Ձերբակալություններ Ախալցխայում
Երեկ վրացական ներքին գործերի աշխատակիցները ձերբակալել են Ախալցխա քաղաքի ակտիվիստ հայ երիտասարդներին` Գրիգոր Մինասյանինն ու Սարգիս Հակոբջանյանին: Գրիգոր Մինասյանը Ախալցխայի «Հայ երիտասարդական կենտրոնի» ղեկավարն է, իսկ Սարգիս Հակոբջանյանը ղեկավարում է «Շարլ Ազնավուր» բարեգործական հիմնադրամը: Վրաստանի Ներքին գործերի Հետախուզության վարչությունը քրեական գործ է հարուցել հայ ակտիվիստների նկատմամբ ապօրինի զինված խմբավորումներին անդամակցելու եւ լրտեսության հոդվածներով: Նրանց տեղափոխել են Թբիլիսի:
Վրաստանի Հետախուզության վարչության աշխատակիցները երեկ ներխուժել են Ախալցխայի Երիտասարդական կենտրոն: Կետրոնում երեխաների պարի խմբակի դասընթացները դադարեցնելով` բոլորի ներկայությամբ սկսել են խուզարկել տարածքը: Ներխուժել են համակարգիչների տվյալներ, վերցրել այնտեղից ինֆորմացիա, տարել են կենտրոնի գրադարանի գրականության մի մասը, ձերբակալել են Գրիգոր Մինասյանին եւ Սարգիս Հակոբջանյանին և տեղափոխել Թբիլիսի:
Հետքի տեղեկություններով, ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ մի քանի օր առաջ երիտասարդները Ախալցխայի վիճելի համարվող Սուրբ Նշան եկեղեցում կնունքի արարողություն են անցկացրել: Եկեղեցին մինչ այդ փակ էր, և ոստիակնությունն արգելել էր այնտեղ մուտք գործել:
Այս պահին Ախալցայի ճանապարհին է «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր, ծնունդով ջավախքցի Շիրակ Թորոսյանը, որը գնում է տեղում ծանոթանալու իրավիճակին:
«Կարծում եմ, որ այս ամենը կատարվում է Ջավախում վախի մթնոլորտ ստեղծելու և այն տղաները, որոնք մշակութային, հայապահպան ազգանվեր գործունեությամբ են զբաղված, ուզում են կոտրել այդ տղաներին, որպեսզի հսկողության տակ պահեն տարածաշրջանի ազգային կյանքը, որը կարող է բումերանգի ազդեցություն ունենալ և համբերության բաժակը լցնել»,-Հետքին ասաց Շիրակ Թորոսյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել