HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկու նկարիչների երազանքները

26_01-piruzԳեղանկարիչ Փիրուզա Գոզեյանի նկարներից մեկում կինը նայում է մեկ աչքով, մյուսը փակ է. «Երևի ես եմ մի աչքով նայում, որ աշխարհը մինչև հիմա չեմ ճանաչում, ինձ հեշտ է խաբելը, ես շատ միամիտ մարդ եմ մնացել այս աշխարհում: Չեմ հասկանում մարդկանց, իրենց պես չեմ կարող լինել, իմ հանդիպածներից շատերը խաբեբա են, սուտասան, կաշառակեր, ինձ էլ են խաբել, իմ միամտության համար ինձ խաբել են, մարդկանց շատ հավատալով`

ես միշտ տուժել եմ, ես մտածել եմ, որ ինչպես ես եմ` պարզ, մաքուր, ազնիվ, նրանք էլ այդպիսին են, բայց իրենք այդպես չեն եղել, մինչև հիմա էլ ինձ այդպիսի խաբեբա մարդիկ են հանդիպում»,- մեր հանդիպման ժամանակ  ասաց  տիկին Փիրուզան: Տիկին Փիրուզան և նրա դուստրը` Մերին, ապրում են Երեւանի Կոնդ թաղամասի խորքերում: Հազիվ թե առանց օգնության հնարավոր լինի գտնել նրանց տունը: Երկհարկանի կիսափլված շենքի առաջին հարկում ապրում են մայր և դուստր նկարչուհիները, երկու կիսաքանդ սենյակներից ձմռան ցուրտ օրերն անցկացնում են ավելի տաք ու ավելի մեծ սենյակում, իսկ ներսի քանդված պատերը ծածկում են նրանց կտավները: Սենյակը ցուրտ էր, միացրած էր էլեկտրական ջեռուցիչը, բայց քանի որ էլեկտրաէներգիայի  փողը չեն կարողանում վճարել, ջեռուցիչը քիչ են միացնում: Դեռ դեկտեմբերի 13 հազար դրամ պարտքը չեն վճարել, հունվարն էլ է վերջանում, դա էլ է պետք մուծել, բայց գումար չկա: «Նկարները չեն վաճառվում: Հիմա դրսում ձմեռ է, աշխատել էլ չի լինում»,- ասում է տիկին Փիրուզան: 26_01-piruz-1Տիկին Փիրուզան ծնվել է Կոնդում, բայց հետո տեղափոխվել են Կոմիտաս թաղամաս: Պատմում է, որ ծանր կյանք է ունեցել, խորթ մոր հետ է ապրել, բայց «վա~յ էն ապրելուն»: Ստիպված են եղել Մերիի հետ թողնել հայրական տունն ու ապաստանել այս բնակարանում, իսկ Կոնդի «այս բնակարան» կոչված տարածքն էլ մի ծանոթ բարերար է նրաց թողել, ինքը մեկնել է Մոսկվա: «Բաքսի», «Մերկուրի» և ամեն տեսակի ջեռուցման կաթսաների գովազդները նյարդայնացնում են տիկին Փիրուզային, իրենք մրսում են, իսկ հեռուստացույցը ճոխ կյանքի գովազդներ է տալիս. «Ոնց որ իրենք բոլորը 21-րդ դարում են ապրում, իսկ մենք` 19-րդ դարում: Բայց ինձ դուր է գալիս 19-րդ դարը, այն ժամանակ մարդիկ ավելի բարի էին ու ավելի մարդկային»,- չի հուսահատվում տիկին Փիրուզան: «Մենք ճգնում ենք ձմեռները, մտնում ու ամփոփվում մեր բնի մեջ, իսկ ամռանը դուրս ենք գալիս»,- ասում է Մերին: Միայն ամռանն է հաջողվում աշխատել, գնալ, կանգնել ու նկարներ վաճառել, փող վաստակել ու էլի նկարելու հնարավորություն ունենալ:  «Իմ վրա ազդում է չունենալը, ես ուզում եմ շատ փող ունենալ, որ կտավ առնեմ, ներկ առնեմ, որ կարողանամ նկարել, հիմա ուզում եմ նկարել, բայց չկա, բան չկա, որ նկարեմ»,-սրտնեղում է տիկին Փիրուզան: Նա առաջ ավելի շատ նկարներ էր կարողանում վաճառել:

Հաճախ են եկել ու տնից միանգամից մի քանի կտավ վերցրել, կամ տարբեր անհատներ եկել են իրենց հավաքածուների համար նկարներ գնել: Հիմա քիչ են գնում: Ամենաթանկ նկարը վաճառել են 2000 թվականին` 100 ամերիկյան դոլարով: Իսկ նեղ օրերին նույնիսկ 1000 դրամով են վաճառում լավագույն կտավները: Տիկին Փիրուզայի պատին փակցված նկարներից մեկը կոչվում է «Քաոս», իսկ մեկ ուրիշը` «Ամբոխ»:

Փիրուզան ասում է, որ արվեստագետները ժամանակից առաջ են ընկնում և զգում են ապագան, այդ նկարներն էլ ինքը շուտ է նկարել` զգալով մարտիմեկյան մոտալուտ դեպքերը: Փիրուզայի նկարներում գերակշռում էր երեք կանանց թեման, նրանց տխրությունը, թախիծը, սիրուց տառապող աչքերը. «Նրանք կամ նստած են, կամ կանգնած են, կամ տխուր են, կամ` ուրախ, կամ էլ` եթե կին եմ նկարում, մենակ եմ նկարում,- նկարները ցույց տալով` պատմում էր տիկին Փիրուզան,- երեքը իմ ամենասիրած թիվն է, խորհրդանշում է երեք սրբերը, երեք հասակները, չորս թիվը չեմ սիրում, իսկ երեք թիվը հաջողության թիվն է, երեք խնձոր, երեք նուռ….»:

Իսկ հրեշտակներին տիկին Փիրուզան նկարում է առանց դեմքերի, նրանք անդեմ են, քանի որ հրեշտակ են, դա ընդհանուր թեմա է. «Եթե ընդհանուր թեմա է, ուրեմն դեմք չեմ նկարում: Եթե դեմք չեմ նկարում, ուրեմն ուզում եմ ասել, որ բոլորը կարող են սրանց նման լինել, իսկ եթե կոնկրետ մեկին եմ ուզում նկարել, նկարում եմ կոնկրետ դեմք»: 

Տիկին Փիրուզան դժվարանում է մեկնաբանել ու բացատրել իր նկարների ասելիքը, որովհետև նկարները ծնվում են պահի ներշնչանքով. «Ես հիմա չեմ կարող ասել, թե ինչ եմ ուզեցել նկարել, ինչ զգացել եմ այդ ժամանակ, դա էլ նկարել եմ, նկարը հետո չեմ կարող բացատրել: Օրինակ` գնացել եմ մի տեղ, մի բան տպավորվել է, բայց ես դա նկարում եմ ամիսներ հետո»: Տիկին Փիրուզան բերկրանքով է հիշում, որ Սարյանի արձանի մոտ նկարներ շարել սկսել են հենց ինքը և իր ընկերները, բայց ընկերները հիմա չկան, հեռացել են Հայաստանից, իսկ ինքը դեռ գնում է իրենց ստեղծած Վերնիսաժը և նկարներ տանում:

«Մենք ուզեցինք, որ մենք էլ ունենանք մի տեղ, որտեղ արվեստագետներ` նկարիչներ հավաքվեն, ցույց տան իրենց աշխատանքները, ծանոթանան նկարիչների հետ: Թող ճանաչեն` իսկական նկարչությունը որն է: Հետո սկսեցին կամաց-կամաց առնել, հետո սերունդները փոխվեցին, հետո սկսվեցին ցուրտ ու մութ տարիները, մենք սառում էինք, գրեթե բան չէինք վաճառում, բայց կանգնում էինք, օղի էինք խմում, որ չսառենք»,- պատմում է տիկին Փիրուզան: Փիրուզա Գոզեյանի Փիրուզային ոդիսականը եղել է Հայաստանից Լիտվա փախչելը, երբ թողել է հորն ու գնացել ճամփորդելու:

«Ես թափառաշրջիկ եմ ծնվել, տեղս չեմ կարողանում գտնել, ուզում եմ ճանապարհորդել»,- կատակով ասում է տիկին Փիրուզան և ավելացնում, որ հիմա էլ կգնար աշխարհով մեկ պտտվելու, միայն թե Մերին չի ուզում դուրս գալ Հայաստանից, նա շատ է սիրում իր հայրենիքը: «Ես երազում էի, որ Մերին տենց աղջիկ լիներ, հետս ուզենար ճամփորդել, ու մենք ճամփորդություններով էլ ապրեինք»:  Մերին սկսել է նկարել 3 տարեկանից: Տիկին Փիրուզան նրան չի սովորեցրել նկարել, Մերին ինքն է առաջին անգամ բռնել վրձինը և սկսել խզբզել, ծիտիկներ նկարել: Բայց հիմա նկարելու համար պայմաններ, ներկեր չկան, ջուր չկա, առավել ևս` տաք ջուր, որ վրձիններն ու ներկերի ամանները լվանան, չկան կտավներ, նկար չի վաճառվում, որ կտավ առնեն, նոր նկարներ նկարեն: 26_01-piruz-2Մերին աշխատում է Հյուսիսային պողոտայում: Մարդիկ մոտենում են նրան և իրենց դիմանկարները պատվիրում: Մերին խոստովանում է, որ երբեմն դիմանկարը կարող է հաջող չստացվել, ու դրա համար իրեն նեղացրել են, երբեմն շատ են վճարել, երբեմն պարզապես օգնության համար գումար են տվել, «իսկ քաղքենի կանայք չեն հավանում ու հեռանում են»: «Ես սիրում եմ բնություն նկարել, Կոնդն եմ սիրում նկարել, եկեղեցիներ, թռչուններ, կատու, իմ կատուներին եմ սիրում նկարել»,-ասում է Մերին: Նա շուտ է մրսում, ձմեռները չի կարողանում գնալ աշխատելու, գլխի աջ մասը ցրտից սկսում է ցավել:

Մերին հիմնականում աշխատում է Հյուսիսային պողոտայում, որտեղ անցել են և’ լավ օրեր, և’ վատ,  իսկ  «ամենալավ բանն այն է, որ մի քիչ շատ եմ փող աշխատել, լավ մարդկանց եմ հանդիպում, նշանավոր մարդկանց եմ հանդիպում: Վատ բաներ էլ են լինում, բայց սրտիս մոտ աշխատում եմ չընդունել»,- ասում է Մերին: Չնայած դժվար ու ծանր պայմաններին` տիկին Փիրուզան ու Մերին իրենց տանը պահում են երեք կատու: Ապրուստի համար երբեմն փող չի լինում, մանավանդ ձմռանը, բայց բարի մարդիկ միշտ հանդիպում են, և դա է պատճառը, որ տիկին Փիրուզան ու Մերին մինչև հիմա կարողանում են գոյատևել: Մայր ու աղջիկ իրարից անբաժան են, տանից դուրս են գալիս միասին, ամեն ինչ անում են միասին:

«Իմ վրա ամենաշատը ազդում է Մերիի տրամադրությունը, ինքը վատ է` ես էլ եմ վատ, ինքը լավ է` ես էլ եմ լավ, մենք իրար զգում ենք, շատ ենք միասին անցկացրել»,-ասում է մայրը: Տիկին Փիրուզան մի երազանք է ունեցել, որին հասել է. դա նկարիչ դառնալն էր. «Ես նկարիչ եմ, էլ բան չեմ երազում, իսկ Մերին դեռ շատ երազանքներ ունի»:

«Ես երազում եմ մի տուն ունենանք, մի հարմարավետ տուն, որտեղ գոնե նորմալ զուգարան լինի, իսկ այստեղ դա էլ չկա: Վեդրոն է փոխարինում մեր զուգարանին: Մեկ էլ, ինչպես բոլոր աղջիկները, ես էլ եմ երազում իմ ասպետին գտնել»,- կարմրելով ասաց 34-ամյա Մերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter