HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Գոնե էն 2 տարին էլ կանանց կյանքի հետ չի խաղա»

40 տարվա մանկաբարձ-գինեկոլոգի սխալ ներարկման պատճառով մեկ տարի առաջ 37-ամյա մի կին էր մահացել` որբ թողնելով 4 զավականերին: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում նախագահությամբ դատարանի նախագահ Էդվարդ Մանուկյանի հուլիսի 25-ին լսվեց Ֆուրման Մադոյանի գործն, ում մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ, հոդվածի 2-րդ մասով: 1942 թ. ծնված, բարձրագույն բժշկական կրթությամբ, Հայաստանի տարբեր բուժհիմնարկներում, Ղազախստանում, Մոսկվայում, Աֆրիկայում աշխատած, թվում է, թե իրապես բազմափորձ բժիշկը 2010 թ. հունիսի 18-ին իր օգնությանը դիմած Էլմիրա Եղոյանին առանց անհրաժեշտության, արգանդի վզիկից քսուք վերցնելու նպատակով ներարկել էր «Լիդոկային» տեսակի դեղամիջոց, որից հիվանդն ընկել է անաֆիլակտիկ շոկի մեջ եւ գիտակցության չգալով մահացել է:

Նիստին դատակոչված 7 վկաներից դատարան էր եկել միայն մեկը` Արտուշ Գրիգորյանը: Բայց քանի որ կողմերն այդ առնչությամբ որեւէ առարկություն չներկայացրին, դատավոր Մանուկյանը որոշեց նիստը շարունակել ներկա կազմով: Ֆուրման Մադոյանի փաստաբան Ռուբեն Մովսիսյանը միջնորդեց դատարանին կիրառել արագացված դատաքննության կարգ: Ամբաստանյալը եւս հայտարարեց, որ տեղեկացված է, հասկանում է, որ հետագայում զրկվում է վճիռը բողոքարկելու իրավունքից, բայց քանի որ իրեն հանցավոր է ճանաչում եւ ընդունում առաջադրված մեղադրանքը, ապա խնդրում է դատարանից գործը քննել արագացված կարգով:

Դատարանը սկզբում լսեց ամբաստանյալ Ֆուրման Մադոյանին: Վերջինս նախ մի փոքր անդրադարձ կատարեց սեփական կենսագրությանը` շեշտելով, որ համակարգում աշխատում է 1969 թ.-ից ու ունի բազմաթիվ պատվոգրեր, վերապատրաստվել է Մոսկվայում, գնահատելով իր աշխատանքային հմտություններն իրեն 1983-85 թթ.-ին գործուղել են Մալի: Երկար տարիներ աշխատել է Գյումրիի ծննդատանը, որոշ ժամանակահատված անգամ ղեկավարել այն: 2005-2009 թթ. աշխատել է Կապանում, այնուհետեւ վերադառնալով Գյումրի` աշխատանքի է անցել թիվ 1 պոլիկլինիկայում, որպես մանկաբարձ-գինեկոլոգ, որտեղ էլ հենց գրանցվել է չարաբաստիկ դեպքը:

Էլմիրա Եղոյանի մահից հետո կալանքի տակ չգտնվող բժշկին առողջապահության նախարարությունը աշխատանքի էր «տեղավորել» Ապարանի հիվանդանոցում, որտեղ էլ ներկա պահին ամբաստանյալն աշխատում է: Այդ փաստը հարուցեց նաեւ դատավորի զարմանքը, ում տարօրինակ թվաց մասնագիտական գործունեության ընթացքում ցուցաբերած անփութության արդյունքում մահվան պատճառ դարձած մասնագետի տեղափոխումը մեկ բուժհաստատությունից մեկ այլ բուժհաստատություն, որտեղ այս մեկ տարվա ընթացքում Ֆուրման Մադոյանը շարունակել է աշխատել իր մասնագիտությամբ: «Առողջապահության նախարությունից են խնդրել, որ աշխատեմ Ապարանում»,- տեղեկացրեց ամբաստանյալը:

Ֆուրման Մադոյանը պատմեց, որ լավ է ճանաչում Եղոյանների երիտասարդ ընտանիքին: Նախ ծանոթացել է Բագրատ Եղոյանի հետ, ով իրենց շենքի հարեւանությամբ գործող ռադիոտեխնիկայի սրահում է աշխատել: Ախուրյանում բնակվող Էլմիրա եւ Բագրատ Եղոյանները իրենց տեղամասային պոլիկլինիկայի կամ ծննդատան ծառայություններից օգտվելու փոխարեն գերադասել են դիմել Ֆուրման Մադոյանին` հաշվի առնելով ծանոթության փաստը: Ամբաստանյալը հայտնեց, որ Էլմիրան երկար տարիներ տառապել է արգանդի վզիկի էրոզիայից: Ինքը բազմիցս խորհուրդ է տվել Բագրատին կնոջը տանել վիրահատության, որը հիմնովին կազատեր նրանց այդ խնդրից: «Բայց նա ձեր սրսկման արդյունքում է մահացել,- նկատեց դատավորը,- ինչու եք հիմա դուք դա ասում: Դա այս պահին որեւէ էական նշանակություն չունի»:

Տուժողի իրավահաջորդ Բագրատ Եղոյանն ասաց, որ Ֆուրման Մադոյանի հետ ծանոթացել է մոտավորապես 8 տարի առաջ, իր հաճախորդն է եղել: Փաստն այն է, որ կինն իրոք ունեցել է նշված խնդիրը: Իրենք դեպքից 5 տարի առաջ հետազոտման ու բուժման նպատակով դիմել են Մադոյանին, բայց քանի որ վերջինս այդ ժամանակ գործուղված է եղել Կապան, ապա նրա խորհրդով Էլմիրան բուժում է ստացել Երեւանում: Սակայն հիվանդությունը կրկնվել է եւ, քանի որ, իրենց ծանոթ բծիշկն էլ արդեն Գյումրիում է գտնվել, ինքը խորհուրդ է տվել կնոջը գնալ Ֆուրման Մադոյանի մոտ:

Ամբաստանյալն ասաց, որ «Լիդոկայինն» ինքը սրսկել է «պացինետի» ցանկությամբ, քանի որ վերջինս խնդրել է ցավազրկել: «Կա եզրակացություն, որ «Լիդոկայինի» անհրաժեշտություն չի եղել»,- նկատեց դատավոր Մանուկյանը:

«Ինքն է պահանջել»,- պնդեց ամբաստանյալը: «Բայց այս պարագայում բժիշկը դուք էիք, ոչ թե նա,- հակադարձեց դատավորը,- ո՞վ է տեսել, որ բժիշկը բուժում անի հիվանդի թելադրանքով: Դուք չե՞ք ընդունում, որ բժշկական սխալ եք թույլ տվել»: Այս հարցին ի պատասխան ամբաստանյալը փորձեց արդարանալ՝ ասելով, թե երբեմն դեղորայքը ժամկետանց է լինում եւ այլն:

Դատավոր Մանուկյանը հրապարակեց փորձագիտական եզրակացության տվյալները, որտեղ նշված էր, որ սրսկման համար օգտագործված «Լիդոկային» դեղորայքը համապատասխանել է ստանդարտներին եւ որեւէ շեղում չի հայտանբերվել: Փորձաքննությամբ ապացուցվել է, որ նմանատիպ բժշկական գործողության համար անզգայացման անհրաժեշտություն չի եղել, եւ որ առաջացած անաֆիլակտիկ շոկը պատճառական կապի մեջ է եղել ներարկման հետ: Ֆուրման Մադոյանը նախքան հետազոտությունը սկսելը չի հավաքել լրացուցիչ տեղեկություններ հիվանդի ընդհանուր վիճակի մասին, չի կատարել լրացուցիչ քննություն, չի ճշտել, թե մահացածը որ տեսակի դեղորայքի նկատմամբ ունի ալերգիկ ռեակցիա: Ուշացած է եղել նաեւ Գյուլբենկյանի անվան բուժհաստատության բժիշկների ներգրավմամբ առաջին օգնության ցուցաբերումը: Փորձաքննությամբ ապացուցվել է, որ եթե ժամանակին ճիշտ օգնություն ցուցաբերվեր, հնարավոր է, որ 37-ամյա կնոջ կյանքը փրկվեր:

Մեղադրանքը պաշտպանող դատախազ Սալոյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին Ֆ. Մադոյանին հանցավոր ճանաչել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար եւ նրան դատապարտել ազատազրկման չորս տարի ժամկետով` զրկելով բժշկական գործունեությամբ զբաղվելու իրավունքից 3 տարի ժամանակով: Մեղադրողը նշեց, որ ամբաստանյալի կատարած հանցանքի պատճառով 4 երեխա մնացել է որբ, նրանցից փոքրը 2,5 տարեկան է: Սալոյանի կարծիքով՝ բժիշկն իրավունք չուներ հիվանդի խնդրանքով ներարկում կատարելու, իսկ առողջապահության նախարարությունն էլ` մահվան պատճառ դարձած բժշկին թույլատրելու շարունակել գործունեությունը մեկ այլ բուժհաստատությունում: Մեղադրողը միջնորդեց նաեւ ամբաստանյալի նկատմամբ կիրառել համաներում, հաշվի առնելով տարիքը, 2-րդ կարգի հաշմանդամ լինելը եւ որ խնամքին ուսանող տղա ունի:

Ամբաստանյալի փաստաբանը դատարանից խնդրեց մեղմ մոտենալ իր պաշտպանյալին, նրա նկատմամբ կիրառել համաներում եւ չզրկել բժշկական գործունեությունից, քանի որ տան միակ աշխատողն է:

Տուժողի իրավահաջորդ Բագրատ Եղոյանն ասաց, որ ընդհանուր առմամբ դեմ չէ դատախազ Սալոյանի միջնորդությանը, միայն թե հանուն արդարության դեմ է, որպեսզի Ֆուրման Մադոյանի նկատմամբ կիրառվի համաներում: «Եթե չեք կարող դատապարտել, գոնե թույլ մի տվեք, որ այս մարդը շարունակի իր գործունեությունը»,- դատավորին դիմեց մահացածի ամուսինը:

Օգոստոսի 2-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, հիմնավորված համարելով Գյումրի քաղաքի թիվ 1 պոլիկլինիկայի բժիշկ-գինեկոլոգ Ֆուրման Մադոյանին առաջադրված մեղադրանքը, նրան հանցավոր ճանաչեց  Քրեական օրենսգրքի 130-րդ, հոդվածի 2-րդ մասով եւ դատապարտեց ազատազրկման երեք տարի վեց ամիս ժամկետով` 2 տարի ժամկետով զրկելով բժշկական գործունեությամբ զբաղվելու իրավունքից: Միաժամանակ համաներում կիրառելով՝ Ֆ. Մադոյանին ազատեց ազատազրկման ձեւով նշանակված հիմնական պատժից:

«Գոնե էն 2 տարին էլ կանանց կյանքի հետ չի խաղա»,- վճիռը լսելուց հետո հայտարարեց մահացածի սկեսուրը:

Մեկնաբանություններ (3)

Ա.O.
Բշժկին առաջադրված մեղադրանքը այնքան էլ համոզիչ չէ.4 երեխա ծննդաբերած կինը էդ ոնց եղավ,որ քսուքի անալիզի հանկարծ չդիմացավ ու ցանկացավ` ցավազրկեն:
Մ. Ֆարմանյան
Հետաքրքիր է, ինչ տրամաբանությամբ է առաջնորդվել Ապարանի բուժհաստատության ղեկավարությունը, որ այդ աշխատանքի է ընդունել անմիջապես նշված ողբերգական դեպքից հետո????
Laura
Qsuq vercnelu hamar voch mi nerarkum petq chi bacardzakapes. Da cavot gorcoghutyun che, 4 yerecha unecac mayre da hastat petq e imanar,bayc harce nranum e te bjischke inchpes e nerkajacrel da.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter