HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Ի.Մուրադյան. «Քաղաքական էլիտան պատրաստ չէ աշխարհի մարտահրավերներին»

«ԵԽԽՎ-ն տարածք է, որտեղ լուծվում են  քաղաքական էլիտաների պարտականությունների հետ կապված հարցեր»-, այսօր Դե ֆակտո ակումբում ասաց  քաղաքագետ և վերլուծաբան Իգոր Մուրադյանը: Նա գտնում է, որ այդ կառույցը ներկայացուցչական է եւ ներկայացնում է Եվրոպական քաղաքական մշակույթը, որն իր զարգացման հիմնական վեկտորների առումով չի համապատասխանում շատ ազգերի հետաքրքրություններին, որոնք ունեն տարածքային, էթնոքաղաքական, ազգային խնդիրներ. «Դա Եվրոպական միության բաղկացուցիչ էլեմենտներից է: Դա այն կառույցն է, որ տարիներ շարունակ մեզ ազդանշաններ էր ուղարկում, թե մենք իրավունք չունենք վերահսկել Ղարաբաղը` մեր պատմական հայրենիքը»: Ըստ քաղաքագետի` Եվրոպան այսօր քաղաքական, տնտեսական, արժեքային համակարգի ճգնաժամ է ապրում եւ ռասիզմի, ֆաշիզմի, միասեռականների գեներատոր է, ինչը ոչ մի դրական հետեւանք չի կարող ունենալ. «6-7 տարի առաջ թվում էր, թե Եվրոպան կդառնա  ուժի ինքնուրույն միավոր, ինչը տեղի չունեցավ. Սահմանադրությունը ընդունված չէ, չկա Եվրոպական համերաշխությունը եւ ամենակարեւորը` բացակայում է եվրոպական  արտաքին քաղաքականությունը»: Ի. Մուրադյանը հիշեցնում է 2005թ, երբ ԵԽԽՎ-ն փորձում էր Մեծ Բրիտանիայի միջամտությամբ հանգուցալուծել Ղարաբաղի հարցը. «Եվ սկսվեց այդ անիմաստ քաշքշուկը, որի հետեւանքով բոլոր ծրագրերն ի վերջո փլուզվեցին»: Վերլուծաբանը խորհուրդ է տալիս հետեւել Եվրոպական քաղաքականությանը, որը թույլ կտա հասկանալ, որ այդ այն տարածքը չէ, որի մասին մենք պետք է մտահոգվենք. «Տեղի ունեցավ մարտյան ողբերգական իրադարձությունները, որը եթե տեղի ունենար մի 25 տարի առաջ, մեծ աղմուկի առարկա կդառնար, իսկ այսօր դա ոչ ոքի չի հետաքրքրում, քանի որ մտահոգություն չկա, որ նույնը կկատարվի Ղարաբաղի հարցի կոնտեքստում»: Ի. Մուրադյանի կարծիքով մենք հիմա զբաղված ենք մեխանիկական աշխատանքով` փորձելով մեղմել Եվրոպային. «այն էլ ԵԽԽՎ-ի միջոցով, որը  այսօր չի գործում»: Քաղաքագետը գտնում է, որ մեզ այսօր այդ դաշտում  ակտիվություն պետք չէ. «թող քննարկեն այդ հարցը ինքնուրույն, քանի որ ակտիվությունը կբերի մեր ինքնուրույնության կորստի»: Իսկ ԵԽԽՎ-ի որոշումը, ըստ վերլուծաբանի, ոչ դրական, ոչ էլ բացասական միտումների առիթ չի դառնա  Հայաստանում. «Մենք պետք է լուծենք մեր հարցերը ինքնուրույն»: Իսկ թե ինչու ենք մենք հայտնվել այդպիսի ստորացուցիչ վիճակում, պարզ է. «Մեր քաղաքական էլիտան ընդհանուր առմամբ վատ է պատկերացնում այն մեխանիզմները, հետաքրքրությունները եւ միտումները, որոնք տեղ ունեն արտաքին աշխարհում, եւ դա բնական է, քանի որ բացակայում է ինֆորմացիան եւ ինտերակտիվ վերլուծությունը: Այսօր իրավիճակը այնպիսինն է, ինչպես 17 տարի առաջ էր, երբ հարցերը լուծվում էին նեղ շրջանակներում»: Իսկ նեղ շրջանակ ասելով` վերլուծաբանը նկատի ունի այն մարդկանց,  որոնց վրա կարելի է ազդել. «Նրանց համար հեղինակություն են Աստված գիտի, թե ով: Նրանք մարդիկ են, ովքեր ունեն կասկածելի կապեր, հարուստ են: Այդ է պատճառը, որ ԵԽԽՎ են ուղարկվում այդքան անտրամաբանական նամակներ»: Իսկ նման վիճակը, ըստ քաղաքագետի կանխատեսումների, շարունակական է. «Քաղաքական էլիտան պատրաստ չէ աշխարհի մարտահրավերներին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter