HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

2008-ին Ղարաբաղում գրանցվել է սպանության 4 դեպք

«2008թ. հանրապետությունում գրանցվել է 673 հանցագործության դեպք` նախորդ տարվա 535-ի դիմաց: Հանցագործությունների աճը հիմնականում պայմանավորված է ոստիկանության մարմինների կողմից հանցագործությունների եւ պատահարների գրանցման-հաշվառման կարգապահության բարձրացման հետ: Հանցագործությունների դեպքերը նվազել են` Քաշաթաղի շրջանում` 18,4 տոկոսով եւ Շուշիի շրջանում` 3,1 տոկոսով: Աճ է գրանցվել Ստեփանակերտ քաղաքում` 15,0 տոկոսով, Ասկերանի շրջանում` 45,5 տոկոսով, Մարտակերտի`  77,5 տոկոսով, Մարտունու` 40,4 տոկոսով, Հադրութի` 22,2 տոկոսով եւ Շահումյանի շրջանում` 6,7 տոկոսով»,-այս տվյալներն է օրերս հրապարակել ԼՂՀ ոստիկանության պետ Ռոբերտ Շաֆերյանը` ԼՂՀ ոստիկանության կոլեգիայի նիստում, որին մասնակցում էր նախագահ Բակո Սահակյանը: ԼՂՀ գլխավոր ոստիկանի խոսքերով` քրեական հետախուզության գծով գրանցված հանցագործությունների քանակը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 18,2 տոկոսով: Ինչպես նշվում է «Ազատ Արցախ» թերթում, Ռ. Շաֆերյանը մտահոգիչ է համարում այն փաստը, որ այս ուղղությամբ գրանցված հանցագործությունների աճը զգալիորեն պայմանավորվել է ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների թվաքանակի ավելացմամբ (159-ից` 249): Գլխավոր ոստիկանի տեղեկացմամբ` պետական իշխանության, պետական ծառայության եւ կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների կառուցվածքում աճել են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ անցնելու` (6-ից` 13), կաշառք ստանալու, տալու եւ կաշառքի միջնորդության (0-ից` 3) եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերը (3-ից` 6): Նվազել է հասարակական անվտանգության, հասարակական կարգի եւ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների քանակը, ինչպես նաեւ հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ կատարված հանցագործությունների քանակը: Աճ է տեղի ունեցել նաեւ հանցագործությունների բացահայտման ցուցանիշի մասով` նախորդ տարվա համեմատությամբ 3,6 տոկոսով աճել է բոլոր գծերով գրանցված հանցագործությունների բացահայտման ցուցանիշը` կազմելով 89,3 տոկոս, իսկ քրեական հետախուզության գծով գրանցված հանցագործությունների բացահայտման ցուցանիշն աճել է 2,5 տոկոսով` կազմելով` 86,1 տոկոս: 2008-ին հանրապետությունում գրանցվել է սպանության 4 դեպք` 2007թ. 4-ի դիմաց, որոնցից 2-ը գտնվում են քննության փուլում, մեկ քրեական գործ կարճվել է` հանցագործություն կատարած անձի մահանալու պատճառով, իսկ մեկը կասեցվել է` անձը հայտնի չլինելու պատճառով: Սպանության մեկ դեպք մնում է չբացահայտված (Ստեփանակերտում): 2007թ. համեմատությամբ` հաշվետու տարում հանրապետությունում 3-ով նվազել է ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը (55-ից` 52), 13-ով` վիրավորների (82-ից` 69), իսկ զոհերի թիվն աճել է 2-ով (15-ից` 17):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter