HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Բակո Սահակյանը ելույթ է ունեցել ոստիկանության կոլեգիայի նիստում

Երեկ Ստեփանակերտում տեղի է ունեցել Ոստիկանության մարմինների եւ ստորաբաժանումների 2008 թվականի օպերատիվ ծառայողական գործունեության արդյունքների ամփոփման կոլեգիայի նիստ: Նիստում ելույթ է ունեցել ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը: Ստորեւ ներկայացնում ենք Բ.Սահակյանի ելույթը: Մեր պետության բնականոն զարգացման եւ հասարակական անվտանգության ապահովման գործում չափազանց կարեւոր է ձեր համակարգի դերը եւ ձեզնից յուրաքանչյուրի կատարած աշխատանքը: Հաշվետու ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության գործունեության արդյունավետության բարձրացման տեսակետից արձանագրվել են նկատելի փոփոխություններ ու տեղաշարժեր: Ոստիկանության կողմից հանցագործությունների գրանցման եւ հաշվառման կարգապահության բարձրացման արդյունքում 2008 թվականին բոլոր գծերով գրանցվել է 673 հանցագործության դեպք, ինչը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 25,8 տոկոսով: Պետք է հաշվի առնել, որ այդ հանցագործությունների գրեթե 25 տոկոսը կատարվել է նախորդ տարիներին: Դա խոսում է այն մասին, որ ոստիկանությունը  ուշադրության կենտրոնում է պահում նաեւ նախկինում կատարված հանցագործությունների բացահայտումը: Կարեւոր է ոստիկանության դերը պետական իշխանության, պետական ծառայության եւ կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման գործում: Այն հանգամանքը, որ այդ հանցագործությունների կառուցվածքում աճել են պաշտոնական լիազորությունները չարաշահելու եւ վերազանցելու, կաշառք ստանալու, տալու եւ կաշառքի միջնորդություն ներկայացնելու հանցագործությունների գրանցման դեպքերը, վկայում է, որ իշխանության տարբեր մարմինների եւ հատկապես ոստիկանության գործելաոճում նկատելիորեն նվազում է հովանավորչության մակարդակը, մի երեւույթ, որը կարող է վտանգի ենթարկել պետական համակարգի վարկանիշը: Հաշվետու ժամանակահատվածում համակարգի կողմից իրականացված աշխատանքների արդյունքում աճել է բոլոր գծերով գրանցված հանցագործությունների բացահայտման ցուցանիշը` 2007 թվականի համեմատ ավելանալով 148-ով: Որոշ չափով նվազել է հանցագործություն կատարած անձանց թիվը: Նվազել  է նաեւ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը: Դրա հետ մեկտեղ պետք է նշել, որ անցած տարվա ընթացքում գրանցված հանցագործությունների քանակի աճ է արձանագրվել մայրաքաղաքում եւ մյուս բոլոր շրջաններում, բացառությամբ Շուշիի ու Շահումյանի շրջանների: Լուրջ հետեւությունների տեղիք է տալիս այն հանգամանքը, որ աճել է ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների թվաքանակը, ինչի հետեւանքով էլ աճել է քրեական հետախուզության գծով գրանցված հանցագործությունների թիվը: Աճել է նաեւ հանցավորության մակարդակը բնութագրող` բոլոր գծերով գրանցված հանցագործությունների քանակից 10 հազար բնակչին ընկնող թիվը: 2008 թվականին այդ ցուցանիշը կազմել է 48,5` 2007-ի 38,8-ի դիմաց: Չնայած նրան, որ այս ցուցանիշը մի քանի անգամ ցածր է աշխարհի ամենազարգացած երկրների համապատասխան ցուցանիշից, այնուամենայնիվ մեզ համար դա անընդունելի է: Հանցավորության դեմ պայքարը ավելի արդյունավետ դարձնելու համար պետք է  հետեւողական ու նպատակասլաց աշխատանք տանել առաջին հերթին հանցագործությունների նախականխման եւ կանխման ուղղությամբ: Դրական կամ թեկուզ բացասական տեղաշարժերի բաշխվածության անհամաչափության առկայությունը շրջաններում ինքնին խոսում է այն մասին, որ տեղերում կատարվող աշխատանքի վերաբերյալ համակողմանի վերլուծությունների անհրաժեշտություն կա: Ոստիկանության ղեկավարությունը պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկի նման թերությունները վերացնելու համար, միաժամանակ խստացնելով շրջանային եւ քաղաքային ստորաբաժանումների ղեկավարների անձնական պատասխանատվությունը: Պետք է հստակ նախանշվեն այն չափորոշիչները, որոնք թույլ կտան լիարժեք գնահատական տալ  ոստիկանության քաղաքային եւ շրջանային ստորաբաժանումների ղեկավարների աշխատանքին` ուղղված հասարակական կարգի պահպանմանը եւ քրեածին իրավիճակի վերահսկողությանը: Առանձնակի վերաբերմունք է պահանջում տեղամասային տեսուչների ինստիտուտը` որպես բնակչության հետ անմիջական եւ ամենօրյա շփումներ ունեցող օղակ: Մտածելու տեղիք է տալիս անչափահասների կողմից կատարված հանցագործությունների աճը եւ այն փաստը, որ դրանք հիմնականում գողություններ են: Անհրաժեշտ է կրթական հաստատությունների հետ համատեղ իրականացնել լայնածավալ քարոզչական, նախականխման աշխատանքներ: Անհրաժեշտ է ընդլայնել ու ավելի խորացնել համագործակցությունը համապատասխան կառույցների հետ: Մեր հանրապետությունում արդեն իսկ գործում է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, եւ այս համատեքստում չափազանց կարեւորում եմ այդ  գերատեսչության հետ ձեր փոխգործակցությունը: Առանցքային է նաեւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ այլ մարմինների հետ կապերի սերտացումը: Աշխատանքների արդյունավետ կազմակերպման գործում մեծ է կադրերի ճիշտ ընտրության ու տեղաբաշխման, նրանց մասնագիտական  ունակությունների ու բարոյական հատկանիշների դերը: Ոստիկանության աշխատակիցները պետք է լինեն ազնիվ ու անաչառ, վայելեն հասարակության հարգանքն ու վստահությունը, ունենան անհրաժեշտ գիտելիքներ ու կարողություններ: Պետք է հետեւողական աշխատանք տանել նաեւ այդ ուղղությամբ: Կարեւոր է սերունդների միջեւ կապի պահպանման, փորձի փոխանակման գործոնը, ինչին մեծապես կնպաստի Ոստիկանության վետերանների խորհրդի ստեղծումը: Հանրապետության իշխանությունների կողմից այսուհետ եւս կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ ոստիկանության աշխատողների սոցիալական եւ աշխատանքային պայմանների բարելավման նպատակով: Հարգելի ներկաներ, վստահ եմ, որ մեր ոստիկանությունն ունի անհրաժեշտ ներուժ իր առջեւ դրված խնդիրները պատշաճ կերպով լուծելու եւ քաղաքացիների օրինական շահերի պաշտպանությունը, նրանց հանգիստ ու խաղաղ կյանքը ապահովելու համար: Դա այն պահանջն է, որին անվերապահորեն պետք է հետեւի ոստիկանության յուրաքանչյուր աշխատակից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter