Եթերաժամ ազգային փոքրամասնություններին
Կառավարությունն ի դեմս Ազգային փոքրամասնությունների եւ կրոնական հարցերի վարչության հանդես էր եկել օրենսդրական նախաձեռնությամբ` «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում ազգային փոքրամասնությունների հետ կապված դրույթում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու համար: Նախաձեռնությունն արդեն ԱԺ-ում է եւ անցել է առաջին ընթերցմամբ:
Այսօր այդ նախաձեռնության մասին Հայելի ակումբում խոսեցին Ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչության պետ Վարդան Ասցատրյանը եւ Ազգային փոքրամասնությունների մշակութային կենտրոնի ղեկավար Ռազմիկ Խոսրոեւը:
Վ. Ասցատրյանը ասում է, որ Հայաստանը միջազգային պարտավորություն էր ստանձնել, որպեսզի ընդլայնի հեռուստատեսության եւ ռադիոյի ոլորտում ազգային փոքրամասնությունների իրավունքները: Այդ նպատակով էլ վերացվեց եթերաժամի սահմանափակումը, որը ենթադրում էր, որ Հանրային հեռուստաընկերությունը շաբաթական մեկ ժամ, իսկ ռադիոն օրական մեկ ժամ պիտի տրամադրեր ազգային փոքրամասնություններին:
Վարչության պետը գտնում է, որ նման փոփոխությունը հնարավորություն կընձեռի ազգային փոքրամասնություններին լայնածավալ հաղորդումներ ներկայացնել: Ռազմիկ Խոսրոեւը ողջունում է սահմանափակման վերացումը, քանի որ 11 ազգային փոքրամասնությունները չէին կարողանում կիսել մեկ ժամը, սակայն այսօր էլ այլ խնդիր է առաջանում.
«Ես համաձայն չեմ այն մտքի հետ, որ բոլորը կարող են օգտվել նման հնարավորությունից, քանի որ գիտեմ, որ նորից ամենաշատ օգտվողը լինելու է ռուսական համայնքը, որն ունի պոտենցիալ հնարավորությունը»,-ասում է Ռ Խոսրոեւը:
Ռ. Խոսրոեւին անհանգստացնում է, որ հաշվի չեն առել այն փաստը, որ կան ազգային փոքրամասնություններ, որոնք չունեն պետականություն` քրդեր, ասորիներ, եզդիներ. «Հայաստանում լավ վիճակում են այն փոքրամասնությունները, ովքեր ունեն պետականություն, ես գտնում եմ, որ այս երեք համայնքները էլի դուրս են մնալու, չկա անհատական մոտեցում»:
Ազգային փոքրամասնությունները նաեւ պետական աջակցություն են ստանում, սակայն բոլորը նույն չափով, ինչը եւս բողոքելու առիթ հանդիսացավ. «Այդ գումարը, որը տրամադրվում է կրթամշակութային համակարգը կարգավորելու համար, բաժանվում է հավասար, նկատի չի առվում ազգի պրոբլեմները, օրինակ հրեաների կամ հույների համայնքները փոքր են եւ շահում են` 30 հոգու պրոբլեմները տարբերվում են 30.000-ից»,- ասում է Ռ Խոսրոեւը: Ղեկավարը կարծում է, որ հեռուստառադիո հաղորդումների համար գումարը կարող է բաժանվել նույն ձեւով:
Վ. Ասցատրյանը ասում է, որ ընտրական մոտեցում ցուցաբերելու համար նախ օրենքը պետք է ներդնել, այնուհետեւ ապահովել դրա կիրառման մեխանիզմները:
Հիշեցնենք նաեւ, որ ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը օրենսդրական փոփոխությունը վտանգավոր է համարել, քանի որ, ըստ նրա, հնարավոր է նորից առաջ գա հեռուստատեսության լեզվի խնդիրը: Օրինակ ֆիլմերի ռուսական թարգմանությունը հնարավոր կլինի այս օրենքի շրջանակներում մեկնաբանել:
Սակայն Վ. Ասցատրյանը ասում է, որ եթե Ա. Աշոտյանը նման մտավախություններ ուներ, թող օրենքն ուժեղացնող առաջարկներ աներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել