Չախալյանների պաշտպանը դիմել է Վրաստանի Օմբուդսմենին
Երեկ նշանակված էր «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի ղեկավար Վահագն Չախալյանի և նրա հարազատների դատավարությունը, որը չի կայացել: Չախալյանների պաշտպան Զուրաբ Ռոստիաշվիլին տեղեկացրել է, որ Վահագնին չեն կարողացել Թբիլիսիից տեղափոխել Ախալցխա մեքենայի համար վառելիք` բենզին չլինելու պատճառով:
Չախալյանների շահերի պաշտպան Ստեփան Ոսկանյանը այսօր հայտարարությամբ դիմել է Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանին , որտեղ նշում է, որ 2008թ.-ի նոյեմբերի 14-ին Վրաստանի քաղաքացի Գայանե Չախալյանը գրավոր դիմել է Վրաստանի արդարադատության նախարարությանը` խնդրելով Ֆրանսիայի քաղաքացի հայ փաստաբան Պատրիկ Արաբյանին թույլ տալ դատարանում պաշտպանել Չախալյանների շահերը:
Իր դիմումի հետ Գայանե Չախալյանը ներկայացրել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Ի պատասխան Գայանե Չախալյանի դիմումին արդարադատության նախարարությունը պահանջել է ներկայացնել լրացուցիչ փաստաթղթեր` Պատրիկ Արապյանի փաստաբանի վկայականը` նոտարով հաստատված:
2009թ.-ի հունվարի 13-ին Գայանե Չախալյանը ներկայացրել է նաև վերոնշյալ փաստաթղթերը: Արդեն անցել է 10 օր, բայց մինչ օրս հստակ պատասխան չի տրվել` բավարարվել է Գ. Չախալյանի պահանջը, թե` ոչ:
«Մեր զանգերին արդարադատության նախարարությունից պատասխանում են, որ այդ գործով անձամբ զբաղվում է նախարարը, և դեռևս ոչ մի պատասխան տալ չեն կարող: Իսկ մեր հարցին, թե երբ է հարցման պատասխանի վերջնաժամկետը, պատասխանում են` մեկ ամիս,-գրում է Ստ. Ոսկանյանը,-քանի որ նման հարցերը սովորաբար կարգավորվում են 1 կամ 2 օրում, այս դեպքում ես տեսնում եմ իշխանությունների ուղղակի դիտավորությունը` ամեն կերպ թույլ չտալ մեր օրինական պահանջը բավարարել և հնարավորինս երկար ձգձգել ֆրանսիացի փաստաբանի գրանցումը, թույլ չտալ նրան մասնակցել դատավարության պրոցեսին...: Պրն Արապյանի գրանցման գործընթացը ձգձգելը իմ պաշտպանյալների սահմանադրական իրավունքի կոպիտ խախտում է...»,-հաստատում է փաստաբանը:
Ստեփան Ոսկանյանը օմբուդսմենի ուշադրությանն է հրավիրում նաև այն հանգամանքը, որ Ռուբեն, Վահագ, Արմեն Չախալյանների ձերբակալման օրվանից` հուլիսի 21-ից մինչ օրս վրացական իշխանությունները տարբեր պատճառաբանություններով հետաձգում են Չախալյանների դատաքննությունը:
Չնայած Վահագն Չախալյանի գործը դատարան է ուղարկվել 2008թ.-ի օգոստոսին, վերջին դատական նիստի ժամանակ` դեկտեմբերի երեքին մեղադրող կողմը դատարանին հայտնել է, որ Վահագն Չախալյանի նկատմամբ ևս երկու քրեական գործեր են հարուցվել 2006թ-ի մարտ-հունիս ամիսների իրադարձությունների վերաբերյալ, որից անիջապես հետո դատավարությունը նախագահող Ցիրա Մայսուրաձեն հետաձգել է նիստը անորոշ ժամկետով:
Մինչ հունվարի կեսերը պաշտպանական կողմի բոլոր հարցումները վերոնշյալ երկու գործերի վերաբերյալ նյութերը և դրանք ստանալու պահանջը այդպես էլ անպատասխան էին: Ի վերջո, հունվարի 19-ին պաշտպաններին ասել են, որ նոր քրեական գործերը արդեն դատարանում են:
«Փաստորեն, Վահագն Չախալյանի ձերբակալությունից անցել է ավելի քան 6 ամիս, իսկ դատաքննությունը ըստ էության չի էլ սկսվել...: Ավելին, իշխանությունները հետզհետե վատացնում են Վահագն Չախալյանի բանտային պայմանները: Իր ձերբակալման օրվանից Վ. Չախալյանին չէր թույլատրվել օգտվել գրականությունից, թերթերից, իսկ մոտ 10 օր առաջ նրա խցից հանել են նաև ռադիոընդունիչը, որով Վահագնը պետական ռադիոկայանով ամեն օր հնարավորություն ուներ լսել 15 րոպեանոց հայկական լրատվական բլոկը: Ձմռան այս պայմաններում հաճախ անջատում են նաև ջեռուցումը և նրա խցի խմելու ջուրը:
Պայմանների վատացման, դատավարության հետաձգման, Պատրիկ Արապյանի չգրանցման հաջորդական քայլերը մեկ անգամ ևս վկայում են, որ իմ պաշտպանյալների դատավարությունը ոչ մի կապ չունի արդարադատության իրականացման հետ, այլ վրացական իշխանությունների կողմից քաղաքական ակցիայի հստակ դրսևորում է, որի նպատակն է վրեժխնդիր լինել Չախալյանց Վրաստանում հայ փոքրամասնության և Ջավախքի հայության շահերը պաշտպանող նար գործունեության համար»,-ամփոփում է Ս. Ոսկանյանը` խնդրելով օմբուդսմենից համապատասխան միջոցներ ձեռնարկել դատավարության ընթացքը անհիմն ձգձգելու և Ֆրանսիայի քաղաքացի, փաստաբան Պատրիկ Արապյանի գրանցմումը արագորեն իրականացնելու գործում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել