Հարձակման է ենթարկվել հարկադիր կատարող Հայկ Բաբաջանյանը
Ըստ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության մամլո քարտուղարի տարածած հաղորդագրության` հունվարի 21-ին վաղ առավոտյան, ծառայության ուղեւորվելիս, հարձակման է ենթարկվել ԴԱՀԿ Կոտայքի մարզային բաժնի ավագ հարկադիր կատարող Հայկ Բաբաջանյանը:
Անհայտ անձը կտրող-ծակող առարկայով 4 անգամ հարվածել է նրան` պատճառելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Հայկ Բաբաջանյանը ծանր վիճակում տեղափոխվել է Երեւան, որտեղ վիրահատվել է: Դեպքի առիթով Ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2 մասի հատկանիշներով, այն է` իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը, կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ:
«Նշենք, որ ծառայությունում Հայկ Բաբաջանյանը վարում է «Բջնի» հանքային ջրերի գործարան ՓԲԸ-ին վերաբերվող կատարողական վարույթները: ԴԱՀԿ ծառայությունը չի բացառում, որ դեպքը կարող է անմիջական կապ ունենալ հարկադիր կատարողի ծառայողական պարտականությունների կատարման հետ»,- ասվում է մամուլի քարտուղարի տարածած հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել