HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Երեւանի քաղաքապետ. ուղղակի, թե անուղղակի ընտրություններ

Ուրբաթ ակումբում իրավաբան Հրայր Թովմասյանը եւ "Ժառանգություն" խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը այսօր քննարկեցին "Երեւանի մասին" օրենքը: "Ժառանգությունը" դեմ է քվեարկել "Երեւանի մասին" օրինագծին այն պատճառով, որ Երեւանի քաղաքապետի ընտրությունները տեղի են ունենալու ոչ թե ուղղակի ընտրությունների միջոցով, այլ ավագանու կողմից: Զարուհի Փոստանջյանը գտնում է, որ ճիշտ կլիներ, եթե քաղաքացիները ընտրեին քաղաքապետին, որպեսզի հնարավորություն ունենային իրենց կողմից ընտրված քաղաքապետին պահանջներ ներկայացնել: Ավագանու դերի բարձրացումը պատգամավորը ողջունում է, սակայն գտնում է, որ մեր հանրության կողմից նրանք չեն ընկալվի որպես իրավասու մարմին. "Եթե այս ավագանու ինստիտուտը նմանվի խորհրդային տարիների եղածին, գտնում եմ, որ օգուտ չենք ունենա": Զ. Փոստանջյանը կարծում է, որ օրենքի նպատակը ընդդիմության կողմից քաղաքապետի թեկնածու չունենալն է. "Ուղղակի ընտրությամբ քաղաքացին քարոզարշավի ժամանակ է ծանոթանում քաղաքապետի թեկնածուին, իսկ նոր օրենքով ինչպես պետք է ծանոթանա 65 հոգուց կազմված ավագանու խորհրդին",- հարցնում է պատգամավորը: Իրավաբան Հրայր Թովմասյանը իրավական գնահատական է տալիս, քանի որ, ըստ նրա, Զարուհի Փոստանջյանի հնչեցրած կարծիքը զուտ քաղաքական է. "Խնդիրը կայանում է մոդելում` անուղղակի, թե ուղղակի: Եթե ուղղակի ընտրությունների դեպքում ծրագրերի ձախողման համար միշտ կարելի է քավության նոխազ ընտրել մեկ անձի, ապա այս պարագայում ամբողջ պատասխանատուն քաղաքական թիմն է, որի անունը կոալիցիա է": Այսինքն` քաղաքապետը պատասխանատվություն է կրելու ոչ միայն քաղաքացու, այլ նաեւ պատասխանատու է լինելու կուսակցության առաջ. "Քաղաքական թիմը կարող է դադարեցնել նրա լիազորությունները": Իսկ այն, որ նման մոդելը կարող է օրինակ ծառայել այլ համայնքների համար, ըստ Հ. Թովմասյանի` դրական է. "Ես առաջ եմ գնում եւ ասում, որ այս մոդելը կարող է նմուշ-օրինակ ծառայել նաեւ երկրի համար": Ի դեպ, Հրայր Թովմասյանը կողմնակից է կառավարման պառլամենտական համակարգին: Մոդելը, ըստ իրավաբանի, որը ենթադրում է Երեւանի ավագանու ընտրություն կուսակցական համամասնական ցուցակներով, եւ այդ ցուցակի առաջին համարն էլ հետագայում դառնում է քաղաքապետ, նպատակահարմար է: Իսկ եթե քաղաքական ուժը չի ստանում 50 տոկոսից ավելի ձայն, ապա քաղաքապետի ընտրությունը ավագանու ուսերին է, իսկ թեկնածուներ կարող են լինել միայն ավագանիում տեղ ստացած կուսակցությունների համամասնական ցուցակների առաջին համարները, եւ եթե նրանք չեն համապատասխանում պահանջներին, նոր միայն հաջորդները: Հ. Թովմասյանը փարատեց ընդդիմության մտավախությունները, թե քաղաքապետը չի կարող լինել ընդդիմադիր: Նա ասում է, որ օրենքը նախատեսում է, որ ավագանու ցանկացած խմբակցություն կարող է ավագանու որոշումները վիճարկել վարչական դատարանում, նաեւ` կարող է նախաձեռնել քննիչ հանձնախմբի ստեղծում եւ ուսումնասիրել այս կամ այն հարցը: Դրանից բացի` ընդդիմությունն իրավունք ունի հավասարապես ներկայացված լինել ավագանու ձեւավորած մարմիններում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter