Սևակ Արծրունի. “Ջավախքի ներքին խնդիրները Հայաստանի ներքին քաղաքական շահարկումների չպետք է ենթարկել”
Այսօր "Ուրբաթ" ակումբում Ջավախքի հիմնախնդիրների և Ախալցխայում հունվարի 22-ին տեղի ունեցած հայ ակտիվիստների ձերբալակությունների շուրջ իրենց մտահոգությունն ու մեկնաբանությունները հայտնեցին "Երկիր" հայրենադարձության և հիմնավորման ՀԿ-ների միության նախագահ Սևակ Արծրունին և կազմակերպության ծրագրերի համակարգող Ռոբերթ Թաթոյանը:
Սևակ Արծրունու կարծիքով, Ջավախքի խնդիրները 2000 թվականից հետո են փոխել իրենց նկարագիրը: Եթե մինչ 2005թ.-ը ջավախքցիները ինքնաբուխ անկախություն էին պահանջում, ապա 2005թ-ից դրությունը փոխվեց. վրացահայությունը վրացական իշխանություններից արդեն պահանջում է հաշվի նստել իրենց էթնիկ իրավունքների հետ:
"Երկիր" միությունը իր գործունեությունը Ջավախքում սկսել է հենց 2005թ-ին: Միության կազմակերպած սեմինարի, հետագայում զեկուցման տվյալներից պարզվել է, որ Վրաստանը իր ստորագրած միջազգային պայմանագրերից և ոչ մեկը չի կատարում հայ փոքրամասնության, և ընդհանրապես այլ փոքրամասնությունների նկատմամբ: "Վրացիները Նորաշենի սկանդալներից և 2006թ.-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո հասկացան, որ անխուսափելի է հայերի հետ բանակցելը և նրանց էթնիկ խմբի հետ հաշվի չնստելը",-համոզված է "Երկիր" միության նախագահը: Նա նշեց, որ հայ էթնիկ փոքրամասնության խնդիրները հետզհետե ստանում էին լայն միջազգային հնչեղություն, որից ձերբազատվելու համար վրացական իշխանությունները կազմակերպեցին հուլիսյան ձերբակալությունները: "Չախալյանի դատավարությունը արդեն միջազգային տարբեր կառույցների ուշադրության կենտրոնում է: Ըստ երևույթին, վրացիները սկսեցին իրենց գործունեության ուղղությունը փոխել, և անցյալ շաբաթ տեղի ունեցան Ախալցխայի դեպքերը,-նշեց Սևակ Արծրունին` շեշտելով, որ Ախալցայում ձերբակլվածներից և ոչ մեկը քաղաքական գործիչ չեն, երկուսն էլ սովորական գործիչներ են, որոնք զբաղվում են հայերեն լեզվի, մշակութային, մարդասիրական ծրագրեր իրականացնելով:
Երկիր մոիթյան բանախոսները նշում են, որ Ախալցխայի ձերբակալությունների միջոցով Վրաստանի իշխանությունները ջավախքահայերին փորձում են ներքաշել անջատողական ծայրահեղական գործողությունների մեջ, որոնց նպատակն է` Հայաստանը մեկուսացնել սևծովյան ճանապարհներից, միջազգային հանրության ուշադրությունը շեղել աղաղակող խախտումներով ուղեկցվող ջավախքյան քաղաքական ակտիվիստների դատավարություններից, Վրաստանի բնակչության ուշադրությունը շեղել նաև Օսիայում և Աբխազիայում Սահակաշվիլիի տարած բացահայտ ձախողությունից:
"Երկիր" միության ներկայացուցիչները տեղեկացրին, որ Ախալցխայի երիտասարդական կենտրոնը մշակութային է, որը ֆինանսավորվում է ՀՕՄ-ի կողմից: Վրացիների պահվածքը այս ամենում, ըստ "Երկիր" միության նախագահի, այն է, որ նրանք ուզում են Հայաստանը ավելի մեկուսանա դեպի հյուսիս, փորձում են անել այնպես, որ միջզգային հանրության մոտ ցույց տան, որ սա երկրորդ Ղարաբաղ է, որպեսզի հայերը անկախություն չպահանջեն, որ հայերը երկրորդ Աբխազիա կամ Հարավային Օսեթիա չստեղծեն: Սևակ Արծրունին ասաց, որ պետք է զգույշ լինել: Նա կոչ արեց չանել քաղաքական ծայրահեղական հայտարարություններ: Փոխարենը` աշխատանք տանել սփյուռքում, սփյուռքահայ կառույցներում և մասսայական ձևով կոչ ուղղել միջազգային հանրությանը, դեսպանատներին, ԵՄ-ին, ԵԽ-ին, ԱՄՆ-ի և ՌԴ-ի բոլոր կառույցներին` պահանջելով ճնշում գործադրել Վրաստանի վրա, որպեսզի Վրաստանը զերծ մնա անօրինական գործողություններից, ճանաչի իր էթնիկ փոքրամասնությունների իրավունքները:
Ըստ Սևակ Արծրունու` Հայաստանի իշխանությունները այս ամենում քիչ դեր ունեն, և Հայաստանից որևէ սպասելիք չպետք է ունենալ. "Հայաստանը, որպես պետություն, ունի իր գործընթացները, և դրանք չպետք է խանգարվեն, և Հայաստանը այդ պատճառով ունի սահմանափակում: Ոչ մի դեպքում Ջավախքի ներքին խնդիրները Հայաստանի ներքին քաղաքական շահարկումների չպետք է ենթարկել, մենք չենք գտնում, որ այս պայքարը պետք է տարվի Հայաստանի իշխանությունների և Վրաստանի իշխանությունների միջև",-ասաց Սևակ Արծրունին` հավելելով, որ "մենք որպես սփյուռքի տեր ազգ, միջազգային լուրջ ճնշումների հնարավորություններ ունենք, այս հացում կատարողը պետք է լինի հիմնականում սփյուռքը, Հայաստանի միջազգային կազմակերպությունները, այսինքն` քաղաքացիական հասարակությունը և ոչ թե պետական:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել