HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամցխե-Ջավախքի հայկական ՀԿ-ների խորհուրդը կոչ է անում չենթարկվել որեւե պրովոկացիայի

25_01-javakhkՍամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին ժամը 13:40-ի սահմաններում, Ախալքալաքից Ախալցխա վերադարձի ճանապարհին` Ասպինձայի մոտերքը, երթուղային տաքսուց իջեցվել եւ ձերբակալվել է խորհրդի անդամ, Ախալցխայի հայ երիտասարդական կենտրոնի տնօրեն Գրիգոր (Գրիշա)  Մինասյանը: Ձերբակալողները եղել են Վրաստանի Ներքին gործերի նախարարության Թբիլիսիի բաժանմունքից եկած ոստիկաններ, որոնք Մինասյանին ձերբակալելիս ձեռնաշղթա են անցկացրել նրա ձեռքերին եւ վիդեոյով նկարահանել են ձերբակալության ընթացքը: Քիչ անց, ժամը 14:00-ի սահմաններում, Ախալցխայում նույն բաժանմունքի ոստիկանների կողմից ձերբակալվել է հուղարկավարության մասնակցող խորհրդի անդամ եւ տեղի «Շառլ Ազնավուր» հասարակական կազմակերպության նախագահ Սերգեյ Հակոբջանյանը: Խորհրդի տեղեկությունների համաձայն`ոստիկանությունը երկու ձերբակալվածներին կասկածում է ինչ-որ զինված խմբավորման մասնակից լինելու մեջ: Թբիլիսիից եկած ոստիկանները խուզարկել են ձերբակալվածների բնակարանները, որտեղից ոչինչ չի հայտնաբերվել: Գ. Մինասյանին ու Ս. Հակոբջանյանին տեղափոխել են Թբիլիսի: Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը ապահովել է պաշտպան փաստաբան: Տեղյակ է պահված նաեւ Վրաստանի մարդու իրավունքնրի պաշտպանի գրասենյակը: Այս բոլորից առաջ, ժամը 13:00-ի սահմաններում, նույն բաժանմունքի ոստիկանները ներխուժել են Ախալցխայի հայ երիտասարդական կենտրոնը, որտեղ ընթանում էին պարի խմբակի պարապմունքները: Ոստիկանները պարի խմբակի երեխաներից եւ մանկավարժներից գրավել են բոլոր հեռախոսները, արգելել են կենտրոն ելեւմուտքը`  հայտնելով, որ եկել են տանելու կենտրոնի տնօրեն Գ. Մինասյանին: Կենտրոնը ու ներսում գտնվողները այդ վիճակում են մնացել մոտ երեք ժամ, երբ ոստիկանները առգրավելուց հետո կենտրոնի բոլոր համակարգիչների կոշտ սկավառակները (տվյալներ պահող մասերը` hard disk) եւ գրադարանից մի շարք գրքեր, հեռացել են: Մինչ այդ նրանք նկարահանել են գրադարանը եւ գրքերի մի մասը: Այս իրադարձություններից մի քանի ժամ անց, Ախալցխայի հայ երիտասարդական կենտրոն են հավաքվել տեղի հայ բնակիչները: Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը կոչ է անում երկրամասի հայ բնակչությանը պահպանել հանդարտությունը եւ չենթարկվել որեւե պրովոկացիայի: Այս մասին հայտնում է Ա-ինֆո գործակալությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter