HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այս անգամ բնապահպան-հեծանվորդների կայարանը Քասախում էր

Դեռևս մարտի վերջին Եղվարդի «Օրհուս» կենտրոնի «Եղվարդ»­­ երիտասարդական-բնապահպանական ՀԿ-ի նախաձեռնությամբ և «Հեծանիվ+» էկո-մարզական ՀԿ-ի անդամների անմիջական մասնակցությամբ Եղվարդում կազմակերպված «Երիտասարդները հանուն շրջակա միջավայրի» բնապահպանական-հասարակական միջոցառումն անչափ ոգևորել էր Եղվարդի երիտասարդությանը:

Ավելին` այն գրավել էր նաև հարևան համայնքների երիտասարդների ուշադրությունը: Ակցիային առաջինն արձագանքեզ Քասախը, ուստի հենց այդ համայնքնում էլ կազմակերպվեց նմանատիպ երկրորդ միջոցառումը:

 Ապրիլի 16-ի առավոտյան «Հեծանիվ+» ՀԿ-ի հեծանվորդները արշավեցին դեպի Քասախ, այստեղ նրանց էին սպասում հեծանվորդներ և սեփական հեծանիվի մասին երազող բազմաթիվ երիտասարդներ ու պատանիներ:

Հավաքվածներին «Հեծանիվ+» էկո-մարզական ՀԿ-ի նախագահ Ս. Հովհաննիսյանը ներկայացրեց հեծանիվը` որպես տրանսպորտի միջոց օգտագործողների համար երթևեկության կարևոր կանոնները, ինչպես նաև ծանոթացրեց հեծանիվ վարելու նրբություններին ու գաղտնիքներին:

Քասախի երեխաները հաճույքով լսեցին նրան, ապա խումբ-խումբ շրջապատեցին մայրաքաղաքից ժամանածներին` ջանալով ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: Միջոցառման մասնակիցները զրուցեցին նաև բնապահպան, հեծանվորդ Մոհամեդ Թաջերայի հետ` տեղեկանալով աշխարհով մեկ նրա ճամփորդության արկածների մասին:

«Մենք նպատակ ենք դրել հնարավորինս համախմբել երիտասարդներին ու պատանիներին առողջ շրջակա միջավայր ունանելու գաղափարի շուրջ: Այդ առումով անչափ կարևոր է որպես փոխադրամիջոց հեծանիվի կիրառման ընդլայնումը`այդպիսով կրճատելով թունավոր արտանետումները մթնոլորտ և մեղմելով կլիմայի փոփոխությունը»,- նշեց Եղվարդի «Օրհուս» կենտրոնի համակարգող Մ. Չաքրյանը:

 «Եղվարդ» երիտասարդական-բնապահպանական ՀԿ-ի նախագահ Ս. Մանյանից էլ տեղեկացանք, որ սա նախնական հանդիպում էր մայիսին Քասախում սպասվելիք «Երիտասարդները հանուն առողջ շրջակա միջավայրի» խորագրով առավել ընդգրկուն ու բազմաբնույթ միջոցառումից առաջ: Միջոցառումն ավարտվեց խորհրդանշական ծառատունկով:

Ռուզաննա Մանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter