HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Հովիկ Աբրահամյանը հոդորում է. «չափն ու կոռեկտությունը հարմար սահմանի վրա պահեն եւ չափը չանցնեն»

Ազգային ժողովի այսօրվա քառօրյա նիստը մեկնարկեց` շարունակելով  Աժ պատգամավորներ Գալուստ Սահակյանի եւ Արմեն Աշոտյանի «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմամբ: Ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարոյանը պատասխանեց պատգամավորների հարցերին: Այնուհետեւ ելույթով հանդես եկավ «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: Նա հարց ուղղեց խորհրդարանին. «Մեն երկու ամիս առաջ հրատապ կարգով նախատոնական իրավիճակում ընդունեցինք օրենքի լրացում, որով ակցիզային հարկը ավելացվեց, ԱԺ մեծամասնությունը կողմ քվեարկեց օրինագծին, իսկ 2 ամիս հետո դուք նույն հաջողությամբ կողմ եք քվեարկելու օրինագծի հակառակ տեսակետին, ինչպիսի պատասխանատվություն եք դուք ձեր վրա զգում նման գործելաոճով, արդյոք մենք  չենք շարունակում իրավիճակային լուծումների մեր քաղաքականությունը, որտեղ է մեր սկզբունքայնությունը»,-հարցնում է պատգամավորը եւ ավելացնում, որ ըստ իրեն, իրենց ընդունածը ճիշտ էր, քանի որ հասարակության մեծ խավն օգտվում է այն օղուց, որը արտադրվում է ՀՀ-ում. «Եթե մի փոքր ավել վճարենք արտասահմանյան օղու համար, կարծում եմ` շատ չենք տուժի, բայց եթե դրա փոխարեն 10 աշխատատեղ պահպանենք, որը 40 հոգու խնդիր  կլուծի, ճիշտ քայլ է»: Ա. Մարտիրոսյանը հնչեցրեց «ամենագլխավոր» հարցը.  «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեր նախորդ օրինագիծն ընդունել է: ԱԺ-ի մեծամասնություն, ձեր կողմից պաշտպանված նախագահին տհաճ իրավիճակի մեջ չե՞ք դնում, ուզում եք ասել, որ հանրապետության Նախագահը չի՞ տիրապետում տնտեսական իրավիճակին, չի՞ հասկանում, թե ինչպիսի տնտեսական իրավիճակ կարող է առաջանալ, չի՞ տիրապետում արտաքին մարտահրավերներին, չի՞ հասկանում, թե ինչ վտանգներ կարող են առաջանալ, հա՞: Նմանատիպ  կարծիք ունե՞ք ձեր պաշտպանած նախագահի մասին, նա նույնպես անսկզբունքային կլինի, ինչպես մենք ենք` ընդունելով օրինագիծ»: Նախագահի պատիվը պաշտպանելու համար խորհրդարանի նախագահը բարձր ամբիոնից հանդես եկավ արտահերթ ելույթով, նաեւ խրատեց, թե խոսքը խելքից առաջ չպետք է անցնի. «Ես ստիպված եմ այս ելույթն ունենալու, քանի որ մարդիկ կան, որ խոսում են ու կարծում են, թե ազգի փրկիչներն են, բայց սխալվում են: Ես չեմ ընդունում, որ այս բարձր ամբիոնից որոշ մարդիկ թույլ են տալիս հանրապետության Նախագահին ասել, թե չեն հասկանում, իրենք չեն հասկանում շատ բան: Ինչ սկզբունքության մասին է խոսքը, ընդհանրապես ինձ համար անհասկանալի արտահայտություններ են եւ նաեւ վիրավորական, ես որպես գործընկեր այդպես եմ հասկանում»,-ասաց Հովիկ Աբրահամյանը: Հ. Աբրահամյանը խորհրդականներին եւս մեկ անգամ հիշեցրեց իրենց չափն ու սահմանը. «Ցանկանում եմ հորդորել իմ գործընկերներին եւ որոշ մարդկանց կոնկրետ, իրենց համար եմ ասում, որպեսզի իրենց չափն ու կոռեկտությունը հարմար սահմանի վրա պահեն եւ չափը չանցնեն»: Հ. Աբրահամյանն ասում է, որ օրինագիծը նորմալ է, «եւ տնտեսությունից թող չխոսեն այն մարդիկ, ովքեր մի քարը մի քարի վրա չեն դրել»: «Ժառանգություն» խմբակցությունը 20 ր ընդմիջում վերցրեց, որից հետո քվեարկվեցին եւ վավերացվեցին նախագահի համաձայնագրերն ու արձանագրությունները, ինչպես նաեւ  «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, չնայած ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը նախքան քվեարկությունը հայտարարեց, որ ՀՅԴ-ն չի քվեարկելու այս օրինագծի մասով, «քանի որ ֆրակցիան համոզված չէ այս օրինագծի անհրաժեշտության մեջ, մենք չենք քվեարկելու եւ խնդրում եմ սա հաշվի առնել, սա քաղաքական որոշում է»: «Ժառանգություն»-ն էլ չքվեարկեց  «2008թ մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց  պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ԱԺ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին նախագծի մասով, քանի որ, ինչպես ներկայացրեց խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը,  «հիմնավոր չէ այս որոշման փոփոխությունը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter