HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահագն Չախալյան. «Վրացական իշխանությունները չկարողացան լռեցնել ինձ»

Հետքի հարցերին պատասխանել է «Միասնական Ջավախք» դեմոկրատական դաշինքի ղեկավար, Թբիլիսիի մեկուսարանում անազատության մեջ գտնվող Վահագն Չախալյանը

-Դուք նշել եք, որ Ձեր նկատմամբ քաղաքական հալածանքներ են իրականացնում, ըստ Ձեզ` Ձեր գործունեության վտանգը հատկապես ինչում է, որ վրացական իշխանությունները հետապնդում են Ձեզ ու «Միասնական Ջավախք»-ի ակտիվիստներին:

-Ես չեմ կարծում, որ իմ գործունեությունը որևէ վտանգ է ներկայացնում, այն էլ Վրաստանի տարածքային ամբողջականության հարցում, սակայն չգիտես ինչու` մեր անկախ լինելու փաստը մտահոգում է բացառապես բոլորին:

-Մամուլում նաև շրջանառվում է այն տեսակետը, որ Ձեր և Ձեր ընկերների նկատմամբ հալածանքները «Միասնական Ջավախքի» և տեղի ոստիկանապետի թշնամանքի արդյունք էին: Դուք հաստատու՞մ եք այդ տեսակետը:

-Չեմ կարծում, որ մենք անձնապես որևէ մի անհատի հետ երբևէ հակասության մեջ լինենք: Մենք հստակ հայտարարել ենք «Միասնական Ջավախքի» դիրքորոշումների մասին դեռևս 2006 թ. համագումարի ժամանակ: Իսկ եթե ոստիկանապետը մեր ազգային ծրագրերի դեմ որևէ այլ դիրքորոշում ունի, դա իր խնդիրն է: Եվ նրա տան դիմաց տեղի ունեցած պայթյունը կապել մեզ հետ` ուղղակի զավեշտական է:

-Ոմանք «Միասնական Ջավախքի» ակտիվիստների նկատմամբ հալածանքները կապում են նաև վրաց-օսական հակամարտության հետ: Այսինքն` «Միասնական Ջավախքի» ակտիվիստներին լռեցնելու և Վրաստանի տարածքային ամբողջականությանը վտանգող մեկ այլ օջախ չունենալու համար: Կիսու՞մ եք այս վարկածը:

-Լիովին հնարավոր է, քանի որ մինչ օրս ես իմ մեկուսացման հետ կապված գոնե ինձ համար  այլ պատճառաբանություն չեմ կարողանում բերել: Ես դրանում ավելի համոզվեցի, երբ 2008 թ. օգոստոսի 7-ին գործը քննող քննչական խմբի անդամներից մեկն ինձ հայտարարեց, որ «այսօր երեկոյան Ցխինվալը գրավելուց հետո քո գործերը կուղարկենք դատարան և մինչև օգոստոսի վերջ դու կգնաս քո գործին, մենք` մեր»:

-Դուք եւ Արթուր Պողոսյանը ձերբակալված եք, Գուրգեն Շիրինյանի գտնվելու վայրը հայտնի չէ, «Միասնական Ջավախք»-ը, փաստորեն, այսօր կազմալուծվել է: Ինչու՞ այն չկարողացավ շարունակել իր գործունեությունը կամ իր պայքարը առանց Ձեզ: Չկա՞ր շարունակող, չկայի՞ն այլ ակտիվիստներ, որ «Միասնական Ջավախքը»  չկազմալուծվեր:

-«Միասնական Ջավախք»-ի կազմալուծման աշխատանքները սկսվեցին դեռևս 2006 թ.: «Միասնական Ջավախք»-ի անդամների մի մասը հուսախաբված լքեց Ջավախքը և գնաց Ռուսաստանի Դաշնություն, մի մասը աշխատում է իշխանական կառույցներում, 5-6 ակտիվիստներ` Ալբերտ Մարանջյանի գլխավորությամբ, գտնվում են հետախուզման մեջ, փաստորեն, մի մասն էլ մենք ենք:

-Ինչպե՞ս եք պատկերացնում «Միասնական Ջավախքի» հետագա ճակատագիրը:

-Այսօր շատ դժվար է պատկերացնել «Միասնական Ջավախքի» հետագա ճակատագիրն այնքանով, որ պարզ չէ նաև իմ և մյուս համակիրների ճակատագրերը:

-Երբ Ձեր գործն ավարտվի, և Դուք կրկին ազատության մեջ լինեք, շարունակելու՞ եք զբաղվել այն գործունեությամբ, ինչով մինչ բանտում հայտնվելն էիք զբաղվում: Այսինքն` չի՞ հաջողվի վրացական իշխանություններին ճնշել և լռեցնել Ձեզ:

-Կարծում եմ` արդեն պետք է պարզ լինի, որ վրացական իշխանությունները չկարողացան լռեցնել ինձ, իմ գործը, բնականաբար, շարունակելու եմ, անկախ նրանից` գտնվում եմ բանտում, ազատության մեջ, թե աքսորում:

-Պրն Չախալյան, Ձեր դեմ անընդհատ նոր, բայց երկու կամ երեք տարվա վաղեմություն ունեցող քրեական գործեր են առաջ բերում, ըստ Ձեզ` ինչու՞ դրանք չէին քննվել հենց այն գործողություններից հետո, երբ կատարվել էին այդ դեպքերը:

-Այս հարցը պետք է ուղղել վրացական իշխանություններին, բայց, ըստ իս, այն ժամանակ «Միասնական Ջավախքը» հզոր էր, և միջազգային քաղաքական իրավիճակը դրա համար նպաստավոր չէր:

-Բորժոմի դատախազությունը ևս նոր քրեական գործ է ներկայացրել, սակայն ոչ ոք չգիտի գործի էությունը: Ի՞նչ եք կարծում, այդ նոր գործը Ձեր գործունեության ո՞ր մասի և ինչի՞ հետ է կապված:

-Ես որևէ գաղափար չունեմ տվյալ գործի էության մասին և կարծում եմ, որ դա հետապնդում է իմ դատաքննությունը որոշակի ժամանակով հետաձգելու, ձգձգելու նպատակ:

-Ինչպե՞ս են բանտային պայմանները:  Կա՞ն, արդյոք, ճնշումներ այդտեղ ևս:

-Բանտային պայմանները ոչ բարենպաստ են, շատ խիստ ռեժիմի, իսկ ուղղակի ճնշումներ չկան:

-Չե՞ք ստանում համապատասխան առաջարկներ բանտում, որոնք կերաշխավորեին Ձեր ազատությունը կամ Ջավախքից հեռանալու պայմանը:

-Ոչ, նման առաջարկներ չեն եղել:

-Պրն Չախալյան, ինչպե՞ս եք գնահատում հայկական կողմի և հայկական իշխանությունների պահվածքը «Միասնական Ջավախքի» և Ձեր ձերբակալության նկատմամբ, և ի՞նչ ակնկալիքներ ունեք նրանցից:

-Ոչինչ չեմ կարող ասել, ակնկալիքներ չունեմ:

-Հիմա Դուք բանտում եք, իսկ Ձեր կուսակից ընկերները` ազատության մեջ, բացի Արթուր Պողոսյանից, զգու՞մ եք ազատության մեջ գտնվող Ձեր ընկերների ու համախոհների  աջակցությունը, զգու՞մ եք նրանց Ձեր թիկունքում:

-Այո, այդ աջակցությունը զգում եմ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter