Եվրոպական շահեր եւ հայկական մուկնուկատու
Մարտի 1-2-ի դեպքերի առնչությամբ ազատազրկման դատապարտված թվով 16 անձանց ներում շնորհելու` հանրապետության նախագահի հրամանագիրը, ինչպես նաեւ ԱԺ նախագահի հրամանը Քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի
նախագծի մշակման նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին` Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողներին «բլոկադայի» ենթարկելուն ուղղված, պարտադրված քայլ էր։ ԵԽ-ում չեն կարող չհասկանալ, որ դա ոչ թե երկրում քաղաքական բեւեռացումը թուլացնելուն եւ ընդդիմության հետ երկխոսության մեջ մտնելուն ուղղված Հայաստանի իշխանությունների բարի կամքի դրսեւորում էր, այլ ԵԽ-ում Հայաստանին ձայնից զրկելու գործընթացի կասեցման հուսահատ փորձ։ Եվ չնայած այդ իրողության գիտակցմանը՝ այս միջոցառումները թերեւս հարմար առիթ (այլ ոչ թե պատճառ) կդառնան ԵԽԽՎ-ի համար՝ կասեցնելու մոնիտորինգի հանձնաժողովի կողմից ՀՀ-ի պատվիրակությանը ձայնից զրկելու առաջարկության ընդունումը։ Խնդիրն այն է, որ այդ առաջարկությունը խիստ աննպաստ իրադրության առջեւ է կանգնեցնում նաեւ ԵԽ-ին։ Այն չընդունելու դեպքում ԵԽԽՎ-ն փաստացի արձակում է ՀՀ իշխանությունների ձեռնաշղթան, որը մինչեւ հիմա հնարավորություն է տվել մի կողմից Հայաստանը պահել վերահսկողության եւ կանխատեսելիության պայմաններում, մյուս կողմից` հասնել իշխանությունների կողմից որոշ բարեփոխումների կատարմանը։ Իսկ առաջարկությունն ընդունելու դեպքում ԵԽ-ն իր ձեռքով ՀՀ իշխանություններին ազատում է որեւէ պարտավորությունից, վերջինիս դրդում վերանայել իր արտաքին քաղաքական վեկտորները, ինչը Եվրոպայի համար հղի է անկանխատեսելի հետեւանքներով։ Մի կողմից ԵԽ-ից լոյալ արձագանք չստանալով, մյուս կողմից չունենալով բավարար հասարակական վստահության պաշար եւ քաղաքական ռեսուրս՝ իշխանությունը փաստացի կորցնում է ներքաղաքական իրավիճակը վերահսկելու գործնականում բոլոր հնարավորությունները։ Եվ զսպելու համար ԵԽ-ում կրած պարտության հենքի վրա ընդդիմության կողմից հասարակական ընդվզման հերթական ալիքի առաջացումը՝ իշխանությունը ստիպված է լինելու համապատասխան օժանդակություն ստանալու համար հայացքն ուղղել դեպի հյուսիսային ռազմավարական դաշնակիցը՝ Ռուսաստանը։ Եվ դրա համար հենց ԵԽԽՎ այս նստաշրջանը կարող է խիստ նպաստավոր իրադրություն ստեղծել։ Բանն այն է, որ հայաստանյան հարցին գրեթե զուգահեռ քննարկվելու է նաեւ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունները 2008 թ. օգոստոսին միակողմանի ճանաչելու համար Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը, եւ Ռուսաստանն այս առումով ԵԽ-ում դաշնակիցներ գտնելու խնդիր ունի։ ՌԴ Պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը օրերս հայտարարեց, թե ԵԽ-ում Ռուսաստանի պատվիրակությունը հուսով է, որ եվրոպական այդ կառույցը չի դիմի Հայաստանին ձայնից զրկելու արմատական քայլի, իսկ եթե նման բան տեղի ունենա, իրենց պատվիրակությունը վճռականորեն դեմ կարտահայտվի դրան։ Նման մոտեցումը Հայաստանին ողղված անուղղակի կոչ է՝ միասնական մոտեցում որդեգրել թեգ հայաստանյան, թեգ ռուսաստանյան հարցերի կապակցությամբ։ ԵԽ-ում չեն կարող այս ալյանսի ներքո չտեսնել Մոսկվայի կողմից Հայաստանին «գողանալու» բացահայտ դեմարշ, որը կարող է տեղի ունենալ իրենց թեթեւ ձեռքով։ Իսկ դա Եվրոպային ձեռնտու չէ ոչ թե Հայաստանի նկատմամբ տածած անսահման սիրո, այլ իր շահերից բխող ռազմավարական խնդիրների պատճառով։ Հայաստանին կորցնելը նշանակում է թույլ տալ այստեղ Ռուսաստանի միանշանակ հեգեմոնիայի հաստատում։ Ռուս-ուկրաինական մոտ 20-օրյա գազային տեռորը եվրոպական երկրներին ստիպում է արագացնել այլընտրանքային էներգետիկ աղբյուրներ եւ տարանցման հնարավորություններ գտնելու եւ այս շրջանակներում ՆԱԲՈՒԿՈ ծրագիրը կյանքի կոչելու գործընթացը։
Այս տեսակետից Կասպիական ավազանը` որպես ալընտրանքային էներգետիկ ռեսուրսների աղբյուր, իսկ հարավկովկասյան տարածաշրջանը` իբրեւ այդ ռեսուրսները եվրոպական շուկաներ հասցնելու տարանցիկ ռեգիոն, Եվրոպայի համար դառնում են կենսական շահերի առարկա, ինչն առաջին հերթին ենթադրում է այս տարածաշրջանում տեւական կայունության հաստատում։ Մինչդեռ Մոսկվայի միջամտության, դերակատարության ակտիվացման դեպքում, ինչի համար ամենաթույլ օղակը մնում է Հայաստանը, դա գրեթե անհնարին է դառնում։
Պատահական չի կարելի համարել, որ ռուս-ուկրաինական գազային թնջուկի լուծումից անմիջապես հետո հարավկովկասյան տարածաշրջան է այցելում Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները եւ Բաքվում քննարկում կասպիական էներգակիրները Եվրոպա հասցնելու հետ կապված հարցերը։ Մյուս կողմից` Հայաստանի իշխանությանը դրդելով ԵԽ-ից օտարացման՝ Ստրասբուրգը կորցնում է նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման վրա ազդելու լծակները եւ պարտավորությունների կատարման խնդիրը որպես մշտական մահակ Երեւանի գլխին ճոճելու հնարավորությունը։ Դա հիանալի գործիք է հատկապես ԱՄՆ-ի ձեռքին՝ մարդու իրավունքների եւ ժողովրդավարական ինստիտուտների կայացման առումով ԵԽ-ի կողմից տրված գնահատականները, ընդունված զեկույցները մատի փաթաթան դարձնելու համար։ ԱՄՆ պետդեպարտամենտը չի էլ թաքցնում այդ հանգամանքը։
Նախ՝ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում Հայաստանին հատկացվելիք գումարի տրամադրման հետագա գործընթացը սառեցվում է հենց մարդու իրավունքների եւ ժողովրդավարական ինստիտուտների կայացման առումով Հայաստանում առաջացած խնդրների մասին ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի ընդունած բանաձեւից հետո, իսկ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շրջանակներում տարածաշրջան եւ մասնավորապես Երեւան այցելած ԱՄՆ համանախագահ Մեթյու Բրայզան հանկարծ որոշում է հանդիպել ՀՀ ԱԺ նախագահի հետ եւ քննարկել թե՛ «Հազարամյակի մարտահրավերների» ծրագրի շարունակականության, թե՛ մարտի 1-2-ի դեպքերի առնչությամբ առկա իրադրությունը։
Հետեւաբար, ակնհայտ է, որ նման լծակ ԵԽ-ն ու հատկապես Վաշինգտոնը չեն ցանկանա կորցնել։ Այս ամենի խորապատկերին իսկապես ՀՀ նախագահի եւ ՀՀ ԱԺ նախագահի ընդունած հրամանները պարզապես առիթ են՝ կոծկելու այն իրական շարժառիթները, որոնք ստիպում են ԵԽ-ին ավելի հանդուրժողաբար վերաբերվել Հայաստանին։ Ամենայն հավանականությամբ, հենվելով այս «առաջընթացի» վրա` ԵԽԽՎ-ն հունվարի 27-ին չի ընդունի Հայաստանին ձայնից զրկելու` Մոնիտորինգի հանձնաժողովի առաջարկությունը՝ դրա քննարկումը մինչեւ այդ հրամանագրերով սկսված գործընթացների ավարտը հետաձգելու պայմանով։
Սակայն, միաժամանակ, եվրոպական ստանդարտների համաձայն` ԵԽ-ն նաեւ չի թուլացնի ճնշումները եւ ավելի կոշտ գնահատականներով օժտված բանաձեւ կընդունի Հայաստանի կողմից 1906 եւ 1920 բանաձեւերի կատարման ընթացքի վերաբերյալ։ Ողջ խնդիրն այն է, սակայն, որ ՀՀ իշխանություններ-ԵԽ այս մուկնուկատուն ներհայաստանյան լրջագույն հիմնահարցերը կարգավորելու առումով ոչ մի էական նշանակություն չի ունենալու։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել