Տարաձայնություններ Գյումրիի կուսակցություններում
ՀՀՇ-ականներն ու ԲՀԿ-ականները յոլա չեն գնում
Երկարատև լռությունից հետո շաբաթ օրը նիստ էր գումարել ինչպես իշխանական ԲՀԿ-ն, այնպես էլ ընդդիմադիր ՀՀՇ-ն: Եվ եթե շարքային ԲՀԿ-ականները քննադատեցին Գագիկ Ծառուկյանին` անառողջ մթնոլորտ ստեղծելու, աշխատանքային հարցերով մայրաքաղաք մեկնող ոչ մի կուսակցականի անձամբ չընդունելու, նրանց կարծիքի հետ հաշվի չնստելու ու իրենց չխրախուսելու համար, ապա ՀՀՇ-ում արտաքուստ ամեն ինչ հարթ էր ու խաղաղ:
Վերջիններիս հետաքրքրողը կարծես թե Հայ ազգային կոնգրեսին անդամագրվելու, «ինքնահռչակ» իշխանություններին գահընկեց անելու, նրանց տնտեսական մենաշնորհային քաղաքականության դեմ պայքարելու հարցերն էին: Սակայն Գյումրիում տարածված խոսակցությունների համաձայն` մի թունդ պատերազմ էլ սկսվել է այստեղ, իսկ թեման նոր ձևավորվող Ազգային կոնգրեսի ղեկավարի պաշտոնն է:
Նույն խոսակցությունների համաձայն` այդ պաշտոնը զբաղեցնելու մեծ ցանկություն են ունեցել տեղի որոշ ՀՀՇ-ականներ, որոնք երկար ժամանակ անձնվեր պայքարել են Լևոն Տեր-Պետրոսյանի համակրանքը վայելելու համար, սակայն նրանց ջանքերն ապարդյուն են անցել , քանի որ կոորդինատոր նշանակվել է «Լիբերալ» կուսակցության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը, իսկ Գյումրիում պատասխանատվությունը դրվել է անկուսակցական, Գյումրիի «Մսի պահածոների կոմբինատի» նախկին տնօրեն Մարտին Ղարիբյանի վրա: Վերջինս, ի դեպ, ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր -Պետրոսյանի հորաքրոջ տղան է:
Քանի որ նիստը վարողը` ՀՀՇ ներկայացուցիչ Անդրանիկ Գևորգյանը անընդմեջ կրկնում էր, թե իրենց մոտ փոխըմբռնության, հաշտության մթնոլորտ է, մենք հետաքրքրվեցինք, թե այդ դեպքում ինչո՞ւ են քաղաքում խոսակցություններ պտտվում, թե ՀՀՇ-ականները պաշտոնակռիվ են մղում, իրար միս են ուտում: Ի դեպ, մեր լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, վերջիններիս ծեծկռտուքը հասել է նրան, որ Գյումրիի ՀՀՇ-ն բաժանվել է երկու թևի, որոնք բացարձակապես չեն շփվում միմյանց հետ:
«Դրանք բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը: Հայ ազգային կոնգրեսի գործադիր մարմինը` ի դեմս պարոն Արարատ Զուրաբյանի, Արամ Զավենի Սարգսյանի, Ստեփան Դեմիրճյանի եւ ղեկավարությամբ պարոն առաջին նախագահի, նրանց կողմից լիազորված մարմինները մեզ եկել են և ներկայացրել են ամբողջ Շիրակի մարզի ընդհանուր պատասխանատուին` գործերի կոորդինատորին` պարոն Հովհաննես Հովհաննեսյանին: Նա լիարժեք լիազորություն ունի Շիրակի մարզում բացել ոչ թե մեկ, այլ երկու, երեք, գուցե և վեց գրասենյակներ: Մեր առաջին նախագահի կողմից որոշում կա, որ մենք նախկին վարչատարածքներում պիտի հիմնադրենք Կոնգրեսի գրասենյակներ, բայց քանի որ Գյումրին մեծ քաղաք է, հնարավոր է, որ մի կենտրոնի փոխարեն ունենա մի քանի ենթակենտրոններ: Կենտրոններից մեկի պատասխանատուն Մարտին Ղարիբյանն է, մնացած աշխատանքները տանում ենք մենք: Ես նորից եմ կրկնում` Կոնգրեսին անդամակցող և Կոնգրեսին էսպես ասած համակիր բոլոր քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների միջև կա սերտ համագործակցություն` անկախ այն հանգամանքից Կոնգրեսի մի մասը հավաքվում է Հայոց համազգային շարժման գրասենյակում, թե Իսահակյան փողոցի վրա: Ոչ մի տարբերություն չկա , մենք կատարում են մեկ միասնական գործը» - պարզաբանեց Անդրանիկ Գևորգյանը:
Հայ Ազգային կոնգրեսի Գյումրիի գրասենյակի ղեկավար Մարտին Ղարիբյանն էլ հավելեց. «Եթե կան ներքին խնդիրներ ՀՀՇ-ականների միջև, վստահեցնում եմ, որ դա Կոնգրեսի հետ բացարձակապես կապ չունի, և անկախ իրենց անձնական հարաբերություններից` բոլոր ՀՀՇ-ականները գնում - գալիս են մեր գրասենյակ: Իսկ այն խոսակցությունները, թե կան տարաձայնություններ Կոնգրեսի և ՀՀՇ-ականների միջև, կարծում եմ` գալիս են իշխանական թևից: Նրանք ամեն ինչ անում են իմիտացիա ստեղծելու, թե Հայ ազգային կոնգրեսում պաշտոնակռիվ կա: Այստեղ պաշտոն չեն բաժանում, որ մի բան էլ կռիվ տան: Բոլոր կուսակցություններն ու ուժերը հավաքվել են մի գաղափարի շուրջ ու բոլորի գերխնդիրը բռնապետությունից ազատվելն է»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել