Սերժ Սարգսյանը հանդիպել է Պետեկամուտների կոմիտեի նախագահին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Կառավարությանն առընթեր Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ: Վերջինս զեկուցել է նախորդ տարվա արդյունքների, ընթացիկ աշխատանքների և Կոմիտեի կողմից ծրագրվող անելիքների մասին: Այս մասին տեղեկացնում է նախագահի մամլո ծառայությունը:
«Չնայած միջազգային շուկայում գների տատանմանը, ֆինանսական ճգնաժամի և վրաց-օսական պատերազմի հետևանքով ծագած դժվարություններին` Կոմիտեին 2008 թ. ընթացքում հաջողվել է արձանագրել դրական ցուցանիշներ. ապահովվել են պետբյուջեի մուտքերի պլանային ցուցանիշները, զգալի աշխատանք է իրականացվել բարեփոխումների ծրագրով նախատեսված մաքսային և հարկային ընթացակարգերի պարզեցման, փաստաթղթաշրջանառության կրճատման, օրենսդրական բարեփոխումների, բրոքերների և ինքնահայտարարագրման ինստիտուտի ընդլայնման, ՀԴՄ-ների ներդրման գործընթացի, ինչպես նաև հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման ուղղությամբ»,- ասել է Պետեկամուտների կոմիտեի ղեկավարը:
Նախագահ Սարգսյանը ողջունելի է համարել հարկային ստուգումների քանակի կրճատումը, ինչը, սակայն, չի ազդել մուտքագրվող եկամուտների ծավալի վրա: «Համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում աշխատանքից ազատվել է կոմիտեի 231 աշխատակից, 70 տոկոսով աճել են մաքսային, իսկ 22 տոկոսով` հարկային մարմինների կողմից կիրառված վարչական տուգանքները»,- նշել է Գագիկ Խաչատրյանը:
Երկրի ղեկավարը Պետեկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարել է շարունակել մաքսային և հարկային եկամուտների ավելացմանը եւ մաքսանենգության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքները, քայլեր ձեռնարկել տարբեր իրավախախտումների դեմ պայքարի արդյունավետության մեծացման, ընթացակարգերի պարզեցման, համակարգի թափանցիկության ապահովման, տնտեսվարող սուբյեկտների միջև մաքսային և հարկային բեռի հավասարաչափ բաշխման, ռիսկերի կառավարման վրա հիմնված մաքսային հսկողության համակարգի զարգացման և համակարգի տեխնիկական վերազինման ուղղությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել