«Երկիր» միություն. «Վրաստանում «Երկիր» միության գործունեության նպատակները պարզ են եւ հստակ»
Ադրբեջանի խորհրդարանի պաշտոնական «Ադրբեջան» թերթում Ռասիմ Բայրամովի տպագրված հոդվածը 2008թ.-ի դեկտեմբերին անդրադարձել էր նաև «Երկիր» հայրենադարձության և հիմնավորման հասարակական կազմակերպությունների միության գործունեությանը Ջավախքում (Տես հոդվածը` http://hetq.am/am/politics/javakhk): Այսօր «Երկիր» միությունը հայտարարություն է տարածել վերոնշյալ հրապարակման վերաբերյալ, որում մասնավորապես ասված է.
«2008թ. դեկտեմբերի վերջերին Ադրբեջանի Հանրապետության միլի մեջլիսի /խորհրդարանի/ «Ադրբեջան» պաշտոնաթերթի համարներից մեկում զետեղված է «Ջավախքահայությունը պաշտոնական Թբիլիսիին նոր անջատողական պայմաններ է առաջադրում» վերտառությամբ հոդվածը (Տես` http://www.azerbaijan-news.az/index.php?Lng=aze&year=2008&Pid=31017), որտեղ ծավալուն անդրադարձ կա «Երկիր» միության Վրաստանի հայ փոքրամասնության իրավունքների պաշտպանությանն ուղղված գործունեությանը:
Նշված հոդվածում «Երկիր» միության գործունեությունը ներկայացված է խիստ խեղաթյուրված: Ի թիվս այլի, որպես «Երկիր» միության նպատակ ներկայացվում է` «անջատողական քաղաքականություն վարելու հետ մեկտեղ Ջավախքի անկախությանը հասնելն է»:
«Երկիր» միությունը հարկ չէր համարի որեւէ կերպ արձագանքել ադրբեջանական քարոզչամեքենայի ապատեղեկատվության հերթական նմուշին, եթե այն զետեղված չլիներ Ադրբեջանի խորհրդարանի պաշտոնական հանդեսում, հետեւաբար` գրված չլիներ ադրբեջանական իշխանությունների պատվերով:
Նշված հրապարակումը հետապնդում է մեկ հիմնական նպատակ` միջազգային հանրության մոտ շփոթ ստեղծել Ջավախքում եւ Ջավախքի շուրջ տեղի ունեցող գործընթացների եւ այնտեղ «Երկիր» միության ծավալած աշխտանքների վերաբերյալ:
Հրապարակման հեղինակը, արհամարհելով լրատվական բարոյականության բոլոր նորմերը, պարզապես խեղաթյուրում է «Երկիր» միության խորհուրդի նախագահ Սեւակ Արծրունու 2008 թվականի դեկտեմբերի 5-ին «Ազգ» օրաթերթում հրապարակված հարցազրույցում տեղ գտած մտքերը (Տես` http://www.azg.am/AM/2008120505):
Վրաստանում «Երկիր» միության գործունեության նպատակները պարզ են եւ հստակ.
1. Աջակցել Վրաստանի հայ փոքրամասնության համախումբ բնակության տարածաշրջաններում` հանրային կյանքի բոլոր ոլորտներում հայերենի օգտագործումն օրենսդրական-նորմատիվ ամրագրմանը
2. Նպաստել վիրահայության սոցիալ-տնտեսական, լեզվական, կրթա-մշակութային եւ կրոնական խնդիրների (Հայ Առաքելական Եկեղեցու որպես հանրային իրավունքի սուբյեկտ չգրանցված վիճակը, շրջանային եւ կենտրոնական կառավարման մարմիններում էթնիկ հայերի անլիարժեք ներկայացվածությունը, մայրենի լեզվի հիմքի վրա բարձրագույն կրթություն ստանալու հնարավորության բացակայությունը եւ այլն) լուծմանը:
(Մանրամասն տես՝ http://www.yerkir.org/index.php?lang=arm&level_id=10)
Վիրահայությանն ու ջավախքահայությանը հուզող խնդիրներին լուծում տալն ուղղակիորեն բխում է էթնիկական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության գծով Վրաստանի իշխանությունների կողմից ստանձնած միջազգային պարտավորություններից եւ ամրագրված է տարբեր միջազգային կառույցների, այդ թվում` ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնոժողովի, ինչպես նաեւ մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ հանձնարարականներում:
Դրանից ելնելով` «Երկիր» միությունը նպատակաուղղված աշխատանք է տանում համապատասխան միջազգային ատյանների առջեւ (ՄԱԿ, ԵԱՀԿ, Եվրամիություն, Եվրոպայի Խարհուրդ եւ այլն) վիրահայության եւ ջավախքահայության խնդրների ներկայացման եւ պաշտպանության ուղղությամբ»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել