի որ «անընդհատ տղա բերել, դրանց կարծիքի վրա հույս դնելը շատ գավառական է»: Իսկ բոլոր խնդիրների լուծումը, ըստ բանախոսի, մեկն էր. «Քանի որ ազգովի ցավ էր եւ առաջին անգամ ընկել էինք այդպիսի կազուսի մեջ, պետք էր համաներումով փակել»: Ա. Մազմանյանը գտնում է, որ սարսափելի ոչինչ չի կատարվի, քանի որ Եվրախորհրդում լինելը իմջի խնդիր է. «Ինտուիտիվ զգացում է իմ մեջ, որ ոչ մեկ մեզ ձայնից չի զրկի»: Ա. Բլեյանն էլ հիշեցնում է, որ երբ ձայն չունես, նրանից զրկելն էլ անհնարին է. «Ինձ համար շատ ավելի կարեւոր է իմ ընկերների ազատազրկման փաստը, քան ինչ-որ խմբի ձայնից զրկելը»: Բլեյանը գտնում է, որ «7-ի գործը» այլասերություն է, ավելի քան բոլոր սերիալները միասին վերցրած. «Պետությունը ոչնչանում է»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել