«Վիրք» կուսակցությունը զգուշացնում է հրահրողներին վերջ տալ աբսուրդի թատրոնը
«Վիրք» չգրանցված կուսակցությունը Ախալցխայում հայ ակտիվիստների ձերբակալման վերաբերյալ այսօր տարածել է հայտարարություն, որում մասնավորապես ասված է.
«Ընդամենը օրեր առաջ` հունվարի 22-ին, Վրաստանի Ներքին գործերի նախարարության աշխատակիցները, պարզապես աբսուրդի հասնող զավեշտական մեղադրանքներ առաջադրելով, ձերբակալել են Ախալցխայի երիտասարդական կենտրոնի տնօրեն Գրիգոր Մինասյանին եւ «Շառլ Ազնավուր» բարեգործական կազմակերպության նախագահ Սերգեյ Հակոբջանյանին: Վրացական իշխանությունները, կալանավորելով վիրահայ հասարակական գործիչներին, առանց ամոթի հայտարարել են, որ վերջիններիս կասկածում են հանցագործության նախապատրաստման, անօրինական զինված խմբավորման ստեղծման եւ լրտեսության (Վրաստանի Քրեական օրենսգրքի 18-րդ, ինչպես նաեւ 223 եւ 314 հոդվածների առաջին մասի համաձայն) մեջ:
Ասվածը հաշվի առնելով` պետք է արձանագրել, որ նման դեպքերն առաջին անգամը չէ, որ տեղի են ունենում Ջավախքում եւ բացահայտորեն հակահայկական ենթատեքստ ունեն: Հետաքրքիրն այն է, որ նման մեղադրանքներ են «կպցվում» հիմնականում այն ջավախահայ գործիչներին, ովքեր ակտիվ քաղաքական գործունեություն են ծավալում եւ բարձրաձայնելով տարածաշրջանին հուզող խնդիրների մասին` դրանց կարգավորման ուղղությամբ էական քայլեր են տանում: Նույնը վերաբերում է Գրիգոր Մինասյանին եւ Սերգեյ Հակոբջանյանին, ովքեր միայն հայրենանվեր եւ ազգասիրական գործունեությամբ տարված լինելով` պայքարում էին ջավախահայությանը հուզող հիմնախնդիրների կարգավորման համար:
Եվ ասվածն, իհարկե, չէր բխում Վրաստանի կառավարության շահերից, քանզի այս երիտասարդների մտածելակերպն ու ակտիվ գործունեությունը բնավ էլ ձեռնտու չէ իրեն: Չնայած այս պետության` արդեն ամենուր հնչող ժողովրդավարական ու հումանիստական արժեքների քարոզչությանն ու երկրի ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանն ուղղված հռետորական ճառերին, միեւնույնն է, նա շարունակում է ասվածի ճիշտ հակառակն անել: Սա բացահայտորեն երեւում է հենց նման գործողությունների արդյունքում, երբ Վրաստանի իշխանությունները ամեն կերպ փորձում են կուլ տալ հիմնականում այն ջավախահայ երիտասարդ ուժերին, որոնք վաղը կարող են սպառնալ նրա «անբասիր» հեղինակությանը եւ նպաստել Ջավախքի հայության ամրապնդմանն ու զորացմանը: «Վիրք» կուսակցությունը կարծում է, որ նման գործողությունները կարող են եւ Վրաստանում սպասվող կայանալիք նախագահական ընտրությունների հետ անմիջականորեն կապ ունենալ: Խոսքը, մասնավորապես առնչվում է Նինո Բուրջանաձեի` երկրի նախագահի պաշտոնում հայտնվելու հավակնություններին:
Սա ի նկատի ունենալով` կոչ ենք անում, ինչու չէ, նաեւ զգուշացնում ենք վրացական իշխանություններին, ջավախահայությանը չներքաշել իրենց կեղտոտ քաղաքական խժդժությունների հորձանուտում: Զգուշացնում ենք, որ ձեր ստեղծած «թատրոնն» իր վատ դերասաններով հանդերձ, պարզապես զզվեցրել է նորմալ բանականություն ունեցող եւ գաղափարապես դեռեւս կայուն անհատներին: Այս իսկ պատճառով, վերջ տվեք այս աբսուրդի թատրոն հիշեցնող գործողությունները, որոնք ակնհայտորեն ուղղված են Ջավախքի հայաթափմանն ու երիտասարդ մտածող ուղեղների սպանմանը:
Մենք պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Գրիգոր Մինասյանին եւ Սերգեյ Հակոբջանյանին: Եվ սա պետք չէ ընդունել, որպես «վատ ջավախահայերին բարի Վրաստանի կողմից» անելիք լավություն, այլ` անհրաժեշտություն, քանզի միայն այս կերպ է հնարավոր գոնե ինչ-որ չափով մեղմացնել հանցավոր նպատակներ հետապնդող ձեր նողկալի գործողությունները:
Մենք կոչ ենք անում` դադարեցնել հայատյաց քաղաքականության դրսեւորումները, հակառակ դեպքում` դրանք մի օր կարող են ափերից հանել` առանց այն էլ դաժան հոգսեր, զրկանքներ, ճնշումներ տեսած եւ մի կերպ գոյատեւող Սամցխե-Ջավախքի բնակչությանը: Ի նկատի ունեցեք, այդ օրը կարող է լինել հենց վաղը»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել