HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Սահմանադրությամբ ամրագրված սահմանները կնշվեն քարոզչական նյութերում

Օրերս ԼՂՀ կառավարության հրավերով Ղարաբաղ են հրավիրվել ՀՀ զբոսաշրջության ոլորտի պատասխանատուներ, արտգործնախարարության համապատասխան բաժինների ներկայացուցիչներ` էկոենոմիկայի նախարարության զբոսաշրջության եւ տարածքային տնտեսական զարգացման բաժնի պետ Մեխակ Ապրեսայի գլխավորությամբ: Նրանք ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության ներկայացուցիչների հետ քննարկել են զբոսաշրջության զարգացման հետ կապված հարցերն ու անելիքները, համագործակցության հեռանկարները: Իսկ այսօր վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը եւ Հայաստանից ժամանած հյուրերը մամուլի ասուլիս են հրավիրել: Ինչպես իր խոսքում նշել է Սերգեյ Շահվերդյանը, 2008 թվականին բավականին լուրջ խնդիրներ են ունեցել միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներում Ղարաբաղի մասնակցության ապահովման առումով, ինչի արդյունքում Ղարաբաղը չկարողացավ մասնակցել որեւէ նման ցուցահանդեսի: ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության եւ տարածքային տնտեսական զարգացման բաժնի պետ Մեխակ Ապրեսայի խոսքերով, իրենց խնդիրներից է «Ղարաբաղի զբոսաշրջային արդյունքը Հայաստանի արդյունքի հետ ներկայացնել միջազգային շուկայում` գովազդատեղեկատվական նյութերում, հեղինակավոր հեռուստաալիքներում, էլեկտրոնային մարկետինգի բնագավառում եւ այլն»: «Հանդիպման ընթացքում քննարկվել է միջազգային ցուցահանդեսներին Լեռնային Ղարաբաղի մասնակցության հարցը` ինչպես Հայաստանի հետ մեկ տաղավարի ներքո, այնպես էլ առանձին տաղավարով: Այս ամենը ՀՀ եւ ԼՂՀ արտգործնախարարությունների հետ համատեղ պետք է քննարկել, ինչպես նաեւ դիվանագիտական ուղիներով պետք է քննարկումներ կազմակերպենք նաեւ միջազգային ցուցահանդեսների կազմակերպիչների հետ եւ փորձենք հասնել ցանկալի արդյունքի»,-ավելացրել է Մեխակ Ապրեսյանը: Հանդիպման հարցերի մի խմբաքանակ էլ, ըստ Սերգեյ Շահվերդյանի, վերաբերում էր ՀՀ զբոսաշրջային քարոզչության նյութերում ԼՂՀ-ի ներգրավմանը: «Լուրջ քննարկման առարկա է դարձել նաեւ մեզ շատ հուզող ԼՂՀ քարտեզի սահմանների հարցը: Պետք է ասեմ, որ այստեղ եւս փոխըմբռնում եղավ այն հարցի շուրջ, որ ԼՂՀ-ն ունի Սահմանադրությամբ ամրագրված սահմաններ եւ հենց դրանք պետք է փորձենք նշել բոլոր քարոզչության նյութերում: Իհարկե սա միայն այստեղ հավաքվածների խնդիրը չէ, այլ կարիք ունի երկու հանրապետությունների ղեկավարության քննարկման: Վստահ եմ, որ այս հարցը եւս կլուծվի»,-ավելացրել է պարոն Շահվերդյանը: Նշվեց նաեւ, որ Ղարաբաղն արդեն իսկ ներգրավված է Հայաստանի զբոսաշրջային գովազդատեղեկատվական նյութերում. համաշխարհային հեղինակություն վայելող 2 ամսագրերում արդեն Ղարաբաղը ներկայացված է Հայաստանի հետ: «Ղարաբաղը ներկայացված է նաեւ Հայաստանը ներկայացնող մեկ ժամ տեւողությամբ վավերագրական ֆիլմում, ինչը շուտով պատրաստ կլինի եւ մեր կողմից ընդունվելուց հետո հնարավորություն կլինի նաեւ ներկայացնելու հանրության դատին»,-տեղեկացրել է Մեխակ Ապրեսյանը: Նրա հավաստմամբ, ֆիլմը պատրաստ լինելուց հետո կհեռարձակվի մի շարք հեռուստաալիքներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter