Վրաստանի վերջին մռնչյունները. Ջավախքում նոր ձերբակալություններ
Վահե Սարգսյան
«Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Ով է նստած վերը` դրա տիրու մերը, Չի լսվում ոչ ձայն, ոչ պատասխան, Որն է իրականը, տերն ու տիրականը Էս անտերուդուս անտերության: Ռ. Հախվերդյան Վրաստանի` որպես կայսրության պահպանման և ամրապնդման ողջ գործընթացը Աբխազիայից և Հարավային Օսիայից վերջնականորեն տեղափոխվեց վերջինիս փաստացի տարածքի հարավային շրջաններ, մասնավորաբար` Սամցխե-Ջավախք-Ծալկա (Ջավախք) հայկական տարածաշրջան: Ամբողջապես զրկվելով արդեն իրենց անկախության միջազգային ճանաչման գործընթացն ապրող Աբխազիայում և Հարավային Օսիայում գործողություններ իրականացնելու հնարավորությունից, վրացական իշխանությունները ձեռնամուխ են լինում իրենց դիրքերն ամեն գնով ամրապնդել այլ տարածքներում:
Ներկայումս այդ թիրախն է հայկական Ջավախքը, որտեղ էլ վերջիններս ձեռնամուխ են լինում գցելու իրենց պետական քաղաքականության խարիսխը: Ինչպես մի մռնչացող կենդանի, որն իր վերջին ճիգերն է գործադրում` հասնելու վանդակաճաղերի կոտրմանն ու ցանկալի ազատությանը, Վրաստանը անցել է գործի:
Այդպիսի վանդակաճաղեր է նա դիտարկում բոլոր այն կազմակերպությունների ու անձանց գործունեությունը, որոնք, ըստ վրացական իշխանությունների, կարող են պայքարել հանուն իրենց ազգային և կրոնական իրավունքների պաշտպանության:
Այդպիսի գործունեություն են իրականացրել նաև Ախալցխայի երիտասարդական կենտրոնն ու «Շառլ Ազնավուր» բարեգործական միությունը: Ախալցխայի երիտասարդական կենտրոնը հիմնվել է 2006թ.` տեղի երիտասարդության նախաձեռնությամբ և Հայ Օգնության Միության Ջավախքի օգնության ծրագրերի հանձնախմբի օժանդակությամբ:
Հիմնադրումից` 2006 թվականից, մինչ օրս Ախալցխայի երիտասարդական կենտրոնի տնօրենն է Գրիգոր Մինասյանը: Սա Սամցխեի տարածքում գործող միակ երիտասարդական-մշակութային հայկական օջախն է, որտեղ այցելում են տեղի արվեստասեր ու շնորհալի երիտասարդները` փորձելով այդպիսով անսասան պահել ու համահայկական փառատոներում ներկայացնել պատմական Ախալցխայի ոգեղեն մշակույթը:
«Շառլ Ազնավուր» բարեգործական միությունը հիմնադրվել է 1990թ. Ախալցխայում: Հասարակական կազմակերպության ներկայիս նախագահն է Սերգեյ Հակոբջանյանը:
Զավեշտական է, երբ այս կազմակերպությունների ղեկավարները, որոնք Ջավախքի տարածքում հայապահպանական, մշակութային, հասարակական և սոցիալական հարցեր բարձրացնելուց և դրանց լուծման ուղիներ որոնելուց բացի` աչքի չեն ընկել ոչ մի այլ գործունեությամբ, ձերբակալվում են Վրաստանի Ներքին Գործերի նախարարության Հակահետախուզական դեպարտամենտի ներկայացուցիչների կողմից:
Առավել զավեշտական է, երբ նույն մարդիկ մեղադրվում են Վրաստանի Քրեական օրենսգրքի 223 հոդվածի առաջին մասով (անօրինական զինված խմբավորումների ստեղծում և ղեկավարում) և 314 հոդվածի առաջին մասով (լրտեսություն):
Վերոնշյալ անձանց նկատմամբ ներկայացնելով նման մեղադրանքներ, Վրաստանը մեկ անգամ ևս ապացուցում է իր` դիկտատուրայի և բռնատիրության ճանապարհով պետություն կազմավորելու հանգամանքը: Խուզարկությունների ընթացքում (կազմակերությունների գրասենյակների և բնակարանների) այդպես էլ չգտնելով զենքի կամ այլ հակաօրինական առարկայի գոյություն, Գրիգոր Մինասյանին և Սերգեյ Հակոբջանյանին ներկայացնելով նման մեղադրանքներ, իրենց այդ գործողություններով զարմանք և պետության նկատմամբ ատելություն տարածելով ոչ միայն ջավախքահայերի, այլև Ջավախքում (Ախալցխայում) ապրող վրացիների շրջանում, Վրաստանի իշխանությունները լցնում են արդեն բոլորի համբերության բաժակը:
Պատահական չենք նշում հենց վրացիների պարագան, քանի որ երկու անձիք էլ եղել են հայտնի և հարգված անձնավորություն ոչ միայն հայկական, այլև` վրացական շրջանակներում: Ավելացնենք նաև, որ կատարվածի առթիվ իրենց մտահոգությունը և բողոքն են արտահայտել նաև ջավախքաբնակ վրացիները: Որ այս ամենն ունի զուտ քաղաքական և ոչ քրեական հիմք, ապացուցում են ոչ միայն քրեական գործ հարուցելու համար համապատասխան փաստերի իսպառ բացակայությունը, այլ նաև ուրիշ հանգամանքներ:
Ձերբակալությունների հնարավոր նպատակը կարող է լինել Վրաստանի կողմից քաղաքական-եկեղեցական առևտրի սկսումը հայկական կողմի հետ, երբ իր եկեղեցական քաղաքականության արդյունքում Վրաստանը փորձում է վերջնականորեն զավթել Ախալցխայի միջնադարյան հայկական կոթողը` Սբ. Նշանն ու մի շարք այլ եկեղեցիներ Ջավախքի տարածքում:
Պատահական չէր «թիրախի»` Գրիգոր Մինասյանի ընտրությունը, որը մի քանի օր առաջ (2009թ. հունվարի 7-ին) բռնազավթված հայկական եկեղեցում հետխորհրդային շրջանում գրեթե առաջին անգամ կատարել էր եկեղեցական ծիսակատարության` Մկրտության և Դրոշմի (ժողովրդական լեզվով` Կնունքի) արարողություն: Այդ օրը Սբ. Նշանում կնքվել էին Գրիգոր Մինասյանի և իր եղբոր` Արթուր Մինասյանի երեխաները: Պարզ էր, որ այդ ամենը շարունակական լինելու պարագայում Վրաստանը կարող էր կարճ ժամանակ անց «կորցնել» Սբ. Նշանը:
Ձերբակալելով վերոնշյալ անձանց` Վրաստանը դրանով փորձում է Սամցխեի (Ախալցխայի) տարածքում վերջնականորեն մարել հայկական գործոնը և անցնել Ջավախքի մեկ այլ` Ախալքալաք-Նինոծմինդայի տարածք: Դեպքերի նման շարունակական ընթացքի պայմաններում նույն ճակատագիրն է սպասվում նաև Ախալքալաքի երիտասարդական կենտրոնի, ինչպես նաև այլ հասարակական-քաղաքական կազմակերպությունների ղեկավարներին:
Փաստորեն, մարդը, որը քաղաքականապես ակտիվ է իր շրջապատում, Վրաստանում դիտարկվում է լրտես կամ տեռորիստ: Իրերի նման զարգացումը բերելու է ոչ թե Վրաստանի համար ցանկալի ու սպասված, այլ բոլորովին այլ արդյունքների:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել